Ձեր և ձեր բալիկների առողջությունը կախված է ձեր տեղեկացվածությունից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայտնի մանկաբույժ և շատ հարգելի կոլեգա Արթուր Մարտիրոսյանը գրում է․

Ձեր և ձեր բալիկների առողջությունը կախված է ձեր տեղեկացվածությունից

Կատարում եմ խոստումս. Ուշադիր նայեք ստորև բերված աղյուսակին, որտեղ ներկայացված են այն հիմնական սննդային հավելումները, որոնք օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ: Յուրաքանչյուրդ աշխատեք ձեր սննդի անվտանգությունը ապահովել նաև ձեռքի տակ ունենալով այս աղյուսակը. Սա որպես բարի խորհուրդ:

Այսօր ներկայացնելու եմ բազմաթիվ սննդային հավելումներից մեկը, որի վերաբերյալ տեղեկատվություն եմ վերցրել հիմնականում տիկին Գոհար Ջրբաշյանի դեռ 2016թվականին հրապարակված հարցազրույցից, վիկիպեդիայից, ռուսալեզու սայթերից: Դա Ասպարտամն է (E 951) – ցածր կալորիականությամբ արհեստական քաղցրացուցիչ, 160-200 անգամ ավելի քաղցր շաքարից: Այն թույլատրված է օգտագործել գազավորված ըմպելիքների, քաղցրավենիքի, ծամոնների, քաշը վերահսկող ապրանքների մեջ և որպես շաքարի փոխարինիչ: Սախարինի և մյուս սինթետիկ քաղցրացուցիչների հետ այն լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերության կողմից, առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ տոքսիկությունը (թունավորությունը): Իսկ ինչպես է արտացոլվում այդ թունավորվածությունը. հնարավորինս մատչելի ներկայացնեմ. Բարակ աղիների բակտերիաներն ասպարտամը տրոհում են ասպարտաթթվի (aspartic acid), ֆենիլալանինի (phenylalanine) և մեթանոլի (methanol): Մեթանոլը, որին անվանում են նաև փայտի սպիրտ, իր հերթին տրոհվում է ֆորմալդեհիդի (formaldehyde) և մրջնաթթվի (formic acid): Մրջնաթթվի կուտակումը կասկածվում է որպես մեթանոլով թունավորման հիմնական գործոն, իսկ ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է:

ՀՀ կառավարության «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» 2007թ. ապրիլի 26-ի թիվ 504-Ն որոշմամբ արգելված է սննդի մեջ ավելացնել կոնսերվանտ (պահածոյացնող նյութ) համարվող ֆորմալդեհիդ (E240)։ Այսինքն՝ այս խիստ տոքսիկ նյութն արգելված է, ինչը շատ գնահատելի է։ Բայց այդ նյութն օրգանիզմում առաջանում է ասպարտամի տրոհումից, մինչդեռ ասպարտամի օգտագործումը թույլատրված է։ Ասպարտամը ֆիբրոմիալգիայի (fibromyalgia) և գրգռված աղիքի համախտանիշի (Irritable Bowel Syndrome – IBS) առաջատար պատճառներից մեկն է: «Կլինիկական և փորձարարական ռևմատոլոգիա» (Clinical and Experimental Rheumatology) ամսագրում 2010թ․առաջին անգամ ներկայացվել է կմախքամկանային համակարգի վրա ասպարտամի անսովոր բացասական ազդեցության զեկույց: «Իմունոպատոլոգիայի և դեղաբանության միջազգային ամսագրի» (International Journal of Immunopathology and Pharmacology) 2015թ․հրապարակման համաձայն, արհեստական քաղցրացուցիչներ (ասպարտամ և սախարին) ստացած առնետների խմբերի մոտ գրանցվել է ֆերմենտների գործունեության աճ, հակաօքսիդանտների մակարդակի անկում, լյարդի վրա թունավոր ազդեցություն: Ավելին. արհեստական քաղցրացուցիչներ ստացած առնետների բոլոր խմբերում առանցքային (h-Ras) քաղցկեղածին օնկոգենը գերակտիվացել է, իսկ ուռուցքը ճնշող (p27) գենի ակտիվությունը նվազել է, գրանցվել են լիմֆոմաներ և լեյկեմիաներ արու և էգ առնետների մոտ. Այսպիսով փորձերը ցույց են տվել արհեստական քաղցրացուցիչների քաղցկեղածին պոտենցիալ ռիսկը, մասնավորապես երկարաժամկետ ազդեցության դեպքում: Վիքիպեդիայում նշվում է, որ մեթանոլի մեծ քանակությունը տոքսիկ է, որը հաճախ դիսկուսիայի առիթ է տալիս ասպարտամի վնասակարության մասին, որ այն հեռանում է երիկամներով և…վերջ: Ցավոք,Եվրոպայի պարենի անվտանգության գործակալությունը (ԵՊԱԳ, European Food Safety Agency – EFSA) գնահատելով սննդային հավելում ասպարտամի ռիսկերը, 2013թ. եզրակացրել է, որ Եվրոպայում ասպարտամը և դրա տրոհման արդյունքում ստացվող նյութերն ընթացիկ սպառման մակարդակներում (այն Եվրոպայում ընդհանուր բնակչության մոտ ցածր է օրական թույլատրելի չափաքանակից’ մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով 40մգ, սակայն բարձր է երեխաների մոտ) անվտանգ են մարդկանց օգտագործման համար։ Ըստ ԵՊԱԳ-ի, ֆենիլկետոնուրիա (Phenylketonuria) ժառանգական հիվանդությունն ունեցողները պետք է խուսափեն ասպարտամ պարունակող սննդից, քանի որ դրա տրոհման արդյունքում առաջանում է ֆենիլալանին, մինչդեռ նրանք խստորեն պետք է հետևեն ֆենիլալանին քիչ պարունակող սննդակարգի։

ԵՊԱԳ-ը,չգիտես ինչու, հաշվի չի առել, որ ասպարտամի յուրաքանչյուր մոլեկուլ տրոհման արդյունքում անջատում է 1 մոլեկուլ մեթանոլ, որն էլ իր հերթին՝ 1 մոլեկուլ ֆորմալդեհիդ, իսկ ֆորմալդեհիդը դասակարգված (գրանցված) քաղցկեղածին է՝ առանց սպառման անվտանգ մակարդակի, այսինքն՝ չունի սպառման այնպիսի չափաքանակ, որը համարվում է անվտանգ: Հետևաբար անսպասելի չէ, որ դրա նույնիսկ չնչին քանակությունը բացասական փոփոխությունների է ենթարկում աղիների բակտերիալ միջավայրը, մինչդեռ աղիքային բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է մարդկանց իմունային համակարգի և, ընդհանրապես, առողջության համար: Աղիների բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է նաև քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդկանց համար, և հենց աղիների բակտերիաների նորմալ միջավայրի, դրանց գործունեության խաթարված լինելու հետևանքով է նաև, որ մեր երկրում նույնպես քիչ չեն քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդիկ:

Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Վուդրո Մոնտեն (Woodrow Monte) ասպարտամը համարում է «տրոյական ձի», որը հայտնվելով մարդկանց սննդի մեջ, հանգեցրել է ամենատարբեր տեսակի հիվանդությունների կտրուկ աճի: Նրա «Երբ գիտությունը քնած է» (While Science Sleeps: A Sweetener Kills) գիրքն ամբողջությամբ նվիրված է ասպարտամի բացասական հետևանքներին:

Ասպարտամ արտադրողների շահերը ներկայացնողները 20 տարուց ավելի է կրկնում են, որ լոլիկի կամ նարնջի մեջ ավելի շատ մեթանոլ կա, քան ասպարտամի մեջ: Սա նշանակում է ասել կիսաճշմարտությունը, որը ամենավտանգավորն է: Իրականում, հայտնի է, որ մրգերի և բանջարեղենի մեթանոլը միացած է նրանցում առկա պեկտինի հետ։ Մարդիկ մեթանոլը պեկտինից անջատելու ֆերմենտ չունեն, իսկ պտուղներում կա էթանոլ (խմելու սպիրտ), որն էլ մեթանոլի հակաթույնն է և այն չեզոքացվում է ինքնաբերաբար: Այնպես որ, ի տարբերություն ցածր կալորիականության զովացուցիչ ըմպելիքների, ծամոնի և այլնի մեջ պարունակվող սինթետիկ ասպարտամի, մեթանոլ պարունակող մրգերն ու բանջարեղենները լիովին անվնաս են: Շատ երիտասարդ աղջիկներ ասպարտամ են օգտագործում քաշի կարգավորման նպատակով, առանց իմանալու դրա վտանգների մասին։ Ընդգծեմ, որ ասպարտամ արհեստական քաղցրացուցիչն առանձնապես վնասակար է երեխաների համար, հատկապես դրանով քաղցրացված ըմպելիքներ շատ սպառելու պատճառով։

Յուրաքանչյուր մարդ, ծնող, ինքն է ընտրում ինչ և ինչպես սնվել, ինչով կերակրել իր երեխային. Տեղեկատվությունը ամենահզոր զենքն է, որը կօգնի ձեզ գոնե նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որը պարունակում են տարբեր սննդային հավելուկները տևական օգտագործման դեպքում: Հուսով եմ առողջ սերունդ կմեծացնենք ուշադիր խնամքով, ճիշտ սննդակարգով, ֆիզիկապես կոփելով, ազգային մտածելակերպով դաստիարակելով:

Հ.Գ. շնորհակալությունս եմ հայտնում տիկին Գոհար Ջրբաշյանին արժեքավոր տեղեկատվությունից օգտվելու և բազմաթիվ ծնողներին ևս այդ մասին տեղյակ պահելու համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել