Մի փոքր վերլուծություն, թե ժողովուրդն իր կարծիքը ի՞նչ ցուցանիշներով կարող է արտահայտել առաջիկա ընտրություններում։
Այն Սյունիքի, Վայոց Ձորի և մասամբ Լոռու մարզերում իրականացված հարցումների արդյունքների վրա է հիմնված։
Թե ինչպիսի ղեկավար են մարդիկ տեսնում Հայաստանի ղեկին, և առաջադրված թեկնածուներից ո՞վ կարող է դառնալ այդ ղեկավարը՝ բազմակարծիք է ժողովուրդը։
Միջին վիճակագրական տվյալներով՝ 50 հոգու շրջանում անցկացված հարցումների ընթացքում մոտ 20-ը պարզապես հրաժարվում էր մասնակցել հարցմանը։ Նրանցից 5-7 ֊ը նշում էր, որ շտապում են, գործ ունեն կամ ժամանակ չունեն պատասխանելու հարցերին։
Մնացած 13-15 հոգին հիմնականում վախենում էր բացահայտ կարծիք հայտնել։
Տեսախցիկից դուրս սակայն պատկերն այլ էր։ Մարդիկ սկսում էին մանրամասնել իրենց մերժման պատճառները՝ շշուկով ասելով, որ պետական համակարգում են աշխատում կամ պարզապես չեն ցանկանում խնդիրներ ունենալ։ Ոմանք նույնիսկ հիշատակում էին ԱԱԾ-ի «պադվալները»։
Իսկ ի՞նչ պատկեր կար մնացած 30 հոգու դեպքում։
Մոտ 10-11 հոգի շարունակում էր երկրի ղեկին տեսնել Նիկոլ Փաշինյանին՝ շեշտադրելով ճանապարհաշինությունը, «65+» ծրագիրը և մի շարք սոցիալական նախաձեռնություններ։ Միաժամանակ դժգոհում էին թոշակների քիչ բարձրացումից, թանկացումներից ու պարգևավճարների համակարգից` այն կապելով արտաքին պարտքի ավելացման հետ։
12-15 հոգի բացահայտ աջակցություն էր հայտնում ընդդիմությանը՝ պնդելով, որ պատերազմում պարտված ղեկավարությունը պետք է հեռանա։
Կային նաև մարդիկ, որոնց այլևս չէին հետաքրքրում ոչ ընտրությունները, ոչ քաղաքականությունը, ոչ էլ անգամ խաղաղության թեման։ Նրանք համոզված էին որ իրենց կարծիքը որևէ բան չի փոխելու։
Սկզբնական հարցումների ընթացքում առավել զգուշավոր մթնոլորտը նկատվում էր Սյունիքում և կարծում եմ՝ դա ավելի շատ պայմանավորված էր մարզում հարգանք վայելող իշխանավորների հետ հարաբերությունները չփչացնելու հանգամանքով։
Սակայն հետագա հարցումները ցույց տվեցին, որ իրականում առավել զգուշավոր ու փակ մթնոլորտը Վայոց Ձորում է, հատկապես՝ Ջերմուկում։ Շատերն իրենց վախը կապում էին գործող մարզպետ Արսենյանի ազդեցության հետ, ով նախկին ու ներկա համակարգերի խաչմերուկում դեռ շարունակում է պահել իր դիրքերը։
Լոռիում պատկերն այլ էր։ Մարդիկ ավելի ակտիվ էին, ավելի բաց խոսող։ Շատերը դրական էին գնահատում գործող մարզպետ Արեն Մկրտչյանի աշխատանքը, սակայն ընդդիմադիր դաշտում բավական լուրջ կշիռ ունի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Հարցումների ժամանակ բացահայտ ,կարծիք հայտնող ընդդիմադիր ընտրազանգվածի շրջանում առանձնապես մեծ թիվ էին կազմում Սամվել Կարապետյանին երկրի ղեկին տեսնելու ցանկություն ունեցողները։
12-15 բացահայտ կարծիք հայտնողներ, ինչպես նաև տեսախցիկից դուրս խոսող ևս մոտ 7-8 հոգի հիմնականում նշում էին հենց Սամվել Կարապետյանի անունը։ «Ինչո՞ւ» հարցին պատասխանելիս շեշտադրում էին՝ աչքը կուշտ մարդ լինելը, կամ մատնանշում էին բիզնեսներում ունեցած նրա հաջողությունների փորձը, որը կարող է ներդրումներ բերել Հայաստան։
Անկեղծ ասած՝ ինձ զարմացրեց նաև այն, որ այդ շրջանակներում հաճախ հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանի անունը։ Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում էր, որ «նախկինները» այլևս լուրջ հետևորդներ չունեն։
Կային նաև մարդիկ, ովքեր երկրի ղեկին տեսնում էին Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին և նույնիսկ… Ստալինին ![]()
Եվ քանի որ խոսք գնաց ստալինյան ժամանակների մասին, նշեմ, որ Ջերմուկում այդ մթնոլորտի որոշ տարրեր սեփական մաշկի վրա զգացի։
Մի քանի հարցում անցկացնելուց հետո գոլդ համարներով մեքենաները սկսեցին հետապնդել մեքենայիս։ Ստիպված ինքս կանգնեցրի իրենց մեքենան ու մոտեցա։ Թեև հրաժարվում էին խոստովանել, որ հետևում են ինձ, բայց միաժամանակ «խորհուրդ» էին տալիս մարզի իշխանություններից հարցումներ իրականացնելու համար թույլտվություն ստանալ։
Երբ հանդիպեցին դիմադրության, առանց ավելորդ հակաճառության հեռացան։
Սակայն հետո մեկ այլ մեքենա ողջ օրը ուղեկցեց ինձ։
Բազմաթիվ փորձերից հետո վերջապես հաջողվեց դեմ առ դեմ հանդիպել և խոսել նաև նրանց հետ։ Նրանք էլ պնդում էին, որ նպատակ չունեն խոչընդոտելու մասնագիտական գործունեությանս, պարզապես «կարգ ու կանոն են պահպանում»։
Որպես ավարտ…
Ջերմուկի Կեչուտ գյուղում մի տարեց մարդ կար։ Չցանկացավ մասնակցել հարցմանը, բայց շատ մտահոգ հայացքով մի կարճ նախադասություն ասաց, որը լուրջ ասելիքով էր.
«Ես հիմա լռում եմ, բայց ասելիքս ընտրությունների ժամանակ եմ ասելու, ու ինձ նման շատերը` եթե արդար ընտրություններ լինեն»։