106 տարի առաջ այս օրը ծնվեց իմ տատիկը, Աստղիկ Սահակի Գալստյանը։ Նա առաջին երեխան էր իր ընտանիքում, որն ապրեց՝ նախորդ վեց երեխաների մահից հետո։ Նա այնպիսի կյանք է ունցել, որ իր մասին կարելի է 10 սեզոնանոց ֆիլմ նկարել, ամեն սեզոնում 10 սերիա…
Երբ ինձ հետ խոսում են կնոջ առաջնորդությունից, ես ասում եմ՝ տատիկս առաջին կինն էր իր գյուղում, ով տաբատ հագավ, քանի որ 18 տարեկանում նշանակվել էր կողքի գյուղի դպրոցի տնօրեն, ու ձիով աշխատանքի գնալու համար տաբատը ավելի հարմար էր։
Երբ ինձ հետ խոսում են քաջությունից, ես ասում եմ, որ տատիկս 21 տարեկան էր, երբ սկսվեց համաշխարհային պատերազմը, ու քանի որ չէր ուզում, որ իր հայրը գնա պատերազմ, զինվորագրվեց կամավոր ու մեկնեց ճակատ, այնտեղ ծառայելով մինչև պատերազմի ավարտը։
Երբ իմ հետ խոսում են վշտից, ես ասում եմ, որ տատիկս կորցրեց իր առաջնեկին, բայց հետո ունեցավ չորս զավակ, և կազմեց ամուր, կիրթ ու համերաշխ ընտանիք։
Երբ իմ հետ խոսում են հարգանքից, ես ասում եմ, որ տատիկս իր տուն բերեց իր այրի ու որդեկորույս հորաքրոջը, ու խնամեց նրան մինչև կյանքի վերջ։
Երբ իմ հետ խոսում են աշխատասիրությունից, ես ասում եմ, որ տատիկս 45 տարի եղավ մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ թոշակից հետո կրթեց իր հինգ թոռներին, մինչև կյանքի վերջին ամիսը ինչ որ մի աշխատանք գտնում էր իր համար, ասելով, որ երկարակեցության գաղնիքներից մեկը մի օգտակար աշխատանքով միշտ զբաղված լինելն է։
Երբ իմ հետ խոսում են իմաստնությունից, ես ասում եմ, որ տատիկս անցավ հազար ու մի փորձանքի միջով, հաղթահարեց հիվանդությունները, պատերազմը, սովը, նախանձը, կորուստը, բայց մնաց իր բարձրագույն բարոյական արժեքներին հավատարիմ՝ ամեն ինչից վեր դասելով բարեխղճությունը ու ընտանիքը։
Նա մահացավ 99 տարեկանում, իր կողքին ունենալով իր ամբողջ գերդաստանը, բոլոր զավակներին, թոռներին, ծոռնիկին, բարեկամներին, աշակերտներին։
Մեր դաստիարակության մեջ տատիկս շատ մեծ ներդրում ունեցավ։ Նա շատ էր մեզ հետ խոսում, պատմություններ պատմում, փոխանցում մեզ աշխարհի բառն ու բանը։
Բայց այսօր ես կխոսեմ նրա մեկ այլ արժանիքի մասին։
Ժանյակի։
Որքան որ ինձ հիշում եմ, հանգստի ժամին տատիկս կամ ընթերցում էր, կամ ժանյակ էր գործում։ Մինչև 93 տարեկան, մինչև արդեն տեսողությունը դավաճանեց իրեն, նա ասեղնագործում էր։
Գործում էր թաշկինակներ, սփռոցներ, մետաքսաթել կամ բամբակի սպիտակ թելերից։
Այս նկարում պատկերված է տատիկիս կողմից ասեղնագործված մի սփռոց, որը գրեթե 70սմ լայնք ունի, ու դրանով են ծածկել ծնողներիս հարսանեկան սինին
Երևի նախախնամություն է, որ թեև ստացա ֆինանսիստի մասնագիտություն, աշխատեցի բանկերում, ՏՏ ոլորտում, ի վերջո գտա ինձ հայկական մշակույթի մեջ, ու հատկապես այսքան սիրեցի հայկական ձեռագործ արվեստը։
Ու հետևաբար, տիկնայք և պարոնայք, ես ամեն բան անելու եմ, որ հայկական ձեռագործ արվեստը պահպանվի, շարունակվի, ու հանրահռչակվի որպես հայկական։
Ու դա անելու եմ առաջին հերթին քեզ համար, տատիկս, իմ հերոս, իմ սիրուն, իմ իմաստուն տատիկ, քեզ այնքան շատ եմ այս օրերին կարոտում…
Շնորհավոր երկնային ծնունդդ