ՄԱՇՏՈՑՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
Մայիսի 10-ին Գորիսի «Իմփակտ հաբ Սյունիք» սրահում տեղի ունեցավ Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում՝ «Մաշտոցյան հանդիպումներ» մշակութային նախաձեռնության շրջանակում։ Այն կազմակերպվել էր Բակունցի տուն-թանգարանի և «Միրհավ» հյուրանոցային համալիրի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով վերաարժևորել և հանրահռչակել Զարյանի գրական ժառանգությունը։
Միջոցառման բացման խոսքը հղեց թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ ընդգծելով Զարյանի դերը՝ որպես հայ մտավորականության եվրոպական շնչի և ինքնության համադրման խորհրդանիշ։ Այնուհետև ելույթ ունեցավ գրականագետ Թեհմինա Մարությանը՝ ներկայացնելով «Մաշտոցյան հանդիպումների» գաղափարական հիմքերն ու առաքելությունը, այն է՝ ստեղծել մշակութային զրույցի ու խորքային ընթերցման կենդանի դաշտ։ Նա նշեց, որ իրենց նպատակը պարզապես միջոցառումներ կազմակերպելը չէ: «Մենք ուզում ենք սերմանել մտքի մշակույթ՝ ձգտելով, որ Գորիսը լինի ոչ միայն մշակութային ժառանգության պահապան, այլ նաև ժամանակակից ինքնության և ստեղծարար հոգու կերտող»։ Նախաձեռնությունը ձգտելու է վերակառուցել մոռացված կամ խամրած մտահոսքերը և վերադարձնել մարդուն մշակութային գիտակցության վճիտ խորքերին։
Օրվա հյուրը և միջոցառման գլխավոր բանախոսը գրականագետ, մշակութաբան, Զարյանի ստեղծագործությունների լավագույն գիտակ Երվանդ Տեր-Խաչատրյանն էր, ով հանգամանալից ներկայացրեց Կոստան Զարյանի կենսագրությունն ու գրական ժառանգությունը՝ շեշտելով նրա փորձը՝ եվրոպական ու հայ քաղաքակրթական արժեքների խաչմերուկում ժամանակակից հայ մարդուն իր ոգեղեն կորիզով վերազգալու։ Նա խոսեց Զարյանի ստեղծագործությունների մեջ առկա հզոր ներուժի մասին՝ որպես ներքին ազատության և անհատականության հաստատման գրական ազդակ։ Նա առանձնակի շեշտեց Զարյանի գրական աշխարհում հայ ազգային ինքնության հարցադրումների համամարդկային հնչերանգները, հատուկ անդրադարձ կատարեց «Նավը լեռան վրա» վեպին:
Հանդիպմանը մասնակցում էին մտավորականներ, ուսուցիչներ, աշակերտներ, լրագրողներ, գրքի ու մտքի մարդիկ, որոնց մասնակցությամբ ձևավորվեց խորին մտորումների ու փոխադարձ ներշնչման մթնոլորտ։
Ներկաները հնարավորություն ունեցան վերամիանալու Զարյանի ներհուն մտքին ու տեսլականին՝ վերարժևորելով նրա տեղը ժամանակի մեջ։
«Մաշտոցյան հանդիպումների» այս հանգրվանը դարձավ ևս մեկ քայլ՝ դեպի գրականությունը որպես կենսական ու արդիական երկխոսություն ընկալելու ուղի։
«Մաշտոցյան հանդիպումների» #նախաձեռնող_խումբ՝
Շահեն Զեյթունցյան
Վարդան Սարգսյան
Թեհմինա Մարության
Արամ Մաշուրյան