Ինչո՞ւ Գորիսը ստեղծվեց հենց ներկայիս Գորիսի տարածքում, ավելի շուտ հենց Շենի շուրջ եւ ոչ օրինակ Վերիշենի։
Չէ՞ որ այն կարող էր ստեղծվել առնվազն Շինուհայր կամ Խնձորեսկ բնակավայրերին կից, որոնք ժամանակին շատ ավելի զարգացած եւ բնակեցված են եղել։
Ես կարծում եմ, որ հիմնական գաղտնիք էն է, որ Շենում է «նստել» Քարաշենից֊Շինուհայր տարածաշրջանի գյուղերի Մելիքը՝ Մելիք Օհանը (1750-ականներ) եւ հետո նրա ժառանգները։
Մյուս գաղտնիքը շուկան է եղել։
Բայց ինչո՞ւ է շուկան հենց Մելիքի նստավայրի կից բնակավայրում եղել։
Բնականաբար առանցքային պատճառներից մեկը շուկայի անվտանգությունը եւ շուկայում գործող արդար օրենքներն են եղել, որը նպաստել է, որ Սեւանի ավազանից մինչեւ Արաքս ընկած հատվածում Գորիսի շուկան եղել է ամենամեծն ու պահանջվածը։
Բնականաբար այդ պայմաններն էլ ձեւավորվել է հենց Մելիքական տան անմիջական վերահսկողության ներքո։
Շուկան կամ ինչպես կարելի է ասել առևտուրը Շենի շուրջ զարգացել է նաեւ ա՛յն պատճառով, որ Մելիք Օհանը սերում է միջնադարի Սյունյանց վաճառականների տոհմից եւ նրա պապերը հայտնի են ոչ միայն որպես Մելիք Լալա, կամ Մելիք Եղիազար կամ Մելիք Բաղիր, այլ նաեւ Խոջա Լալա, Խոջա Ղազար եւ Խոջա Բաղիր։
Հենց շուկայական գիտելիքները, ինչպես նաեւ խոջայական ցանցերի հետ ունեցած կապերն էլ կարող էին իրենց դերակատարությունն ունենալ, որ Շենի շուրջ զարգանա շուկան։
Հետո արդեն մելիքկական իշխանությանն իր հարվածը խփեց Ցարական Ռուսաստանը ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում։
Գորիսում մասնավորապես դա իր արտացոլումը գտավ 1851թ․֊ին, երբ ստիպեցին որ իշխանությունը չպետք է լինի ժառանգական, այլ պիտի լինի ընտրովի։
Էդ ժամանակ Մելիք Հարությունը «նեղանում է» եւ հրաժարվում կառավարումից։ Հետաքրքիր է նաեւ, որ այդ ժամանակ Գորիսում արդեն ձեւավորված է եղել այնպիսի էլիտա, որը կարողացել է Մելիք Թյունիին համարժեք կշիռ ձևավորի։ Սա արդեն խոսում է բնակավայրի զարգացվածության եւ բուրժուական խավի ձեւավորման մասին։
Բակունցը Կյորեսում հետաքրքիր ձեւով է ակնարկում այդ ժողովը․
«Կային այդպիսի բեյեր՝ հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին Տաթևի վանքից, խանի ժամանակներից և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ։»
Մոտ 20 տարի հետո արդեն գորիսեցիները Մանուչար Բեկի գլխավորությամբ նամակ են գրում, որպեսզի Գորիսին քաղաքի սատուս տան եւ սկսեն նոր քաղաքի կառուցումը։ Ի դեպ, Մանուչար Բեկը Մելիք Հարությունի որդին է։
Նա ղեկավարում է Գորիսը մինչեւ 1900֊ականների սկիզբը։ Լուսանկարում Մանուչար Բեկն է։
Եվ էլի ուզում եմ կրկնել, Գորիսի քաղաքային պատմությունը գլխովին մոռացվեց սովետական տարիներին, քանի որ հատուկ քարոզչություն իրականացվեց արդեն ԽՍՀՄ իշխանությունների կողմից, որպեսզի գորիսեցիները ամբողջովին կտրվեն իրենց արմատներից։
Սրա հիմնական պատճառներից մեկն էն է, որ Սյունիքը ամբողջ ԽՍՀՄ տարածքում ամենավերջին աբստամբող օջախն է եղել եւ այստեղի ժողովուրդի այդ ունիկալ հատկությունը պայմանավորված է խորը արմատներով, որոնք չէին կարող չահանգստացնել սովետական հատուկ ծառայություններին։
ԽՍՀՄ հեղափոխական հատուկ ծառայությունները 1920-ականների Զանգեզուրի ռազմաքաղաքական էլիտային սպանեցին կամ սեւացրեցին, հալածեցին զանազան շինծու պատմություններով, որոնցից շատերը նույնիսկ ցայսօր երբեմն երբեմն հիշվում են տարբեր մարդկանց կողմից։ (Սրանք հավանաբար դեռ պահպանում են իրենց հոգևոր կապը սովետական հատուկ ծառայությունների հետ)։
Ես նաեւ էս համատեքստում եմ տեսնում հին գյուղերի վերաբնակեցման գործընթացը նոր տարածքներում։ Հիմա ասում են, որ դրա նպատակը ձորերից հարթավայրեր անցնելն է, բայց ես կարծում եմ, որ դրա նպատակներից մեկն էլ եղել է ժողովուրդին իրենց տնից հանելը եւ հազարաշեն(հազար տարվա տուն) տների հետ ունեցած հոգևոր կապը կտրելը։ Բայց սա առանձին թեմա է, որին հատուկ գրառմամբ կանդրադառնամ։
Ես շատ կուզենամ, որ մեր քաղաքացիները կամաց կամաց վերաբացահայտեին մեր քաղաքի պատմությունը եւ հիշեին այն անձանց, որոնց ղեկավարման օրոք իրականացված ճիշտ քաղաքականության շնորհիվ այսօր ունենք այն, ինչ ունենք։
Դա նաեւ ոգևորիչ պիտի լինի յուրաքանչյուր կառավարիչի համար, ով պիտի ինքն իրեն առաջինը հարց տա․ «Ի՞նչ է արվել Գորիսում իմ կառավարման օրոք»։
Եվ նա պիտի իմանա, որ այդ հարցը ոչ միայն ինքն է իրեն տալու, այլև թե՛ իր ժամանակակիցները, եւ թե՛ իրենից հետո ապրող սերունդները։