ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՉԱՆԵՆՑԻ ՀԵՏ🔶️
🔹🔸️️Սեպտեմբերի 24-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի և թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ճանաչված արվեստագետ, գեղանկարիչ, բեմադրիչ, թատերական, հասարակական գործիչ, բանաստեղծ և գործարար Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ։
🔹🔸️️Միջոցառումը բացեց թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը` ողջունելով ներկաներին և ընդգծելով, որ նման հանդիպումները ոչ միայն մշակութային կյանքին նոր գույներ են բերում, այլև ստեղծում են ստեղծագործական երկխոսության բացառիկ հնարավորություն։
🔷️🔸️Նախորդ օրը Գրիգոր Մաչանենցին ընդունել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Քաղաքապետը շնորհակալություն էր հայտնել կազմակերպիչներին նման միջոցառում նախաձեռնելու համար, որը նպաստում է քաղաքի մշակութային կյանքի բազմազանեցմանը։ Այնուհետև Մաչանենցը շրջել էր Գորիսի մշակութային կենտրոններով՝ պատկերասրահներով, թանգարաններով, ծանոթացել քաղաքի արվեստագետներին, կոլորիտին և ստեղծագործական միջավայրին։
🔷🔸️️Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի տնօրեն, գրականագետ Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով Գրիգոր Մաչանենցին՝ հրավերը ընդունելու և իր գունեղ ներկայությունը գորիսեցիներին պարգևելու համար: Նա ընդգծեց, որ Մաչանենցը եզակի ստեղծագործական անհատականություն է, որի բազմաշերտ աշխարհում միահյուսված են նկարչությունը, բեմարվեստը և գրականությունը։ «Ես շատ էի ցանկանում, որ նրա մտքի ու հոգու գույները հասնեն մեր քաղաք, բերեն իրենց կայծերը և խթանեն նոր ստեղծագործական նախաձեռնություններ», – նշեց Մարությանը։ Անդրադառնալով Մաչանենցի պոեզիայի հիմնական գաղափարական շեշտադրումներին՝ Թեհմինա Մարությանը նշեց, որ դրանք կրում են մարդասիրական խորք, բարոյական ուժ և գեղեցիկի պաշտամունք։ Նրա գրականությունը խարսխված է հոգևոր ինքնախոստովանության և ճշմարտության որոնման վրա, ինչն էլ յուրաքանչյուր տողին հաղորդում է ներքին լարում և կենսական հավաստիություն։
🔷️🔸️Առանձին անդրադարձ կատարվեց հեղինակի վերջին ժողովածուին՝ «Իմաստության կոշիկները» խորագրով, որը Մարությանի բնորոշմամբ ոչ միայն գրական ինքնատիպ երևույթ է, այլև հոգևոր ուղեցույց․ «Գրքի հիմնական ուղերձն այն է, որ կյանքի ճանապարհի ամենաբարձր արժեքը ոչ թե փառքն է, այլ իմաստությունն ու խոնարհությունը»։
🔷🔸️️Մաչանենցը ներկայացավ նաև իր գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներով, «Ո՛չ քաղքիենությանը» կարգախոսը կրող և աշխարհը շրջած հայտնի «աթարով»։
🔷️🔸️Ներկաների հետ մեկժամյա զրույցի ընթացքում Մաչանենցը ներկայացրեց իր անցած ճանապարհը՝ հաջողության ուշագրավ բանաձևերով ու բանալիներով։ Նրա մարզային հանդիպումների նպատակը մեկն է՝ կիսվել իր փորձով, փոխանցել գաղափարներ, ոգեշնչել ու խանդավառել մարդկանց, հավատ ներշնչել սեփական ուժերի հանդեպ։ Նրա համոզմամբ՝ մարդը կարող է իր կյանքի յուրաքանչյուր միլիմետրը վերածել տիեզերքի, կերտել իր սեփական աշխարհը՝ սիրո և ստեղծարարության ուժով։
🔷🔸️️Մաչանենցը պատմեց իր հաջողությունների գաղտնիքների մասին․ սովորական քարերից ու դրանց շուրջ հյուսված լեգենդներից նա կառուցել է ինքնատիպ ստեղծագործական աշխարհ։ Սովորականին նոր որակ տալով՝ ձևավորել է յուրօրինակ հմայք ու մագնիս իր անվան ու գործի շուրջ՝ գեղեցկացնելով միջավայրը, սնուցելով հոգիները և սերմանելով ինքնատիպ գաղափարներ։ Այդ հատկանիշների շնորհիվ Էջմիածնում գործող «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկությունը՝ հռչակված որպես մշակութային բերդաքաղաք, յուրահատուկ միջավայր է, որտեղ յուրաքանչյուր մանրուքը խոսում է ստեղծագործական խիզախության և մտքի ճախրանքի մասին։
Զրույցի ընթացքում հնչեցին նաև հարցեր ու քննարկումներ՝ ինչպես հարստացնել Գորիսի մշակութային և զբոսաշրջային միջավայրը, ինչպես ձևավորել բրենդային գծեր՝ համահունչ քաղաքի կոլորիտին ու առանձնահատկություններին։
🔷️🔸️Հանդիպման վերջում Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը Մաչանենցին նվիրեց իր կտավներից մեկը, շնորհակալական խոսք ասաց և կիսվեց իր տպավորություններով։ Տպավորություններով կիսվեցին նաև մյուս ներկաները՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու և ստեղծագործական միջավայրը հարստացնելու համար։
🔶️🔹️Միջոցառումն ավարտվեց բակունցյան ավանդական թեյախմությամբ՝ օրվա մտքերի և տպավորությունների անկաշկանդ զրույցով։