Եթե Ռուսաստանը 200 տարի առաջ Իրանից վերցրած Արևելյան Հայաստանը զիջի Թուրքիային, ապա կասկած չունենաք՝ Արևելյան Հայաստանի հետ լինելու է այն, ինչ եղել է Արևմտյան Հայաստանի հետ․ Միհրան Հակոբյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Իմ այն կարծիքին, որ Ռուսաստանը Արցախի հարցում «գցել է» իր դաշնակից Հայաստանին, և դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Նիկոլն Ալիևին մարտի դաշտում պարտվելուց առաջ պարտվել է Մոսկվայում, Արթուր Դանիելյանն արձագանքել է առ այն, որ Մոսկվան չէր կարող այլ կերպ վարվել և Ռուսաստանի այդ վարքագիծը գալիս է դեռ 1990-ականների վերջերից:

Արթուրի թեզն այն է, որ Ռուսաստանի շահերը վաղուց այլ բան են թելադրել, և աչքի տակ ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը՝ Մոսկվան այլընտրանք չուներ և պետք է Ղարաբաղն ու հայերին «մատաղ աներ» թուրք-ադրբեջապական դաշինքին, որպեսզի ստիպված չլիներ գործել միաժամանակ 2 ճակատներում:

Ինչ խոսք, համաձայն եմ, որ Մոսկվան ցանկացել է ռեսուրսները կենտրոնացնել եվրոպական ուղղությամբ: Բայց համաձայն չեմ, որ Մոսկվան այդպես է վարվել, որովհետև ռեսուրսները չեն բավարարել: Ռուսաստանի մարդկային, նյութատեխնիկական ու գիտելիքային ռեսուրսները բավարարար են, որպեսի պատերազմի միաժամանակ 2, նույնիսկ 3 ճակատներում:

Խնդիրը ռեսուրսը չէ, խնդիրն այն է, որ ցանկացած բանական արարած եթե կարող է խուսափել 2 ճակատով գործելուց, ուրեմն պետք է խուսափի: Իսկ Նիկոլն իր գործածով ու չգործածով ռուսներին տվել է 2 ճակատների վրա ռեսուրսներ ներգրավելուց խուսափելու հնարավորությունը: Ինչը, ի դեպ, Հայաստանի նախկին որևէ ղեկավար չի տվել:

Օրինակ՝ 2011-ից սկսած Ալիևին «Սմերչ» համակարգեր էին վաճառել, բայց բալանսը չխախտելու համար նաև Սերժ Սարգսյանին էին «Սմերչ» տվել: Իսկ թե դրանք ինչպես են Սաակաշվիլիի ղեկավարած Վրաստանի օդային տարածքով Հայաստան ու Արցախ հասել, մի ուրիշ առիթով կպատմեմ: Ավելին՝ Մոսկվան Սերժ Սարգսյանին «Իսկանդեր» էր տվել, որը նույնիսկ միութենական պետության մաս կազմող Բելառուսին չէր տալիս:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ամենամեծ առեղծվածներից մեկը «Իսկանդերի» չկիրառումն է: «Իսկանդերով» նախ հնարավոր էր ավարտել պատերազմը դեռ չսկված, եթե 2020-ի սեպտեմբերի 25-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին Նիկոլը թույլ տար հարվածել Հորադիզում կուտակված ու դեռ չբացազատված ադրբեջանական խմբավորմանը:

Պատերազմի ընթացքում էլ «Իսկանդերով» հնարավոր էր շարքից հանել Ադրբեջանի կառավարման համակարգը, կրիտիկական ենթակառուցվածքները, այրել նավթամուղն ու Բաքվի նավթի պահեստները: Երևի մի օր կիմանանք, թե իրականում ինչու չի կիրառվել «Իսկանդերը»…

Նաև հուսանք, որ մի օր Հայաստանի նախկին նախագահները կգաղտնազերծեն իրենց կառավարման ժամանակաշրջաններում Մոսկվայում տարված աշխատանքների «նրբությունների» մասին տեղեկատվությունը, և բոլորի համար պարզ կլինի, թե ինչպես են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը կարողացել տարիներով Մոսկվայում ատամներով պահել Հայաստանի և Արցախի շահերը, և թե ինչպես է 2018-ից հետո իրեն Չէ Գևարա երևակայած աշխարհաքաղաքան Գիքորը Մոսկվայում ոտքին գցել ու հանձնել եղած-չեղածը:

Եվ, եթե, անգամ, Ռուսաստանի շահերը Կովկասում այլ բան էին թելադրում, ապա Նիկոլի իշխանության գալը Մոսկվայի համար, փաստացի, «երկնքից մանանա էր», որովհետև Հայաստանի կառավարիչ էր դարձել մեկը, որի հետ կարելի էր վարվել այնպես, ինչպես չէր կարելի վարվել Հայաստանի Երրորդ Հանրապետության նախկին ղեկավարների հետ: Կասեք՝ Նիկոլը հենց դրա համար է 2018-ին բերվել իշխանության, չգիտեմ, համենայն դեպս՝ այդպիսի պնդում չէի անի:

Ինչևէ, վերադառնանք Ռուսաստանին: Համոզիչ չեն բոլոր այն տեսակետները, թե Մոսկվան Հարավային Կովկասից պատրաստվում է ընդմիշտ հեռանալ: Ավելին՝ կա տպավորություն, որ Ռուսաստանն իրեն այնքան վստահ է զգում, որ քանի դեռ «գլուխը խառն է» Ուկրաինայով, թույլ է տալիս մրցակիցներին, օրինակ՝ Թուրքիային, իրենից տանել այնքան, ինչքան կարող են՝ համոզված լինելով, որ պատեհ ժամանակին հետ կբերի իրենից վերցրածը, դեռ մի բան էլ՝ ավել:

Կստացվի՞. դժվար է ասել, կյանքը ցույց կտա: Ամեն դեպքում Հարավային Կովկասը Ռուսաստանի կենսական շահերի տիրույթն է: Ով հակառակը կհամոզի, իմացեք՝ նա աշխարհագրությունից ու աշխարհաքաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Որովհետև կա պարզ բանաձև, որը գիտեին դեռևս կայսրություն ստեղծող Մոսկովիայի ցարերը՝ չկա Հարավային Կովկաս, ուրեմն չկա Հյուսիսային Կովկաս, չկա Հյուսիսային Կովկաս, ուրեմն չկա Պովոլժիե, չկա Պովոլժիե, ուրեմն չկա Սիբիր: Այս «դոմինոյի» որ քարն էլ ընկնի, ռուսական պետությունը քանդվելու է:

Այս ճարտարապետության մեջ կա նաև մեկ ուրիշ բանաձև՝ ռուսների համար Հարավային Կովկասի բանալին Հայաստանն է: Սրա համար են ռուս կայսրերը 200 տարի առաջ Հայաստան վերաստեղծել: Իսկ մեր օրերում Հայաստանում մնալու բանալին, եթե կուզեք՝ գինը, Ղարաբաղն է: Հավատացնում եմ՝ առանց հայկական Արցախի Ռուսաստանը Հայաստանում ժամանակավոր երևույթ է, և հասկացողները (նաև Մոսկվայում) այդ մասին շատ լավ գիտեն:

Հենց սա է ինձ հիմք տալիս պնդելու, որ Ղարաբաղի հարցը, եթե կուզեք՝ Հայկական հարցը, փակ չէ, ու պետք է պատրաստվել Ռուսաստանի հետ որակապես այնպիսի նոր հարաբերությունների, որ այլևս երբեք Մոսկվայում դաշնակցին «գցելու» գայթակղություն չառաջանա:

Ասվածը ֆուտուրիստական ժանրից չէ, ոչ էլ բարի ցանկությունների շարքից է: Ասվածը հաշվարկ է, նախ և առաջ այս հարցերը պետք է տրվեն բոլոր նրանց, ովքեր ուզում են Հայաստանում իշխանության գալ: Որովհետև, եթե այս հարցերին հավակնորդները պատասխան ու առաջարկելիք չունեն, ավելի լավ է իրենց քիթը բնից դուրս չհանեն:

Միաժամանակ, եթե կան մարդիկ, որ համակերպվել են, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից անվերադարձ հեռացել է կամ հեռանում է, ապա պետք է ազնվություն ունենան և ողջունեն Նիկոլի՝ Հայաստանի վիլայեթացման ծրագիրը: Որովհետև Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է, թե Հայաստանում Ռուսաստանի այլընտրանքը Արևմուտքն է կամ Իրանն է:

Իրականությունն այն է, որ Հայաստանում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, քանզի ակնհայտ է՝ մեծ խաղում ժամանակակից Իրանը «երկու ոտքից կաղում է», իսկ արևմտյան շահ ասվածը բացահայտորեն պատվիրակված է Թուրքիային: Ճիշտ այնպես, ինչպես Սիրիայում է արևմտյան շահը պատվիրակվել Թուրքիային:

Եվ, եթե Ռուսաստանը 200 տարի առաջ Իրանից վերցրած Արևելյան Հայաստանը զիջի Թուրքիային, ապա կասկած չունենաք՝ Արևելյան Հայաստանի հետ լինելու է այն, ինչ եղել է Արևմտյան Հայաստանի հետ: Կարճ ժամանակի հարց է:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել