Շնորհակալ եմ, Բժի՜շկ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի բնակչուհի Սյուզաննա Գաբրիելյանը, շնորհակալական նամակ է ուղարկել Գորիսի ԲԿ֊ի ՖԲ էջին, որտեղ մասնավորապես ասված է
«Բարև Ձեզ։
Ես’` Սյուզաննա Գաբրիելյան եմ, Խոտ գյուղից, բայց բնակվում եմ Գորիս քաղաքում։ Հունվարի 20֊ին սուր ցավերով տեղափոխվել եմ Գորիսի բժշկական կենտրոն։ Մի շարք հետազոտություններից հետո պարզվել է, որ ունեմ լեղաքարային խնդիր, որը շատ զարմացրեց ինձ, քանի որ 2019թ֊ին մայիսի 14֊ին մայրաքաղաքի ԲԿ֊ներից մեկում արդեն վիրահատել և հեռացրել էին լեղապարկս։ Իրենց ասելով վիրահատությունն անցել էր լավ, սակայն ցավերս չէին դադարում. որը վերագրում էին աղեստամոքսային համակարգին։
Գորիսի ԲԿ֊ում ինձ կրկնակի վիրահատեցին։ Վիրաբուժական բաժանմունքի վարիչ, հրաշալի վիրաբույժ Նարեկ Թունյանի շնորհիվ բաց վիրահատությամբ հեռացվեց ծայրատը, որը երկու սկրեպով կպցրել և թողել էին նախորդ վիրահատության ընթացքում, որից առաջացել էր 1.1 սմ քար։
…իմ կյանքը փրկեց բժիշկ Թունյանը։
Ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել Գորիսի ԲԿ֊ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ Նարեկ Թունյանին հուսադրող խոսքերի, ջերմ վերաբերմունքի, հոգատար աջակցության և անսահման ուշադրություն համար։
Երբ հուսահատ գալիս ես և ժպիտով գնում, ապա գիտակցում ես, որ Աստծո օրհնությամբ քեզ հանդիպել են լավագույնները։ Շնորհակալ եմ Ձեզ, որ իմ պայքարում հավատացիք ինձ, որ ինձ թևեր տվեցիք։ Մարդ մեծատառով, ով կյանքեր նվիրել գիտի։
Շնորհակալ եմ նաև անեսթեզիոլոգական ծառայության ղեկավար Սոկրատ Առաքելյանին, բարդ վիրահատության ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալ մոտեցման և մասնագիտական հմտությունների համար։ Շնորհակալ եմ տնօրինությանը, որ ունի ժպիտ նվիրող բուժանձնակազմ և կարողանում է այսպիսի մթնոլորտ ապահովել»։