Պատմություններ Անդրանիկի մասին. Լավ պահեք Տաթևը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Պատմություններ Անդրանիկի մասին. ԼԱՎ ՊԱՀԵՔ ՏԱԹԵՎԸ

Տաթևացի Յազուլանց Գևորգը, երբ լսեց, որ Զորավար Անդրանիկը Սիսիանից գյուղ է ժամանում, գոմից հանեց ձին, թամբեց և հրացանն առնելով, սլացավ զորագնդին ընդառաջ: Երբ հասավ սահմանագլխին, բլրագագաթին նկատեց երեք հեծյալի: Չիմացավ, թե ովքեր են, բայց մոտեցավ:

— Կա՛նգ առ, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, — նրանցից մեկը բռնեց Գևորգի ձիու սանձը:

— Տաթևից եմ: Գնում եմ զորավարին ընդառաջ:

— Մենա՞կ, — զարմացավ զինվորականը,-մի՞թե գյուղում զորավարին այլևս դիմավորող չկա:

— Կա… Ամբողջ գյուղը կդիմավորի… Իսկ ես նախապես եկա, որ նրան իմ տունը առաջինը տանեմ, — բացատրեց Գևորգը:

— Դե, հետևիր մեզ, — զինվորներն աշխուժացան և շրջեցին ձիերը:

Զորքը հանգստանում էր Մալդաշ գյուղի մի ձորակում: Տեղ-տեղ օջախներ էին վառել, որոնց շուրջը և ձորի կիսաչոր լանջերին տառապած-հյուծված գաղթականներ էին: Գևորգը նայեց ու վախեցավ ոչ թե նրանց քանակից, այլ տանջահար վիճակից, ինքն իրեն խորհելով. «Ու՞ր է այս կիսամեռներին տանում զորավարը»: Զինվորները Գևորգին ուղեկցեցին Անդրանիկի մոտ: Լսելով նրան՝ զորավարը սեղմեց Գևորգի ձեռքը, ապա դժգոհ ասաց.

— Շատ մեծահարուստներ, իմ ժամանելն իմանալով, մկան ծակեր կխցկվեն…

— Ես մեծահարուստ չեմ, զորավար, իմ սիրտն է հարուստ ու լայն:

— Շնորհակալ եմ, Գևորգ, եթե դու նույնիսկ չհյուրասիրես իմ զինվորին, ես էլի գոհ կմնամ:

Երեկոյան գյուղ մտան: Ահագին բազմություն էր հավաքվել զորավարին դիմավորելու: Շրջապատեցին Անդրանիկին, ուրախ բացականչությունները ճեղքեցին օդը՝ արձագանքելով վանքի ձորերում:

— Տեսնում եմ՝ ուրախ եք, բայց հաց կճարվի՞ այս դժբախտներին, —Անդրանիկը ձեռքը տարածեց գաղթականների կողմը:

— Ինչ ունենք՝ կկիսենք, — ձայնեց բազմությունը:

Գաղթականները տեղավորվեցին վանքի ազատ խցերում, շրջապատում, բաժանվեցին տնետուն: Նրանց կերակրեցին, շատ թե քիչ հագուստներով օգնեցին և՛ վանքի մարդիկ, և՛ գյուղացիները: Անդրանիկն իր զորագնդով գնաց Գևորգի հետ, զինվորները նրա այգում և տան մերձակայքում հարմարեցրին իրենց կայքը, կապեցին ձիերը:

Գևորգը բարեկարգ, ընդարձակ տուն ուներ, զորավարին ու նրա օգնականին ներս տարավ, ապա ասաց.

— Դուք քիչ հանգստացեք, ես հաց տանեմ զինվորներին, գարի տամ ձիերի համար:

— Օգնի՛ր նրան, — օգնականին կարգադրեց Անդրանիկը:

Այսպես երեք օր Յազուլանց Գևորգը կերակրեց զինվորներին: Իսկ եկավ հրաժեշտի պահը, Անդրանիկը եղբայրաբար գրկեց Գևորգին և երախտապարտ ասաց.

— Թե ամեն տեղ քեզ պես մի Գևորգ գտնվի, իմ ոչ մի զինվոր երբեք քաղցած չի մնա… Ի՞նչ թողնեմ քեզ ինձանից հիշատակ:

— Ոչինչ պետք չէ, զորավա՛ր… Ինձ համար մեծ պատիվ էր, որ չմերժեցիր մնալ մեր տանը:

Այդ պահին մոտեցավ մի զինվոր, անթամբ, սևաթույր, կրակոտ մի նժույգի սանձը բռնած:

— Պահի՛ր քեզ այս նժույգը, Գևո՛րգ, —ասաց Անդրանիկը,-թող այն քեզ միշտ հիշեցնի մեր եղբայրությունը… Ո՜վ գիտե, կտեսնվե՞նք էլի… Լավ պահեք Տաթևը՝ մեր դպրության չմարող փարոսը, մեր հավատի ու ոգու տաճարը…

Գևորգը լաց եղավ՝ նժույգի պարանոցը գրկած…

ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ, «Պատմություններ Անդրանիկի մասին», Ե., 2004 թ.

Աղբյուրը` Միրհավ գրական ակումբ

(с) Andranik Ozanian էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել