Ադրբեջանն ավիրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Իմացա, որ Ադրբեջանն ավիրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը…

Ստեփանակերտի իմ տան բակում էր Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, 5 հարկանի մեր շենքի անմիջապես հարեւանությամբ։

Շուրջ 10 տարի ականատես եղա Մայր Տաճարի կառուցմանը, ամեն առավոտ աշխատանքի գնալուց, անցնում էի բնակելի շենքիս համարյա կից (միայն ճանապարհն է հատում) դեռ կառուցվող եկեղեցու քարուքանդ ճանապարհով, երբեմն մազաչափ ավտոմեքենաս «բախվելով» շինարարական տեխնիկաներին, ինչը միշտ զարմացրել է տեսնողներին թե ինչու՞ չեմ շենքի հետևի ասֆալտապատ ճանապարհով անցնում, պատասխանս մեկն էր. ուզում եմ Աստծվածամոր զորությունն ու պահապան ուժը ստանալ առավոտյան, համ էլ կտեսնեմ թե ինչքան է բարձրացել եկեղեցին, անցնելուց հիանում ու հպարտությամբ էի լցվում շինարարների ու բանվորների աշխատանքային եռուզեռից, արև կար նրանց մեջ: Աստծվածամոր զորությունը ստանալու համար արժե անցնել անանցանելի ճանապարհներով։

Իսկ 2019թ.-ի ապրիլի 7-ին եկեղեցին վեր հառավ ու միախառնվեց երկնքին՝ որպես սիրո ու հավատի, ուժի և միասնականության խորհրդանիշ:

Չկար ավելի վեհ զգացում, քան ամեն առավոտ արթնանալ մայր տաճարի զիլ ղողանջներից:

Հպարտ եմ, որ քո զավակն եմ Արցախ, հպարտ եմ, որ ականատես եղա վեր խոյացած տաճարիդ հիմքին դրվող ամեն մի քարին, հպարտ եմ, որ տեսա ռամիկիդ ուժն ու ճարտարապետիդ տաճարի վեր խոյացման վերջնական հավատին, հպարտ եմ, որ զինվորիդ, կառուցողիդ, շինականիդ ու գիտնականիդ ավիշը մաքուր էր, հպարտ եմ, որ դարեր ի վեր ազգս պահպանում ու պաշտպանում է իր հավատքը և ի նշան լույսի ու արարումի կառուցում է եկեղեցիներ ու տաճարներ, հպարտ եմ, որ միասնական էինք, որի առհավատչյա վկան կառուցողականությունն ու վեր խոյացած եկեղեցիներդ էին, որ աղոթքի ելնող ջերմեռանդությամբ մի նոր ու անմար ճրագ էր բերում Արցախատանը:

Բացի հավատացյալներիդ ամենօրյա քո աղոթքով ու ղողանջներով մեկտեղելուց 2020թ. 44-օրյային եւ 2023թ. մեկօրյա պատերազմում ԴՈՒ քո հսկայական շվաքի տակ վերցրեցիր քո հավատավոր ժողովրդին ու մինչեւ վերջ պաշտպանեցիր, բառի բուն իմաստով ՏՈՒՆ դարձար Արցախահայերին։

Այսուհետ չեմ կարող ասել . «ՂՈՂԱՆՋԻՐ ուժգին իմ սուրբ Տաճար»՝ ՔՈ հույս ու հավատ ներշնչող ղողանջներդ, որ լույսի ու մաքրության, հավատքի ու միասնականության խորհրդանիշ էր, ես հրաժեշտ տվեցի 2023թ. սեպտեմբերի 25-ին, որ թեկուզ թշնամին քաղաքի վերեւում նստած էր, իսկ ԴՈՒ շարունակում էիր ՂՈՂԱՆՋԵԼ։

Կներես, որ ՔԵԶ միայնակ թողեցինք իմ ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ, միայն ԴՈՒ ես ծանոթ իմ էությանը, իմ սրտին, իմ գաղտնիքներին, իմ արցունքներին ու վաղվա օրվա լուսավոր հավատին, իմ վերջին օրվա ապրումներին…

Ես սպասել էի, որ թշնամին իմ տուն կմտնի, դրա համար շատերի պես ես խելոք չհավաքեցի տունս, փոխարենն ավիրեցի իմ ձեռքով գեղեցկացրած ամեն մի անկյունս։

Բայց չեմ սպասել, որ ՔԵԶ կավիրեն, որովհետեւ մի ողջ կյանք միջազգային իրավունքից մեզ սովորեցրել են, որ պատմամշակութային ժառանգության արժեքների ոչնչացումը, պղծումը կամ յուրացումն արգելվում է։

Իմ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐ, բայց դե ո՞վ է նայում միջազգային իրավունքին, էսօր բոլորը տարված են «Խաղաղության օրակարգով»։

ՇԱՏ ՄԵԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ցանկությունից է երեւի, որ ՔԵԶ ավիրում են իմ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՀՍԿԱ։

Պայթում եմ, երանի սուտ լիներ, երանի չլսեինք…

(Լուսանկարս բլոկադայի վերջին օրերից է, երբ բենզին չկար, ոտքով էի գնում աշխատանքի, բայց միշտ բարձրակրունկներով ու խնամված, կարեւոր չէր թե որքան երկար էր ճանապարհը, կարեւորն՝ ամուր էր Արցախում մնալու ՀԱՎԱՏՍ, էհ…):

Քո պանդուխտ որդի՝ Նանար

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել