Հարգելի՛ գորիսեցիներ և հյուրեր,
Ամառային այս շրջանում Գորիսը վերածվում է իսկական մշակութային կենտրոնի: Քաղաքում ստեղծագործական աշխուժություն է, իսկ մենք ուրախ ենք կիսել ձեզ հետ առաջիկա միջոցառումների ծրագիրը:
Հուլիսի 2-ին, ժամը 18:00-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը հյուրընկալելու է VIDA կիթառային քառյակին:
Նույն օրը, ժամը 18:30-ին, գեղագիտության կենտրոնում կբացվի գեղանկարիչ Լորենց Հարությունյանի «Հայրենի եզերք» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Հուլիսի 3-ին, ժամը 15:30-ին, Վիենի պուրակում կկայանա մանկական նկարչության ցուցահանդեսի բացումը և վարպետության դաս:
Հուլիսի 3-ից 5-ը «Խաղաղության էկրաններ» կազմակերպությունը և Գորիսի ֆրանկոֆոն կենտրոնը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հրավիրում են բացահայտելու վերջին տարիների արտադրության 7 ֆիլմերի ընտրանի: Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակով՝ հայերեն ենթագրերով:
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գորիսի կենտրոնական հրապարակում կցուցադրվեն սիրված հայկական մուլտֆիլմեր:
Հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին, կենտրոնական հրապարակում կարող եք միանալ ազգային պարերի ուսուցմանը:
Եվ, իհարկե, հուլիսի 7-ին մենք բոլորս կտոնենք Վարդավառը:
Միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում:
Քաղաքը շարունակում է ապրել արվեստով և ստեղծագործ ոգով։