Շնորհակալ եմ, բժի՜շկ
Արմատներով գորիսեցի, բայց Ջերմուկի բնակչուհի Աննա Հակոբյանը Գորիսի ԲԿ֊ին է հղել իր շնորհակալական խոսքը, որում մասնավորապես ասված է…
«Ես Աննա Հակոբյանն եմ, բնիկ գորիսեցի, բայց ապրում եմ Ջերմուկ քաղաքում։ Վերջերս առողջական խնդիրներ ունեի, վիրահատության կարիք կար և որոշեցի վիրահատության գործընթացը վստահել հարազատ բնօրրանիս հմուտ բժշկական թիմին։
Ու չսխալվեցի…
Անսահման շնորհակալությունս եմ ուզում հայտնել Գորիսի Բժշկական Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ողջ անձնակազմին, հանձին բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանին և անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյանին։
Հարգելիներս արտահայտել շնորհակալությունս բառերով չափազանց դժվար է, բայց ուզում եմ ասել, որ անկեղծորեն գնահատում եմ Ձեր հոգատարությունը, մասնագիտական գիտելիքները և մարդկային ջերմությունը։ Ձեր շնորհիվ ոչ միայն բուժվեցի, այլև ուժ ու վստահություն ստացա՝ հաղթահարելու դժվար պահերը։
Շնորհակալ եմ Ձեր ուշադրության, համբերության և անկեղծ հոգատարության համար։ Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլև իրական առաքելություն։
Աստված Ձեզ առողջություն և ուժ տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր ու բարի գործը»։