Սյունիքի ընտրական տրամադրությունները՝ անձերի, ոչ թե գաղափարների շուրջ․ վերլուծություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Քարոզարշավի մեկնարկը տրվեց Սյունիքում։

Կցանկանայի մի փոքր վերլուծություն անել Սյունիքի քաղաքական իրականության շուրջ։

Արդեն 25 տարի ապրելով Սյունիքում, որից 20 տարին լինելով լրատվական դաշտում, վստահորեն կարող եմ ասել, որ այստեղ մարդիկ մեծ մասամբ ընտրություն են կատարում ոչ թե կուսակցությունների, գաղափարների կամ նույնիսկ ծրագրերի, այլ անձերի հիման վրա։ Մեծ դեր ունի նաև հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի, ծանոթ, բարեկամ եզրույթը

Շատ մարդիկ, օրինակ, կարող են դեմ լինել ՔՊ-ին, բայց եթե մտերիմ հարաբերությունների մեջ են ՔՊ-ական ազդեցիկ գործիչների հետ, մեծ է հավանականությունը, որ ձայնը տան հենց այդ ուժին։ Եվ հակառակը՝ եթե տարիներ շարունակ իշխանության կողքին են եղել, բայց իրենց շրջապատը ընդդիմադիր է, ապա ընտրության օրը կարող են կանգնել ընդդիմության կողքին։

Եվ այսպես…

Ովքե՞ր կարող են Սյունիքում ընտրական տրամադրություններ փոխել։

1. ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարող է զգալի քանակով ձայներ բերել իր քաղաքական ուժին։ Ուժային համակարգում երկար տարիների աշխատանքից հետո, արդեն 8 տարի լինելով պատգամավոր, նա կարողացել է ձևավորել վստահելի ու հասանելի գործչի կերպար։

2. Բավականին բարձր հեղինակություն ունի նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Իր կառուցողական և հարաբերականորեն հավասարակշռված աշխատելաոճով նա կարողացել է իր կողմը գրավել նույնիսկ նախկինում ընդդիմադիր տրամադրված շրջանակների մի մասին։ Սա ևս կարևոր գործոն է իշխող ուժի համար։

Բնականաբար, ՔՊ-ի օգտին ձայներ կբերեն նաև պետական համակարգերը, խոշոր արտադրական կառույցները, կրթական ու առողջապահական հաստատությունները, ուժային կառույցները, ինչպես նաև մեծ կլինի Քաջարանի և Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատների ազդեցությունը։

Շատ մեծ է լինելու նաև համայնքապետերի դերը։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ընդդիմադիր դաշտում։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թեև հայտարարեց, որ չեզոք դիրք է պահելու, սակայն կարծում եմ՝ նրա պասիվությունը գործնականում ավելի շատ նպաստելու է գործող իշխանության օգտին։

Իսկ ի՞նչ ունենք ընդդիմադիր հատվածում։

Բավականին ակտիվացած «Ուժեղ Հայաստան» դաշինք, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ իր գաղափարի շուրջ համախմբել հազարավոր մարդկանց։ Գումարած տարբեր ընդդիմադիր ուժերի գաղափարները կիսող հայտնի ու անհայտ գործիչներ, պետական համակարգերում աշխատող ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ և ամենակարևորը՝

ԺՈՂՈՎՈՒՐԴ։

Սյունիքը պահելու պատրաստ ժողովուրդ։ Թուրքի հետ բարեկամություն չուզող ժողովուրդ։

Վերջին ամիսներին տարբեր հարցախույզերով եղել եմ Ագարակից մինչև Վայոց Ձոր։ Հանդիպել, զրուցել, քննարկել եմ հարյուրավոր մարդկանց հետ։ Ու պարզվեց՝ շատ են մարդիկ, որոնք անկեղծորեն անհանգստացած են հայրենի հողի ճակատագրով։

Տեսա նաև վախի մթնոլորտ՝ աշխատանք կորցնելու, պաշտոնից զրկվելու, խնդիրներ ունենալու մտավախություն։ Բայց այդ վախը ամենուր չէր։ Հանդիպեցի նաև հիասթափության, անտարբերության, ցավոք նաև մարդկանց, որոնք անձնական շահը վեր են դասում պետական շահից։

Մի խոսքով`

Թեև պետական լծակներն ու հայտնի քաղաքական դեմքերի ազդեցությունը այս ընտրություններում շատ տեսանելի են լինելու, սակայն ընդդիմությունն էլ ունի բավականին լուրջ աջակցություն բնակչության շրջանում։

Այս պահին մրցակցությունը Սյունիքում գնահատում եմ գրեթե 50/50։

Եվ վերջում մի քանի կարևոր նկատառում։

Մի՛ ստիպեք ձեր ենթականերին նկարել իրենց ընտրության արդյունքը և ներկայացնել ձեզ։

Մի՛ վախեցրեք մարդկանց աշխատանքից ազատելով կամ այլ ճնշումներով։

Ապահովեք առողջ մթնոլորտ, որովհետև ընտրություններից հետո էլ կյանք կա։

Ազնիվ աշխատեք պարոնա՜յք, ազնի՜վ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել