Ընտրություն՝ հանուն քաղաքական փորձի և պետական մտածողության

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Էս ընտրություններում ես իմ ձայնը տվել եմ «Հայաստան» դաշինքին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին։ Երեք ուժեղ ընդդիմադիր ուժերի միջից պետք ա որոշեի՝ որին ընտրել։ Մտածեցի և որոշեցի ընտրել «Հայաստանը»։ Որովհետև «Հայաստան» դաշինքի թեկնածուն, ի տարբերություն մյուս երկու ուժերի, քաղաքական գործիչ ա, ոչ թե գործարար։ Դա շատ կարևոր ա։ Գործարար լինելն իհարկե բնավ վատ բան չի, շատ լավ բան ա, բայց ուժեղ գործարար լինելու և ուժեղ քաղաքական գործիչ լինելու համար տարբեր տաղանդներ են պահանջվում։

Ես իհարկե գիտեմ, որ հայաստանցիների մի ոչ փոքր մասը Քոչարյանի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք։ Դա հիմնականում կապվում ա Մարտի մեկի ողբերգության հետ։ Ես ինքս մարտի մեկին Երևանի հրապարակներում չէի, որովհետև հիվանդանոցում էի։ Շտապ վիրահատություն պահանջած քաղցկեղս եթե հայտնաբերված չլիներ, ես հրապարակներում կլինեի, որովհետև իմ հոդվածներով ակտիվ մասնակիցն էի եղել 2008-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած շարժման։ Հետո հիվանդանոցից դուրս եկա, նորից սկսեցի գնալ Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին, և լսելով մարտի մեկին հրապարակներում եղած ընկերներիս պատմածները, ինքս էլ, հիշում եմ, ատելությամբ էի լցվել Քոչարյանի նկատմամբ․․․ ․․․

Հետո տարիներ տարիներ անցան, 2008-ի պարտված շարժումից հետո ես մասնակցեցի շատ ուրիշ քաղաքական/նախընտրական/բողոքի շարժումների, որոնք բոլորն էլ պարտվեցին։ Իմ կուտակած փորձը խանդավառության հակված սիրտս տխրությամբ լցրեց, բայց նաև օգնեց ինձ՝ քաղաքական իրադարձությունները վերլուծելիս ազատվել սև-սպիտակի կաղապարից, դեպքերին նայել տարբեր կողմերից։ Եվ փոխել վերաբերմունքս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Նախորդ՝ 2021 թվի ընտրություններում, երբ Նիկոլին հեռացնելու իմպերատիվը արդեն ակնհայտ էր, ես որոշեցի ձայնս տալ Ռոբերտ Քոչարյանին։ Հեշտ որոշում չէր։ Երկար մտածում էի։ Երբ վերջնական որոշումս կայացրի, դրա մասին հրապարակային գրեցի իմ կայքում․ ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ։ Հիշում եմ՝ գրածս դրեցի ֆեյսբուքում, տակը թեժ քննարկում գնաց։ Հիմա կարդում եմ՝ ինձ առարկող ընկերներիս մեծ մասի դիրքորոշումները կարծես նույնն են մնացել։ Իսկ իրավիճակը մեր հայրենիքում փոխվել ա՝ մենք 2021-ի ընտրություններով չկարողացանք հեռացնել մեզ պարտության տարած Փաշինյանին, մնացինք փոսի մեջ և կորցրինք Արցախը։ Եթե հիմա նորից ձախողվենք արդեն Ալիևի դրածո դարձած Փաշինյանին հեռացնելու հարցում, շուտով կարող ենք կորցնել նաև Հայաստանը։

Էսօր, երբ գրում եմ էս տողերը, երկուհազարքսանվեց թվականի հունիսի տասն ա։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Նիկոլի թիմը ամենաշատ ձայներն ա հավաքել, բայց ոչ էնքան շատ, որ խորհրդարանում ինչ ուզի անի։ Կռիվը չի ավարտվել, կռիվը շարունակվում ա։ Էս կռվում հաղթելու համար՝ զինվենք համբերությամբ։ Եվ իմաստնությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել