ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը, որն այս տարի նշվեց ապրիլի 25-ին։
Քաղաքացու օրվան նվիրված՝ ՀՀ 101 բնակավայրերում անցկացվող «Մենք ենք մեր պետությունը» խորագրով միջոցառումների շրջանակում, Տաթև համայնքում ևս կազմակերպվեց օրվան նվիրված բանախոսություն համապատասխան թեմայի շրջանակներում և մշակութային միջոցառում։
Տաթև համայնքի բանախոսը Երևանի Ա․ Բաբաջանյանի անվան պետական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանն էր։
Միջոցառման սկզբում պրն Հարությունյանը հանդես եկավ բանախոսությամբ, որին հաջորդեց հարցուպատասխան։ Նա լսարանի հետ կիսվեց պետության և հայրենիքի մասին ունեցած իր պատկերացումներով, հայրենիքի համասեփականատեր եղող քաղաքացու գաղափարով, հայրենիքի դերի և քաղաքացու նշանակության մասին ունեցած մտքերով։
Նա ընդգծեց, որ նման ձևաչափով հանդիպումների հիմնական նպատակը երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրապնդումն է, ինչպես նաև անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակություն հասկացությունների արժևորումն ու վերարժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։
ՀՀ քաղաքացիներին ուղղված <<Ոսկե խորհուրդը>> եզրափակեց միմյանց շատ սիրելու, անշահ սիրելու գաղափարով։
Օրը եզրափակեցինք մշակութային ծրագրով, որի գլխավոր դերակատարները Շինուհայրի երաժշտական դպրոցի սաներն էին։
Քաղաքացու օրվան նվիրված «Մենք ենք մեր պետությունը» խորագրով միջոցառումը Տաթև համայնքում անցավ բարձր տրամադրությամբ և երիտասարդների ակտիվ մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով քաղաքացու դերի կարևորությունը համայնքի և պետության զարգացման գործում։