Հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկապետ, զորավար Անդրանիկի ծննդյան օրն է այսօր՝ փետրվարի 25-ին։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի ու մշակույթի տան աշխատակիցները, մտավորականներ ծաղիկներ են դրել Անդրանիկի հուշարձանին, որ գտնվում է Գորիսի տներից մեկի բակում։ Այդ տանը զորավարն ապրել է 1918-1919 թվականներին։
Անդրանիկն էր, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնեց Արցախի ու Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար»․ Անդրանիկի խոսքերն են, որոնց ճշմարտացիությունը նրա մարտական փառահեղ դրվագների մեջ է։