Ավարտվեց Հայ Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Շարունակական կրթության Գորիսի կենտրոնում կազմակերպված «Տարբերվիր, առաջնորդիր փոփոխությունը» ամառային դպրոցը։
Երկշաբաթյա դպրոցի նպատակն էր՝ տարատեսակ ինտելեկտուալ և ժամանցային խաղերի, մարզական, մշակութային միջոցառումների, ազգային երգ ու պարի ուսուցման, հիշարժան վայրերի այցելության շնորհիվ երեխաների ամառային հանգիստը դարձնել առավել բովանդակալի ու հետաքրքիր:
«Ամառային դպրոցը օգնում է երեխաներին զարգացնել և ձևավորել սեփական արժեհամակարգը, ձեռք բերել նոր հմտություններ՝ համատեղելով այն հաճելի ժամանցի հետ: Ամառային դպրոցը օգնում է մասնակիցներին նաև հաղթահարել իրենց բարդույթները՝ նրանց տարբեր միջոցառումներում ներգրավելու միջոցով: Ճամբարն իր մեծ ներդրումն ունի յուրաքանչուրի կառուցողական և գաղափարական մտածելակերպի, ինչպես նաև աշխարհայացքի զարգացման վրա»֊վստահեցրեց ՀԱՀ֊ի Գորիսի կենտրոնի պատասխանատու Հայարփի Ավանեսյանը։
Ամառային դպրոցին հրավիրված էին նաև տարբեր խոսնակներ, որոնց հետ հանդիպումների ընթացքում ներկայացվում էին խոսնակի փորձը, անցած ճանապարհը, մասնագիտական նրբությունները, մասնագիտական կողմնորոշման հիանալի գործիք էր, որ անուղղակիորեն ուղղորդում էր պատանիներին և աղջիկներին։
Ճամբարական Անի Վանյանի համար ճամբարը մեծ հնարավորություն էր նոր մարդկանց հետ ծանոթության և մտերմության համար։ «Յուրաքանչյուրս գեթ մեկ անգամ պետք է մասնակցենք ճամբարին, դա այնպիսի փորձառություն է մարդու կյանքում, որից պետք է բոլորը օգտվեն, և կզգան թե այդ մի քանի օրերը ինչպես են վերածվում հեքիաթի»,- ասաց մեկ այլ ճամբարական Լանա Ղարաքեշիշյանը:
Ամառային արձակուրդներին կազմակերպված դպրոցը բացի գիտելիքների, ընկերների ձեռքբերումից ևս մեկ առաքելություն ուներ` այն է երեխաների ակտիվ հանգիստն անցկացնել առանց հեռախոսի և ապահովել շփում հասակակիցների հետ։