Կյորուն․ աղքատ գյուղի պատմությունը ժայռերի ու քարանձավների մեջ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
241 Views

Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորուն` սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արեւի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ երդիկից եւ հազիվ է լուսավորում քարայրի ներսը։

Ծնկներդ դողում են ու ցավում, մինչեւ նեղ կածանով Կյորու կիջնես։

-Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,- պատրաստվում ես հարցնելու հանդիպածդ գյուղացուն։

-Իրենք էլ են բեզարել։

-Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել,- ասում են գյուղացիք։

-Ղզլբաշի ժամանակ Կյորուն «պենդոտ» (բերդ) է եղել։ Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,- ասում էր մի ալեւոր։

-Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի։

«Պենդոտի» ավերակները մինչեւ այժմ էլ կան։ Ձորի երկու ափին, բարձր ժայռերի մեջ թաքստոցներ եւ անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ։ Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտ են դարսում։

Կյորուն աղքատ է, անչափ աղքատ։

Յոթանասուն ծուխն ունի մի ձի եւ մի ջորի։ Ամենից ունեւոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ, երկու լծկան եւ մի եզ։ 25 տուն լծկան ու կթան չունեն։

Հավ էլ չունեն իսկի, նրանց շեմքում կատու էլ չի մլավում։

Աղքատներն ամառը հասկաքաղ են անում մի փոքր հացով, սրա նրա արտը քաղհանում, շալակով փայտ են բերում, ծախում կամ թե հարեւան գյուղերում մշակ վարձվում։ 20 տուն գաղթել է Բագու, եւ աշխատում են նավթահորերում։ Այնտեղ նրանք ավելի լավ են ապրում, քան գյուղում եւ գյուղ վերադառնալու մտադրություն էլ չունեն։

Դպրոց չունեն։ Եկող տարվա համար որոշել են մի սենյակ պատրաստել։ Նստարանների վարձը Բագվի միությունն է խոստացել տալ։

-Վարժապետ չունենք, մեր գյուղը դժվար թե գան,- ասում են գյուղացիք։

Իրենց գյուղից մեկին ուղարկել են Բագու, որպեսզի կուրսերում ավարտի, ուսուցչության պատրաստվի։ Հիմա էլ ցենզի խնդիր կա, խեղճը շվարել է, հույս չունի, թե կը կարողանա քննություն տալ։

-Աղքատ ենք, համա գիտակից,- մի առանձին հպարտությամբ ասում է ընկեր Արամայիսը` բջիջի քարտուղարը։

Գյուղում կա 80 պիոներ, որոնք լավ կազմակերպված են, կանանց միությունը 45 անդամ ունի։ Ձմեռվա ընթացքում կանոնավոր պարապել են։

-Նոր կենցաղն սկսել է տիրապետել,- ասում է ընկ. Արամայիսը եւ պատմում, թե ինչպես է մեռնում գյուղում չքավոր մի երիտասարդ։ Քահանան պատրաստվում է թաղելու, իսկ իրենք մինչեւ լուսաբաց նստում են ու սովորում հեղափոխական երգեր, դրոշակ պատրաստում եւ առավոտյան մեծ շուքով թաղում…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել