ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Այսօր բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Գորիսի պետական համալսարանի ֆիզիկայի ուսումնական լաբորատորիան կրկին հյուրընկալել էր դպրոցականներին։ Համալսարան էին այցելել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 9ա դասարանի աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նանե Գրիգորյանի և դպրոցի ԴԱԿ Քրիստինե Աբգարյանի ուղեկցությամբ:
Աշակերտներին ողջունեց ֆիզիկայի լաբորատորիայի պատասխանատու Նոնա Ակունցը:
Աշակերտները ֆիզիկայի լաբորատորիայի պատասխանատու Նոնա Ակունցի ղեկավարությամբ կատարեցին լաբորատոր փորձեր՝ ֆիզիկայի «Էլեկտրականություն» բաժնից: Այնուհետև դպրոցականները ծանոթացան նաև լաբորատորիայի որոշ ցուցադրական փորձերին: Հնարավորություն ունենալով տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ աշակերտներն ակտիվորեն ներգրավվեցին աշխատանքներին՝ ձեռք բերելով լաբորատորիայում աշխատելու որոշ հմտություններ: Դպրոցականների շրջանում առաջացած ոգևորությունը փաստում էր, որ ճանաչողական այցը իրապես ստացված և կարևոր քայլ էր նրանց կրթական զարգացման համար:
Աշակերտներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը շատ արդյունավետ են և օգնում են բարձրացնելու տեսական ու գործնական գիտելիքների կիրառման արդյունավետությունը:
Հուսաշատ ենք, որ նման հանդիպումները կլինեն շարունակական, կբարձրացնեն դպրոցականների բնագիտական հետաքրքրությունները, կնպաստեն գործնական հմտությունների զարգացմանը և մեծ խթան կհանդիսանան ոչ միայն մասնագիտական կողմնորոշման համար, այլև կամրապնդեն դպրոց-համալսարան կապը: