Հալիձորի բերդի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
79 Views

Հալիձորի բերդի մասին

Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ և այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել և ճգնելեն 40 կույսեր, ինչպես նաև վանահայրեր:

Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ-Բեկի օրոք, անապատը վերակառուցվում և դառնում է ամրոց: Հայոց պատմության մեջ քիչ են նման դեպքերը, երբ հոգևոր արժեք ունեցող կառույցները վերափոխվում են ռազմական դիրքերի: Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրը ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցին: Բերդը պարսպապատ է, իսկ արևելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Ամրոցի պատերը հաստ են, շարված են անկանոն քարերով: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են ևկառուցված են այնպես, որ կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Հալիձորի պարիսպների մի մասը կիսավեր վիճակում է, մյուս մասը վերականգնված է: Ամրոցը ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը: Գաղտնուղին հայտնաբերվել է ամրոցի վերականգնման ժամանակ (2007-2009թթ.), հայտնաբերվել են նաև պատմական, հնագիտական, գեղարվեստական նշանակության իրեր, որոնք պատկերացում են տալիս 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարասկզբի ժամանակների մասին: Ամրոց ջուր է բերվել հեռավոր աղբյուրներից՝ կավե փողրակներով: Մի քանի փողրակ հայտնաբերվել և ցուցադրվում է Կապանի երկրագիտական թանգարանում:

Ամրոցն ունի երկու եկեղեցի: Ստորին մասում գտնվող եկեղեցին հավանաբար կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որի մասին վկայում են պատերի մեջ ագուցված նախաքրիստոնեական զարդանախշերով քարերը, քիվերը: Շատ են նաև տարածքում թափված քարի զարդանախշված դետալները, որոնք ևս վերաբերում են նախաքրիստոնեական շրջանին:

Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ քարերով: Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր, որոնք տեղադրվել են տարբեր ժամանակներում: Նույնիսկ լուսամուտների վերնամասի քարերի փոխարեն օգտագործված են խաչքարեր: Եկեղեցին ունի երկու դուռ, որոնցից մեկը տանում է սյունասրահ, մյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինություն: Եկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերը: Միջնաբերդն ունեցել է ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, օջախով խոհանոց, դիտակետեր և այլն: Այստեղ ևս շատ են վիմագիր արձանագրությունները և տարբեր ժամանակների խաչքարերը: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր:

Հալիձորի ամրոցը կարոտ է պեղումների և լուրջ ուսումնասիրության:

Հալիձորի անառիկության և հերոսական պաշտպանության մասին պատմությունից տեղեկություններ կան, թե ինչպես են թուրքերն այստեղ կորցրել մոտ տասնհինգ հազար զինվոր:

1727թ. թուրքերը պաշարում են Հալիձորը և աստիճանները մոտեցնելով բերդի պարիսպներին՝ փորձում են մտնել ներս: Բերդի քիչ թվով հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ, ոչ միայն պարսպից ցած են նետում գրոհայիններին, այլև աննկատ դուրս գալով բերդից՝ հարմար դիրքից անցնում են հակահարձակման: Խուճապի մատնված թշնամու զորքը, մեծ կորուստներ տալով, դիմում է փախուստի:

Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն:

Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել