Ուզում եմ կիսվել Ակսել Բակունցի մասին մի կարևոր նորությամբ․ լույս է տեսել նրա «Միրհավ» պատմվածքի անգլերեն թարգմանությունը, որն իրականացրել է ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation-ի փորձառու թարգմանչուհի, մանկավարժ Հասմիկ Հովակիմյանը։
Թարգմանությունը հաջողությամբ պահպանում է Բակունցի պատկերային աշխարհի նրբությունը, զգայական խորքերն ու լեզվական հնչերանգները՝ դրանք հասանելի դարձնելով նաև օտարալեզու ընթերցողին։
Հատկանշական է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հրատարակությունը երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ՝ դպրոցներում գործածության համար, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է աշխատանքի որակն ու կրթական նշանակությունը։
Հրատարակությունը ներկայացված է ինքնատիպ ու ժամանակակից ձևաչափով՝ գիրք, աշխատանքային տետր և աուդիոգիրք՝ QR կոդերով հասանելի ձայնային նյութերով։ Այս մոտեցումը գրքին հաղորդում է կենդանի շունչ և հնարավորություն տալիս արդյունավետ կիրառվելու թե՛ դասարանում, թե՛ ինքնուրույն ընթերցման ընթացքում։
Թարգմանչուհու առաջարկով հեղինակել եմ գրքի #առաջաբանը, որում ներկայացրել եմ Բակունցի ստեղծագործական դիմանկարը՝ գրական մտածողությունը, աշխարհայացքային հենասյուները և հայ արձակում նրա առանձնահատուկ տեղը։
Գիրքը ձևավորված է տպավորիչ ու որակյալ արտանկարներով, որոնք նրբորեն լրացնում և ամբողջացնում են տեքստը։
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հասմիկ Հովակիմյանին այս հրաշալի նախաձեռնության համար, որը կատարել է մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ՝ ի շահ Ակսել Բակունցի գրական ժառանգության ճանաչման, արժևորման ու հանրահռչակման։