Հիդրոպոնիկ համակարգեր՝ Սյունիքի ագրոխնդիրների պատասխանը. հարցազրույց Անի Յուզբաշյանի հետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
created by Polish

Ի՞նչ անել, երբ քո հարազատ մարզը բախվում է ծանր փորձությունների, իսկ ավանդական գյուղատնտեսությունն այլևս բավարար չէ։ Բաղակաց կրթական կենտրոնի սան Անի Յուզբաշյանը չսպասեց պատրաստի լուծումների. նա ստեղծեց «ԱգրոՍյունիքը»։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է սովորական դասի ժամանակ ծնված գաղափարը վերածել միջազգային Social Impact Award (SIA) մրցույթի հաղթող նախագծի և հիդրոպոնիկ համակարգերի միջոցով նոր շունչ տալ Սյունիքի ագրոոլորտին։ Անին վստահ է՝ փոփոխությունը սկսվում է պատասխանատվություն ստանձնելուց։

Ինչպե՞ս ծնվեց «ԱգրոՍյունիքը» ստեղծելու գաղափարը և ինչո՞ւ հենց Սյունիքի մարզում։

2020–2023 թվականներին հայ–ադրբեջանական հակամարտության հետևանքով Սյունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտը կրեց լուրջ և համակարգային հարված։ Մոտ 5000 ֆերմերներ ստիպված հետ բերեցին իրենց տնտեսությունները Արցախի ազատագրված տարածքներից՝ բախվելով անասնակերի կտրուկ թանկացմանը, արոտավայրերի զգալի կրճատմանը և արտադրական շղթայի խաթարմանը։ Այս իրողությունները հատկապես ծանր ազդեցություն ունեցան փոքր և ընտանեկան ֆերմաների վրա՝ վտանգի տակ դնելով նրանց կենսունակությունը և տնտեսական կայունությունը։

Տեղում՝ թե՛ սեփական ընտանեկան տնտեսության շրջանակում, թե՛ համայնքային մակարդակում, ես սկսեցի խորքային վերլուծություն կատարել և շատ հստակ գիտակցեցի մեկ առանցքային խնդիր․ մենք շարունակում ենք զբաղվել գյուղատնտեսությամբ այնպես, ինչպես զբաղվել ենք հարյուրավոր տարիներ առաջ՝ գրեթե առանց էական փոփոխությունների, այն դեպքում, երբ աշխարհը զարգանում և փոխվում է ամեն վայրկյան։ Պատերազմից հետո հաճախակի շփվելով փոքր տնտեսվարողների և երիտասարդների հետ՝ ես ավելի հստակ տեսա, թե որքան խոցելի է դարձել Սյունիքի ագրոոլորտը՝ ոչ միայն ռեսուրսների, այլև գիտելիքի, նորարարության և զարգացման հնարավորությունների տեսանկյունից։

Այդ շրջադարձային փուլում Բաղակաց կրթական կենտրոնում գյուղատնտեսության դասընթացի շրջանակում մեր դասախոսը ներկայացրեց հիդրոպոնիկ և ակվապոնիկ համակարգերի հնարավորությունները։ Այդ թեման դարձավ մեկնարկային կետ՝ ոլորտի խորքային ուսումնասիրության համար։ Քայլ առ քայլ ես սկսեցի հասկանալ, թե ինչպիսի մեծ ներուժ կարող է բացել նորարարական հիդրոպոնիկ համակարգերի կիրառումը հատկապես անասնակերի արտադրության ոլորտում՝ ապահովելով բարձր արդյունավետություն, կայուն արտադրություն և կախվածության նվազում արտաքին ռեսուրսներից։

Հետագա ամիսներին բազմաթիվ ուսումնասիրությունները, ագրոոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, աջակիցներիս և գործընկերներիս հետ համատեղ աշխատանքը գաղափարը դարձրեցին ձևավորված և իրագործելի նախագիծ։ Առաջին լուրջ հնարավորությունը ԱգրոՍյունիքի մասին պատմելու և այն փորձագիտական միջավայրում զարգացնելու համար դարձավ Social Impact Award միջազգային մրցույթը։ Ինտենսիվ ինկուբացիոն փուլը, ոլորտի լավագույն մասնագետների հետ աշխատանքը և շարունակական մենթորությունը նախագծին տվեցին հստակ կառուցվածք և ռազմավարական ուղղություն։

Արդյունքում «ԱգրոՍյունիքը» հասավ եզրափակիչ փուլ և 2024 թվականին ընտրվեց Հայաստանի չորս հաղթող նախագծերից մեկը, և հնարավորություն ստացանք նախագիծը ներկայացնել SIA գագաթնաժողովին՝ Գերմանիայում։ Այդ պահը ոչ միայն հաջողություն էր, այլև հաստատում, որ Սյունիքում ծնված խնդիրներին հնարավոր է պատասխանել տեղում՝ նորարար, կայուն և երկարաժամկետ լուծումներով։ Հենց այս ճանապարհն էլ դարձավ «ԱգրոՍյունիքի» ստեղծման իրական և ոգեշնչող պատմությունը։

Սյունիքը երբեք պարզապես տարածք չի եղել ինձ համար․ այն իմ տունն է, իմ պատասխանատվության տարածքը, այդ իսկ պատճառով էլ գաղափարը չէր կարող ծնվել այլ տեղում։ Այստեղ խնդիրները տեսանելի են, բայց միաժամանակ այստեղ կա մեծ ներուժ՝ նորարար լուծումները արագ փորձարկելու և իրական ազդեցություն ստեղծելու համար։

Ո՞րն էր այն հիմնական խնդիրը կամ բացը Սյունիքի ագրոոլորտում, որը Դուք ուզում էիք լրացնել՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական կարիքները։

Սյունիքի ագրոոլորտում այսօր ամենախորքային բացը պայմանավորված է արդյունավետության և ժամանակակից մոտեցումների բացակայությամբ։ Խոսքը միայն տեխնոլոգիաների չկիրառման մասին չէ, այլ այնպիսի տարրական և տարիներով կուտակված խնդիրների, որոնք այլևս անհատական լուծումներ չեն ընդունում և պահանջում են համակարգային, երկարաժամկետ մոտեցում՝ սկսած արտադրության արդյունավետությունից մինչև ռեսուրսների խելամիտ կառավարում։

Միևնույն ժամանակ, մարզի երիտասարդների զգալի մասը գյուղատնտեսությունը չի ընկալում որպես զարգացման, ինքնադրսևորման կամ ապագայի կայուն ոլորտ։ Այս վերաբերմունքը հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ երիտասարդների համար իրական հնարավորությունները տարեցտարի նվազում են, իսկ գյուղատնտեսությունն ունի չօգտագործված հսկայական ներուժ։ Արդյունքում ձևավորվում է փակ շրջան՝ ոլորտը մնում է առանց նոր մտածողության, իսկ երիտասարդները՝ առանց տեսանելի հեռանկարի։

«ԱգրոՍյունիքը» ձևավորվել է հենց այս երկու խնդիրների խաչմերուկում՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել գյուղատնտեսությունը որպես ժամանակակից, արդյունավետ և գրավիչ ոլորտ։

Ի՞նչ դեր ունեցավ Social Impact Award-ի մրցանակը գաղափարը պարզապես տեսլականից կյանքի կոչելու գործում։

Social Impact Award-ի մրցանակը առանցքային դեր ունեցավ այն փուլում, երբ գաղափարը դեռևս գտնվում էր տեսլականի մակարդակում և անհրաժեշտ էր այն վերածել գործնական ու կենսունակ նախաձեռնության։ SIA-ն «ԱգրոՍյունիքին» տվեց ոչ միայն սկզբնական ֆինանսական աջակցություն, այլ առավել կարևոր՝ հստակ կառուցվածք, ռազմավարական մտածողություն և հասանելիություն ոլորտի լավագույն մենթորներին ու փորձագետներին։ Ինտենսիվ ինկուբացիոն շրջանի ընթացքում նախագիծը ձևավորվեց որպես բիզնես և սոցիալական բաղադրիչները հավասարակշռող մոդել՝ հստակ սահմանված նպատակներով, չափելի ազդեցությամբ և զարգացման տեսլականով։

Միաժամանակ մրցանակը դարձավ վստահության և լեգիտիմության հզոր ազդակ՝ թե՛ գործընկերների, թե՛ համայնքների, թե՛ ներդրողների համար։ 2024 թվականին Հայաստանի հաղթող նախագծերից մեկի ճանաչվելը հաստատեց, որ Սյունիքում ծնված գաղափարը ունի ոչ միայն տեղային, այլ նաև միջազգային արժեք և կիրառելիություն։ Այդ պահից «ԱգրոՍյունիքը» դադարեց լինել պարզապես գաղափար և դարձավ իրական նախաձեռնություն՝ պատրաստ ընդլայնվելու, փորձարկվելու և երկարաժամկետ ազդեցություն ստեղծելու համար։

Առաջին մրցանակը

Որո՞նք են եղել ամենամեծ դժվարությունները գաղափարը սկսելիս և զարգացնելիս՝ հատկապես ագրոոլորտում նորարարություն ներդնելու առումով։

Այսօր էլ այդ մարտահրավերները ամբողջությամբ չեն վերացել։ Ագրոոլորտում նորարարություն ներդնելը շարունակում է մնալ ռիսկային, հատկապես այն միջավայրում, որտեղ տարիների փորձը հաճախ գերակայում է փոփոխության պատրաստակամությանը։ Մենք դեռ աշխատում ենք 20–30 տարվա փորձ ունեցող ֆերմերների հետ՝ քայլ առ քայլ ցույց տալով, որ գոյություն ունեն ավելի արդյունավետ լուծումներ և որ փոփոխությունը կարող է լինել վերահսկելի ու շահավետ։

Ռիսկերը պահպանվում են, սակայն «ԱգրոՍյունիքը» ամեն ինչ անում է և շարունակելու է անել՝ ապացուցելու համար, որ նորարար մոտեցումները կարող են գործել Սյունիքի պայմաններում։ Մեր հիմնական նպատակը մնում է նույնը՝ վստահության ձևավորում, գործնական արդյունքների ցուցադրում և այնպիսի մոդելի ստեղծում, որը հնարավոր լինի աստիճանաբար ընդլայնել համայնքային մակարդակում։

Ի՞նչ դեր ունեցավ «Բաղակաց Կրթական Կենտրոնը» նախագծի կայացման գործում։

Այս պատմությունը փաստացի սկսվում է հենց Բաղակաց կրթական կենտրոնի ուսանող լինելու պահից։ Գյուղատնտեսության դասընթացի ընթացքում ներկայացված հիդրոպոնիկ և ակվապոնիկ համակարգերի վերաբերյալ նյութը դարձավ այն կորիզը, որի շուրջ ձևավորվեց «ԱգրոՍյունիքի» գաղափարական առանցքը։

Գաղափարի փուլից մինչ այսօր իմ դասախոսների կողմից ցուցաբերված աջակցությունը անչափելի և անգնահատելի է։ Բաղակացը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցում չէ, այլ շարունակական ուղեկցում, քննադատական դիտարկումներ, ուղղորդում և հավատ նախագծի ներուժի նկատմամբ։ Առանձնահատուկ արժեք ունի նաև այն կապերի և հնարավորությունների ցանցը, որը ձևավորվում է Բաղակաց կրթական կենտրոնի շրջանակներում և հաճախ դուրս է գալիս կրթական միջավայրի սահմաններից՝ բացելով համագործակցության, փորձագիտական շփումների և զարգացման նոր հարթակներ։ ԱգրոՍյունիքի հավերժ ընկերն ու գործընկերն է Բաղակաց կրթական կենտրոնը։

Ներկայումս որո՞նք են «ԱգրոՍյունիքի» ամենակարևոր ծրագրերը կամ արտադրանքները։

Ներկայումս «ԱգրոՍյունիքը» կենտրոնացած է մի քանի ռազմավարական ուղղությունների վրա։ Առաջին և հիմնական ուղղությունը հիդրոպոնիկ համակարգի շարունակական կատարելագործումն է, որպեսզի կարողանանք աշխատել ավելի մեծ ծավալներով՝ հատկապես գարու անասնակերի արտադրության համար։ Մեր նպատակն է ստեղծել ԱգրոՀաբ՝ տեխնիկապես կայուն և մասշտաբավորված մոդել, որը կհամապատասխանի Սյունիքի պայմաններին և ֆերմերների իրական պահանջներին։

Միաժամանակ ակտիվորեն զարգացնում ենք միկրոկանաչիների արտադրության ուղղությունը՝ կարևորելով, որ առաջիկա երկու տարիների ընթացքում արտադրանքը ամբողջությամբ դուրս գա շուկա։ Այս ոլորտում արդեն աշխատում ենք արտադրական շղթայի ընդլայնման վրա և ունենք մի շարք նոր ապրանքային ուղղություններ, որոնց մասին կխոսենք ավելի ուշ։

Բացի արտադրությունից, «ԱգրոՍյունիքում» ամբողջությամբ ձևավորված է խորհրդատվական ծառայությունների փաթեթը, որը նպատակ ունի աջակցել ֆերմերներին և սկսնակ ագրոձեռնարկատերերին արդյունավետ և ժամանակակից լուծումներ կիրառելու հարցում։ Վերջին կարևոր քայլերից մեկն էլ մեր համագործակցությունն է Organic Armenia-ի հետ, որի շրջանակում արդեն մեկնարկել ենք հապալասի արտադրությունը։

Հապալասի առաջին տնիկները Խնձորեսկում

Որտե՞ղ եք տեսնում «ԱգրոՍյունիքը» առաջիկա 5 տարում։ Ի՞նչ նպատակներ ունեք մարզի զարգացման հետ կապված։

Ուրախությամբ կարող եմ նշել, որ մոտ ապագայում «ԱգրոՍյունիքը» մեկնարկելու է իր դրամահավաքը ReArmenia հարթակում, որը մեզ համար կարևոր ռազմավարական հնարավորություն է՝ հաջորդ զարգացման փուլն իրականացնելու ուղղությամբ։ Առաջիկա հինգ տարիներին «ԱգրոՍյունիքը» նպատակ ունի ձևավորվել որպես նորարարական լուծումներով համալրված ագրոհաբ՝ կենտրոնանալով հիդրոպոնիկ համակարգերի ընդլայնման, մասշտաբավորման և դրանց համակարգային կիրառման վրա։

Մեր տեսլականն է, որ Սյունիքը դառնա Հայաստանի համար կայուն և նորարար գյուղատնտեսության օրինակելի մոդել՝ ապացուցելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների և տեղային փորձի համադրությունը կարող է ապահովել երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ազդեցություն։ Այս ուղղությամբ մեր կարողությունների զարգացումն արդեն իսկ հիմնվում է միջազգային փորձի վրա․ վերջերս անցել ենք վերապատրաստում՝ հիմնված հունգարական առաջատար ագրոտեխնոլոգիական մոդելների վրա, և այդ մասնագիտական զարգացումը լինելու է շարունակական՝ որպես «ԱգրոՍյունիքի» ռազմավարության առանցքային բաղադրիչ։

Ջերմատուն Հունգարիայում, որին ծանոթացանք մեր այցի շրջանակում

Ի՞նչ ուղերձ կուղղեիք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են հիմնել սոցիալական ձեռնարկություն Հայաստանում։

Այսօր Հայաստանում մենք կանգնած ենք երիտասարդների չզբաղվածության շատ լուրջ խնդրի առաջ, և եթե շարունակենք անտարբեր մոտեցումը, առաջիկայում դրա հետևանքները կարող են լինել խորքային և երկարաժամկետ։ Սակայն իմ ուղերձը երիտասարդներին առաջին հերթին հուսադրող է․ պետք չէ վախենալ ձեռնարկատիրական գործունեություն սկսելուց, հատկապես սոցիալական ուղղվածությամբ։ Դուք ծնվել եք այս երկրում ոչ պատահականորեն, այլ հենց այստեղ ազդեցության գոտի ստեղծելու հնարավորությամբ։

Արտադրեք, գործեք, ստեղծեք ձեր ներկայությունը մեր երկրում, որովհետև փոփոխությունները սկսվում են հենց այն մարդկանցից, ովքեր որոշում են պատասխանատվություն վերցնել իրենց համայնքի և երկրի ապագայի համար։

Նորարար Ագրոսյունիքի գործունեությանը կարող եք ծանոթանալ նախաձեռնության Ֆեյսբուքյան էջից․
https://www.facebook.com/profile.php?id=61571719919557&sk=photos

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել