Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Գորիսի պետական համալսարանում երկար տարիներ դասավանդած Ալբերտ Ավագի Մկրտչյանը:
Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմն իրենց խորին վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մտերիմներին:
Ալբերտ Ավագի Մկրտչյանը ծնվել է 1945 թ. դեկտեմբերի 3-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Տեղի դպրոցը։
1964 թ.-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Ֆիզմաթ» բաժինը։ Առաջին կուրսից զորակոչվել է Սովետական բանակ։
1970 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Գորիսի նորաբաց մանկավարժական ինստիտուտի «Ֆիզիկա» բաժինը և որպես դասախոս անմիջապես աշխատանքի անցել ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում:
1974-77թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ Վերադառնալով Գորիս՝ աշխատանքի է անցել Գորիսի մանկավարժական ինստիտուտում։
1986-1992 թթ. եղել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրեն։
Աշխատած տարիների ընթացքում մեծ հեղինակություն է վայելել ուսուցչական, աշակերտական և ծնողական կոլեկտիվների շրջանում։
1992-2021 թթ. եղել է Գորիսի պետական համալսարանի դասախոս: