Հայ Արշակունիների աճյունների (մասունքների) ազատագրումը հայոց պատմության ամենահետաքրքիր դրվագներից է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայ Արշակունիների աճյունների (մասունքների) ազատագրումը հայոց պատմության ամենահետաքրքիր դրվագներից է, որը տեղի է ունեցել Մ.թ. 4-րդ դարի կեսերին։ Այն մանրամասն նկարագրված է պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից։

Ինչո՞ւ առևանգվեցին աճյունները.

Մ.թ. 364 թվականին պարսից արքա Շապուհ II-ը ներխուժեց Հայաստան։ Նա գրավեց Բարձր Հայքի Անի-Կամախ (այժմյան՝ Կեմախ, Թուրքիա) ամրոցը, որտեղ գտնվում էր հայոց թագավորների գերեզմանատունը։ Հին պարսկական հավատալիքների համաձայն՝ եթե տիրանաս թշնամի երկրի արքաների ոսկորներին, ապա նրանց հետ միասին կտիրանաս նաև այդ աշխարհի փառքին, հաջողությանն ու քաջությանը։ Այդ նպատակով Շապուհը հրամայեց քանդել դամբարանները և հայ թագավորների ոսկորները տեղափոխել Պարսկաստան։

Ճակատամարտ և ազատագրում.

Պարսկական զորքերը աճյունները ավանակների վրա բարձրացրած տանում էին դեպի Պարսկաստան։ Այս լուրը հասավ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Նա հավաքեց հայոց բանակը, արագ հասավ նրանց հետևից և Այրարատ նահանգի տարածքում՝ Շիրակի դաշտում, կատաղի ճակատամարտ տվեց։ Հայկական զորքը լիակատար հաղթանակ տարավ։ Պարսիկները խուճապի մատնվեցին և փախուստի դիմեցին՝ թողնելով ավարը և հայոց թագավորների մասունքները։

Վերաթաղում (Աղձք).

Աճյունները հետ բերելուց հետո Վասակ Մամիկոնյանը և Տիրան արքան որոշեցին դրանք այլևս չտանել հեռավոր և անապահով Կամախ։ Մասունքները վերաթաղվեցին Արագած լեռան լանջին՝ Աղձք (Ձորափ) գյուղում։ 4-րդ դարի երկրորդ կեսին այստեղ կառուցվեց հոյակապ դամբարան, որի որմնախորշերում առանձին-առանձին ամփոփվեցին հեթանոս և քրիստոնյա հայ թագավորների ոսկորները։ Հետագայում՝ 5-րդ դարում, դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի։

Այսպիսով, Վասակ Մամիկոնյանի շնորհիվ հայոց պետականության և փառքի խորհրդանիշ հանդիսացող ոսկորները մնացին հայոց հողում։ Պահպանված համալիրը մինչ օրս հանդիսանում է հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության և պատմության կարևորագույն հուշարձաններից մեկը։

Ինչու՞ պատմեցի այս ամենը։ Ես այսօր չկարողացա դիտել ՀՀ ՊՆ զորահանդեսը։ Տեսնելով առկա զինտեխնիկան, միտքս իսկույն գնում էր Բաքու, և աչքիս առաջ այնտեղ գերության մեջ գտնվող հայոց սպառազինությունն էր գալիս, որն Ալիևը դրել է ցուցադրության՝ ի նվաստացում Հայոց Աշխարհի …

Զորահանդեսները կրկին ինձ համար իմաստ ձեռք կբերեն, երբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից դուրս կմղվեն տեղակայված թշնամական ուժերը, երբ Արցախը կրկին կվերահայանա, երբ Բաքվի գերությունից կազատագրվի հայկական սպառազինությունը, կվերադարձվի Հայաստան և Արարատ լեռան հայացքի ներքո՝ նրանցից կձուլվի հսկայական հուշարձան՝ ի հիշատակ Հայրենիքի համար զոհված քաջորդիների և ի փառս՝ Հայոց Բանակի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել