Գորիսը օր օրի փոխվում է` բարեկարգվում են փողոցները, ստեղծվում են նոր ու գեղեցիկ միջավայրեր, տնկվում են ծառեր ու ծաղիկներ, որպեսզի մեր քաղաքը լինի ավելի կանաչ, մաքուր, խնամված ու բարեկեցիկ։
Այս ամենի հիմքում մեծ աշխատանք, ժամանակ ու միջոցներ են ներդրվում։ Բայց կա մի բան, որը միայն համայնքը չի կարող անել՝ պահպանել ու խնամել այն, ինչ ստեղծում ենք միասին։
Այս օրերին Գորիսի որոշ հատվածներում նորատունկ և արդեն իսկ կանաչապատված ծառերը ջրի պակասից սկսում են չորանալ։ Իսկ երբեմն բավական է շատ փոքր ուշադրություն՝ մի քանի րոպե ժամանակ և մի քանի դույլ ջուր, որպեսզի ծառը շարունակի ապրել, կանաչել ու տարիներ շարունակ զարդարել մեր քաղաքը։
Ծառ տնկելը միայն սկիզբն է։ Իսկ նրա աճն ու պահպանումը մեր բոլորի հոգատարության արդյունքն է։
Եկե՛ք չխնայենք մի քանի կաթիլ ջուրը մեր քաղաքի համար։ Եթե ձեր տան, բակի կամ աշխատավայրի մոտ ծառ կա՝ ջրե՛ք այն։ Այդ փոքր քայլով դուք ոչ միայն ծառ եք փրկում, այլև պահպանում եք Գորիսի այն գեղեցիկ տեսքը, որի ստեղծման համար բոլորս միասին աշխատում ենք։
Գեղեցիկ ու կանաչ Գորիսը միայն համայնքի աշխատանքը չէ։
Այն մեր ընդհանուր տունն է, և նրա կանաչը պահպանելը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։