ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Գորիս համայնքում ձմեռային սեզոնին ևս լայնածավալ մաքրման աշխատանքներ են ընթանում։ Կոմունալ ծառայության աշխատակիցները, անտեսելով եղանակային դժվար պայմանները, անխափան կերպով իրականացնում են փողոցների և մայթերի մաքրում՝ հեռացնելով ձմռան ընթացքում կուտակված ավազն ու աղը։ Նրանց նվիրված աշխատանքը քաղաքին վերադարձնում է իր գրավիչ տեսքը՝ նախապատրաստելով գարնանային սեզոնին։
Այժմ խիստ վերահսկողություն է սահմանված տնամերձ տարածքներում չօգտագործվող իրերի՝ հին մեքենաների, երկաթի ջարդոնի և շինարարական աղբի կուտակման նկատմամբ։ Այս քայլը նպատակ ունի վերջ դնել տարիներ շարունակ կուտակված խնդրին և վերականգնել քաղաքի մաքրությունն ու տեսքը։
Հիշենցնենք, որ համայնքի ավագանին դեռևս 2023 թվականին ընդունել էր որոշում՝ տուգանքներ սահմանելով այն բնակիչների նկատմամբ, ովքեր իրենց տնամերձ տարածքներում կուտակում են չօգտագործվող իրեր, հին մեքենաներ, երկաթի ջարդոն և շինարարական աղբ։
Համայնքապետարանը շարունակելու է խիստ վերահսկողություն իրականացնել որոշման կատարման նկատմամբ։
Նաև յուրաքանչյուր բնակչի պարտքն է մասնակից լինել քաղաքի մաքրության պահպանմանը։ Գորիսը մեր ընդհանուր տունն է, և միայն համատեղ ջանքերով ու հոգատար վերաբերմունքով հնարավոր է պահպանել քաղաքի բարեկարգ և մաքուր տեսքը։
Համայնքապետարանը կոչ է անում բոլոր բնակիչներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և անձնական ներդրում ունենալ Գորիսը մաքուր պահելու գործում։