Հացքաղը ուղղակի բերքահավաք չէր, այլ մի ամբողջ ավանդույթ.
«Հը՞ն, գոնե բունկերն ապահովումա՞»:
Էսպես էր սկսում հետաքրքրասերների առաջին հարցը, ու անմիջապես հետո գալիս էին օրհնանքները` «Բարով վայելեք»ը կամ գոտեպնդման խոսքերը:
Հայրս միշտ ռեկորդակիրն էր, անջրդի հողերում հեկտարից մինչև 5-6 տոննա բերք էր ստանում, կանգնում էր կոմբայնի վրա ու բունկերը լցնելու ինտենսիվությունից արդեն ասում էր` ոնցա լինելու բերքը. դա առաջին աչքալուսանքն էր:
Կալը դպրոցի բակում էր` վայր, որտեղ բերում էին գյուղի զտիչներն ու բերքը:
Ամբողջ կալը թմբեր՝ ցորենի ու գարու թմբեր, շուրջը` քեֆ-ուրախություն, գժվելու աժուտաժ:
Մենք` երեխաներս, միշտ կալում էինք, մեր գործը հիմնականում խանութ գնալն էր, հիմնականում գարեջրի հետևից, իսկ օգուտը` մառոժնին՝ փեդով մառոժնին:
Կալը աշխատում էր 24 ժամ, գիշեր-ցերեկ գյուղից լսվում էր զտիչների ձայնը:
Զտիչի մի անկյունից մաքուր ցորենն էր դուրս գալիս՝ հացը, մյուս մասից կուտը՝ ջարդ ցորենը, փիփան՝ անասնակերը…
Կարճ ասած` տան ամբողջ ապրուստը:
Զտված հատիկը կալից գալիս էր տուն՝ տան բակ:
Գյուղի տները հիմնականում երկու հարկանի էին՝ «տիյերի տոն»ը ու «տակի տոն»ը (տունը):
Տակի տոնը պահեստն էր, որտեղ լցվում էր հատիկը` ամբողջ տարվա համար:
Հիմա եմ հասկանում` ինչ միասնական էինք մենք:
Ամբողջ թաղամասի երեխաներով հավաքված հատիկը բակից կրում էինք տուն՝ բոլորով, բոլորի համար. մեծերը` դույլերով, իսկ փոքրերը` անգամ կռուշկեքով, կամ ինչ լիներ ձեռքի տակ` սպասումով, որ հեսա կգա ձմերուկի ու մառոժնու ժամը…
Հացքաղը տան հացն ու կենդանիները կերը չէր միայն:
Գյուղի տնտեսական աժուտաժն էր՝ առևտուրը.
մի անկյունում Սադախլուի սումկեքով շոր վաճառողներն էին, մյուսում` տնտեսական ապրանքները, ձուկ, ժավել, ուքսուս…
Մենք՝ երեխաներս, ամենաշատը սիրում ու սպասում էինք մրգավաճառներին:
Տարբեր մարզերից իրենց բարիքներով տասնյակ մեքենաներ էին պտտվում գյուղում:
Բարաբար, 2:1, երբեմն լինում էր 3:1, սա էր փոխարժեքը՝ ապրանքափոխանակություն հատիկի հետ…
Կար ավելի շատ սեր, կար կյանք, ու սա մեր կյանքն էր