«Անժելայի սապոգները»․ մի բաժակ թեյի ջերմ պատմություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Անժելայի սապոգները» (գրական ժպիտ)

Աշնանային մառախլապատ օր էր, մեղմ մաղում էր անձրևը։ Գորիսի թիվ 4 ՆՈՒՀ-ի կոլեկտիվը նախապատրաստվել էր նշելու Ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ը։ Կանայք մտածում էին, որ եղանակի պատճառով կարող էր հետաձգվել միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել գորիսյան շքեղ բնության գողտրիկ անկյուններից մեկում՝ գազի աշխատող Արամին նվիրված աղբյուրում։

Տարակուսած հայացքների ներքո՝ ես նստեցի մեքենան և վարորդին առաջարկեցի մտնել մանկապարտեզի բակ, վերցնել հավաքված կանանց ու համապատասխան իրերը։ Կանայք սկսեցին աշխուժանալ ու իրերը տեղավորել մեքենայում, այդ թվում՝ ինքնաեռը։ Նախապես բուժքույր Ալինան ու նրա ամուսինը՝ Վոլոդյան, տեղանքը մաքրել, կահավորել էին, երբ տեղ հասանք՝ նրանք ուրախ ժպիտներով դիմավորեցին մեզ։ Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ գիտեր իր անելիքը, և նրանք արագ անցան իրենց պարտականությունների կատարմանը։ Ինչպես մյուս միջոցառումներին, այս անգամ ևս ես և դաստիարակ Անժելան զբաղվեցինք խորովածի պատրաստման աշխատանքներով։

Ամեն ինչ շատ ուրախ էր, ջերմ, մտերմիկ, ընկերական մթնոլորտ էր տիրում։ Բոլորը մոռացել էին եղանակի անբարենպաստ լինելը։ Բնության գեղեցիկ գունային գամման իր դերն էր կատարում մարդկանց հոգեկան վիճակի վրա։ Մի քանիսը գնացին պոպոկ, դաղձ, ուրց, չաման հավաքելու՝ կարկաչող առվակի եզրերից։ Ընկերական զրույցները, ընտանիքի անդամների, երեխաների մասին մանրապատումները, հումորները մոռացության էին տվել առօրյա կենցաղային հոգսերը։ Ուրախ, տոնական սեղանի շուրջ կանայք ավելի նպատակասլաց էին վերաբերում հասարակական կյանքի երևույթներին, մարդկային հարաբերություններին, աշխատանքային պարտականություններին, երեխաների նկատմամբ ունեցած սիրուն ու նվիրվածությանը։

Արարողության ավարտին նկատեցի մեքենայի մեջ դրված, մոռացված ինքնաեռը, որը եղանակի պատճառով չէին հանել՝ մտածելով, որ կրակը չի կարող վառվել անձրևի տակ։ Հանձնարարեցի ինքնաեռի կրակ վառող «վարպետներ» Ռիտային և Վարդիթերին կրակ վառել։ Կանայք շատ ջանքեր թափեցին. կրակը չէր վառվում։ Բոլորը համակ ուշադրությամբ ինքնաեռի կրակի վառվելուն էին սպասում, բայց կրակը հուր չէր տալիս։ Այդ ընթացքում աչքս ընկավ դաստիարակ Անժելայի հագած սապոգներին (երկարաճիտք կոշիկներ), որոնք նոր էր գնել։ Երկմտանքս տեղի տվեց, կամքս հաղթեց և խնդրեցի Անժելային հանել սապոգները՝ կրակին հուր տալու համար։

Անժելան անակնկալի եկավ, մի պահ մտածեց և կանանց հայացքների ներքո հանեց սապոգները և տվեց ինքնաեռի կրակը վառել փորձող կանանց։

Մի քանի րոպեի ընթացքում, կրակին սապոգներով հուր տալով, այն սկսեց բոցկլտալ ու վառվել։ Կանայք ուրախացան, ողջագուրվեցին Անժելային, մաղող անձրևի տակ սկսեցին թռչկոտելով պարել։ Վառվող ինքնաեռի պլպլտացող ջրի մեջ հավաքված դեղաբույսերը ավելացրեցին․ անմահական թեյը պատրաստ էր՝ ի շնորհիվ Անժելայի մեծահոգության, կոլեկտիվի անդամների հանդեպ ունեցած մեծ սիրո։ Ինքնաեռի շուրջ հավաքված կանայք ըմպում էին բուրավետ ու բուժիչ թեյը և պատմություն հյուսում դաստիարակ Անժելայի և նրա մարդկային կերպարի շուրջ։

Ուրախ միջոցառումն ավարտվեց թեյախմությամբ. մանկապարտեզի պատմության հուշամատյանում լուսավոր ու պայծառ էջ գրվեց։

Որպես երախտիքի նշան՝ մենք Անժելայի ծննդյան օրը նրան նվիրեցինք գեղեցիկ կոշիկներ՝ ի հատուցում կորուսյալ սապոգների։

Դաստիարակ Անժելայի կերպարով հարստացան թիվ 4 ՆՈՒՀ-ի պատմության էջերը։ Անժելային սիրել են, գնահատել, մեծարել։ Նրա սաներն այսօր մեր հասարակության լիարժեք քաղաքացիներ են դարձել։

Տարիները գլորվել-գնացել են, կոլեկտիվի նախկին անդամներն անցել են վաստակած հանգստի, բայց երբ տարբեր առիթներով հավաքվում են, հանդիպումները սկսվում և ավարտվում են Անժելայի սապոգների պատմությամբ։

Զոյա Շեգունց,

Գորիսի համայնքապետարանի թիվ 4 ՆՈՒՀ-ի նախկին տնօրեն 1990-2015թթ

05․10․2012թ․

Ք. Գորիս

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել