Կյանքի ծնունդը ճանապարհին…
Գորիսի շտապօգնության թիմի շնորհիվ աշխարհ եկավ Արցախից տարհանված Աղաջանյանների 8֊րդ բալիկը` Մանեն։
Փետրվարի 21-ին Շտապօգնությունում Տեղ համայնքից կանչ է գրանցվել։ Հղի կնոջ մոտ սկսվել էին ծննդաբերական ցավերը, և անհրաժեշտ էր նրան հնարավորինս արագ տեղափոխել հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժին։
Շտապօգնության թիմը՝ բուժակ Արմեն Խաչատրյանը և վարորդ Արտակ Բաբայանը, առանց հապաղելու մեկնել են կանչի վայր։ Մայրիկին ցուցաբերվել է անհրաժեշտ նախնական բուժօգնություն, և սկսվել է տեղափոխումը դեպի հիվանդանոց։ Սակայն ճանապարհին իրավիճակը փոխվել է․ փոքրիկը շտապել է լույս աշխարհ գալ՝ չսպասելով հիվանդանոց հասնելուն։
Այդ պատասխանատու պահին բուժակ Արմեն Խաչատրյանը ցուցաբերել է բարձր մասնագիտական պատրաստվածություն և արագ կողմնորոշում։ Նրա անմիջական մասնակցությամբ և ճիշտ գործողությունների շնորհիվ շտապօգնության մեքենայում բարեհաջող ընդունվել է ծնունդը։ Աշխարհ է եկել առողջ փոքրիկ, իսկ մայրիկի վիճակը եղել է կայուն։
Դրանից հետո մայրն ու նորածինը ապահով կերպով տեղափոխվել են Գորիսի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժին, որտեղ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական հսկողություն։ Բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցի գնահատմամբ՝ թե՛ մայրիկի, թե՛ երեխայի վիճակը լավ է։
Այս պատմությունը ևս մեկ անգամ վկայում է շտապօգնության ծառայության կարևորության և բուժաշխատողների նվիրումի մասին։ Նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու պատասխանատվությունը ամեն օր փրկում են կյանքեր և ապահովում կյանքի ամենակարևոր հրաշքի՝ ծննդի անվտանգ ընթացքը։