Աշուն է, ժամանակն է չափել, թե Հայաստանում ինչքան մարդ կա սոցցանցերում։ Նախորդ չափագրումներից անցել է արդեն երկու տարի։ Տեսնենք, թե ինչէ հասցրել փոխվել։
Միանգամից նշենք, որ Հայաստանը հազվադեպ է հայտնվում հիմնական սոցցանցերի վիճակագրական հարթակներում, քանի որ մենք շատ փոքր լսարան ունենք։ Ամեն դեպքում, կա տեղեկատվություն քաղելու գործիք. ցանցերի գովազդային հարթակները թույլ են տալիս գնահատել լսարանները, քանի որ տալիս են օգտատերերի մոտավոր թիվը։ Սակայն, այստեղ էլ կան որոշ խնդիրներ։ Նշենք դրանք մինչև հիմնական տվյալները ներկայացնելը։
Այսպես, Մետան վերջին տարիներին թույլ է տալիս գովազդով թիրախավորել միայն 18 տարեկանը լրացածներին։ Սա նշանակում է, որ ներկայացված թվերում չկան դպրոցականները։ Եվ ամեն ինչ ավելի է խառնվում այն պատճառով, որ տարբեր հարթակներում մինչ և 18 տարեկանները ունեն տարբեր կշիռ։ Այսպես, Ֆեյսբուքում այսպես, թե այնպես դպրոցականները հիմնականում չկան էլ, այնպես որ վիճակագրությւոնը շատ չի տուժում։ Սակայն Ինստագրամի դեպքում իրենք կազմում են լուրջ տոկոս ու տվյալները թերի են դառնում։
Նաև հարկավոր է հաշվի առնել, որ Մետան, ինչպես և հիմնական հարթակները տվյալներում ընդգրկում են մեկ ամսվա մեջ ակտիվություն ցուցաբերած օգտատերերին, այսինքն նրանց, ով ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ մուտք է գործել հարթակ։
Եվ այսպես, հաշվի առնելով այս ամենը, ունենք նման պատկեր Մետայում.
Facebook: 1 500 000 – 1 800 000 օգտատեր
Instagram: 1 500,000 – 1 700 000 օգտատեր
Threads: 224 000 – 263 500 օգտատեր
Ինչպես տեսնում եք, Ֆեյսբուքը Ինստագրամից մի փոքր ավելի մեծ լսարան ունի։ Բայց հաշվի առնելով վերոնշված հանգամանքներն այն մասին, որ այս վիճակագրության մեջ մինչև 18 տարեկանները ներառված չեն, կարող ենք փաստել, որ Հայաստանում Ինստագրամը վերջապես Ֆեյսբուքին անցավ լսարանով։
Տիկտոկը նույնպես սկսել է լսարանի մասին տեղեկատվություն տրամադրել և գնահատում է իր հայաստանյան լսարանը 1,36-1,66 միլիոնի չափով։ Նման տվյալը չափազանցված է թվում, սակայն այլ գործիքակազմ չունենք այն վերստուգելու համար։
Փինթերեսթը նույնպես Հայաստանը ներառել է իր գովազդային տարածքների մեջ և Հայաստանում իր լսարանը ներկայացնում է որպես 500 000+:
Նաև ունենք մեկ այլ լուրջ նվաճումը՝ Լինքդինի լսարանը Հայաստանում հասել է 740 000-ի։ Երկու տարում այս հարթակի լսարանը գրեթե կրկնապատկվել է։
Իսկ այ X-ի լսարանը, հակառակը, երկու տարում մոտ երկու անգամ նվազել է. 180 հազարից՝ մինչև 80 հազար։ Ընդհանրապես, հետաքրքրությունը դեպի այս հարթակ ընդհանուր նվազել է հայալեզու լսարանի մոտ։
Վերջում նշենք Յություբը։ Այստեղ, ըստ վիճակագրության, լինում են ինտերնետից օգտվող գրեթե բոլորը։ Ուրիշ հարց, որ մեծամասնությունը այս հարթակը չի օգտագործում որպես սոցցանց, նույնիսկ չունի օգտահաշիվ։