Սա Տաթևի ճոպանուղու տոմսն է, որի վրա հայերեն և անգլերեն լեզուներով միշտ գրված է եղել ու հիմա էլ գրված է։
ՀԱՅ.
«Գնելով այս տոմսը՝ դուք նպաստում եք Տաթևի վանական համալիրի վերականգնմանը»։
ENG.
«By purchasing this ticket, you are contributing to the restoration of the Tatev Monastic Complex».
Տաթևի ճոպանուղին պաշտոնապես բացվել և սկսել է շահագործվել 2010 թվականի հոկտեմբերի 16-ից։ Արդեն 15 տարի։
Շահագործման հանձնվելուց հետո տոմսերի արժեքը տարեցտարի թանկացել է։
Այս պահի դրությամբ՝ միակողմանի տոմսի արժեքը 6500 դրամ է, երկկողմանի տոմսի արժեքը՝ 9000 դրամ։
Ծնվել, ապրել ու ապրում եմ Տաթևում։
Համարյա ամեն օր գնում եմ Տաթևի վանք։
Տաթևի վանական համալիրի վրա կատարված վերջին տեսանելի աշխատանքն էր՝ վանքի Սուրբ Մարիամ Աստվածածին (Սուրբ Աստվածածին) եկեղեցու վերանորոգումը։
Վերականգնման աշխատանքները սկսվել են 2016 թվականի օգոստոսին և ավարտվել 2018 թվականի հոկտեմբերին։
Այս աշխատանքների շրջանակում վերականգնվել են եկեղեցու թմբուկն ու գմբեթը, փոխվել են ծածկասալերը, քանդված կամ վնասված մասնիկներ են վերականգնվել, վերանորոգվել է առաջին հարկի բաժինը և տանիքը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!
Ասվում է նաև, որ այդ աշխատանքների ընթացքում «լուծվել են վանական համալիրի ջրահեռացման և ջրամեկուսացման խնդիրները»։
Սկսեմ հենց դրանից՝ համալիրի ջրահեռացման և ջրամեկուսացման խնդիրներից։
Տաթևի վանական համալիրում այս խնդիրները լուծված չեն։
Անձրևների ժամանակ վանքի տարածքը վերածվում է լճի։ Առատ անձրևների ժամանակ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու դիմացի հատվածում այնպիսի լճակ է գոյանում, որ անցնելուց համարյա մինչև ծնկներդ հայտնվում ես ջրի տակ։ Այդ ջուրն անգամ եկեղեցու ներսն է լցվում (իմ էջում, իմ կողմից հեռարձակված մի քանի ուղիղ եթերներում կան այդ կադրերը)։
Եկեղեցու ներսի կողմից, տանիքից ու պատերից առվակներ են հոսում։
Այս հարցը ոչ միայն չի լուծվել, այլև շարունակում է վտանգել վանքի կառուցվածքը։ Սա լուրջ խնդիր է, չափազանց լուրջ։ Ժամանակի ընթացքում այդ խոնավությունն ու ջրի ներթափանցումները քայքայում են քարերը և արագացնում ավերման գործընթացը։
Ամենայն հարգանքով եմ լցված Ռուբեն Վարդանյանի և իր հիմնադրամի նկատմամբ։ Ծանոթ եմ նրա գործունեությանը, կատարած աշխատանքներին, դրանց կարևորությանը, որի համար խորին շնորհակալություններս իրեն ու իր հիմնադրամին։
Բայց ինչը վերաբերվում է կոնկրետ Տաթևի վանական համալիրին, ցավով պետք է նշեմ՝ չկա, չի կատարվում, չի տարվում ոչ մի աշխատանք։
Տոմսերի վրա գրված՝ հայտարարվածը չի համապատասխանում իրականությանը։
Զբոսաշրջության ակտիվ սեզոններին հարյուրավոր զբոսաշրջիկներ են նույն պահին հայտնվում վանքի տարածքում, քայլում, շրջում, նայում։
Այս ակտիվ սեզոններին վանքում փոշու ամպ է գոյանում, մի թևթև քրտնած ես լինում՝ Աֆրիկացի սևամորթ ես դառնում։ Փոշու ու կեղտի մեջ կորում ես վանքում։
Ամուսնության արարողություն է, հարսը իր գեղեցիկ սպիտակ զգեստով մտնում է վանքի շեմից, ու մինչև հասնելը Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի՝ այդ սպիտակ զգեստի ներքևի հատվածից ու քողից միայն «Ս» տառն է մնում (եթե գոնե դա մնում է)։ Փեսացուի կոշիկներն էլ նմանվում են 24 ժամ շարունակ շինարարության վրա աշխատած բանվորի կոշիկներին։
Էլ չեմ խոսում, որ այս հսկա վանական համալիրի տարածքում նույնիսկ մի զուգարան չկա։ Վանքին ամենամոտ զուգարանը մի քանի հարյուր մետր վերև է՝ ճոպանուղու զուգարանը, այն՝ վճարովի է։
Զբոսաշրջության ակտիվ սեզոններին տարածքում փոշու ու կեղտի կուտակումը, զուգարանի բացակայությունը, այցելուների համար տարրական պայմանների չլինելը ոչ միայն վանքի հանդեպ անհարգալից մոտեցում է, այլև վատ է անդրադառնում զբոսաշրջության վրա։
Սա ընդամենը մի քանի պարզ ու տեսանելի օրինակն էր, որը նշեցի։ Մնացածը՝ ինքներդ պատկերացրեք։
Տաթևի վանքը հազարամյակների պատմություն ունի։ Այն մեր ժողովրդի հոգևոր ամրոցն է, իսկ հոգևոր ամրոցը երբեք չպետք է թողնել փլվի փոշու, ջրի ու անտարբերության տակ։ Եթե իսկապես ուզում եք, որ Տաթևի ճոպանուղու տոմսի վրա գրված խոսքերը ճշմարտություն դառնան, ապա պետք է ոչ միայն գովազդել վերականգնումը, այլ իրականում անել այն։ Տոմսերի գումարը պետք է վերածվի քարերի ամրացման, տարածքի մաքրության, տարրական պայմանների ստեղծման ու համալիրի փրկության։
Տաթևը չի կարելի զոհել անտարբերությանը։ Այստեղ ամեն քար խոսում է մեր պատմությունից։ Իսկ եթե թողնենք, որ անձրևաջրերն ու փոշին շարունակեն քայքայել վանքը, ապա վաղը ոչ թե զբոսաշրջիկը, այլ պատմությունն է մեզ ապտակելու իր հարցով՝ «ինչո՞ւ չպահպանեցիք ձեր սրբավայրը»։
Խնրում եմ որպես հայ, որպես Տաթևացի՝ սկսեք ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ գործով ապացուցել, որ իսկապես նպաստում ենք Տաթևի վանական համալիրի վերականգնմանը։