Դրական դիտանկյունից նայենք․ ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Ադրբեջանը, ԱՄՆ-ը, Հայաստանը, իսկ որպես նախաբան՝ ընդհանուր տեքստի մասին։
Պարաֆավորում, ոչ թե ստորագրում
Իրավական իմաստ – «Պարաֆավորում» նշանակում է, որ տեքստը նախնական համաձայնեցված է, բայց դեռևս իրավական ուժ չունի մինչև վերջնական ստորագրումը և վավերացումը։ Այս պահին կողմերը դեռ կարող են փոփոխություններ առաջարկել։
Թակարդ – Պարաֆավորված տեքստը սովորաբար դառնում է 90% անփոփոխ, և հետագա փոփոխությունները շատ դժվար են։ Եթե այնտեղ կան միակողմանի օգտակար կետեր Ադրբեջանի համար, Հայաստանը գրեթե չի կարողանա դրանք հանել։
Ռազմավարական հետևանք – ԱՄՆ-ի մասնակցությունը որպես վկա պարտադրող գործոն է՝ հետագա մանևրների սահմանափակմամբ։
Մինսկի խմբի փակումը
Իրավական իմաստ – Մինսկի խմբի ավարտը նշանակում է, որ հակամարտության վերաբերյալ միջազգային միջնորդական մանդատը փակվում է։
Թակարդ – Հայաստանը կորցնում է միջազգային իրավական հարթակը, որտեղ կարող էր ներկայացնել իր դիրքորոշումը ապագա սրացումների դեպքում։
Ռազմավարական հետևանք – Ադրբեջանը ֆիքսում է «հակամարտությունը փակված է» դիրքորոշումը և դուրս է բերում թեման միջազգային օրակարգից։
«Անխափան կապ» Ադրբեջանի և Նախիջևանի միջև
Իրավական իմաստ – Տերմինը «անխափան» (unimpeded) միջազգային իրավունքում նշանակում է անցման իրավունքի ապահովում առանց սահմանային կամ մաքսային արգելքների, նույնիսկ եթե ուղին անցնում է այլ պետության տարածքով։
Թակարդ – Սա կարող է վերածվել Լաչինի միջանցքի նման իրավական ռեժիմի, որտեղ Հայաստանը կորցնում է լիարժեք վերահսկողությունը։
Ռազմավարական հետևանք – Եթե կոնկրետ վերահսկողության մեխանիզմները չսահմանվեն, Ադրբեջանը կարող է փաստացի ունենալ սուվերենության տարրեր այդ ուղու վրա։
TRIPP նախագիծ
Իրավական իմաստ – Տեքստում նշված է, որ Հայաստանը «կհամագործակցի» ԱՄՆ-ի և այլ պայմանավորված գործընկերների հետ։ «Կհամագործակցի» բառը պարտավորեցնող է, ոչ թե կամընտիր։
Թակարդ – ԱՄՆ-ն ստանում է իրավական հիմք պահանջելու ծրագրի իրականացում և ներգրավվածություն Հայաստանի ներքին ենթակառուցվածքային քաղաքականության մեջ։
Ռազմավարական հետևանք – Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի տարածաշրջանային նախագծերի հանգույց, ինչը կսահմանափակի մանևրները Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ։
Ադրբեջանի ձեռքբերումները
– Ավելի կարճ ճանապարհով կապ հաստատեց Նախիջևանի հետ՝ չեզոքացնելով Իրանից իր կախվածությունը՝ այս ուղղության վրա։
– Նոյեմբերի 9-ով ՌԴ հովանու ներքո ձևակերպված և Հայաստանից պահանջվող միջանցքը ստացավ ԱՄՆ հովանու ներքո։
– ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ Ադրբեջանը որպես պետություն ճանաչվել է Եվրոպայի կողմից՝ նախապայմանով, որ ագրեսիա չպետք է կիրառի Արցախի կոնֆլիկտի լուծման ընթացքում, խախտել է այն, փաստացի ագրեսոր է, բայց Հայաստանի թեթև ձեռքով մաքրագործվեց և ագրեսոր դարձավ Հայաստանը՝ հետագա ծանր հետևանքներով։
– 907 բանաձևի չեղարկում, որտեղ ԱՄՆ Սենատի կողմից ֆիքսվել էր Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը և իրական հողի վրա դա ուներ հետևանքներ՝ Ադրբեջանը զրկված էր ԱՄՆ առաջադեմ տեխնոլոգիաներից և զենքերից օգտվելու հնարավորություն, հիմա այդ դռները լայնորեն բաց են իր համար։
– Հայ գերիների և Բաքվում ապօրինի դատվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին ոչ մի հիշատակություն։
– Ադրբեջանը չունի ոչ մի պարտավորություն՝ բացել որևէ կոմունիկացիա՝ փաստացի շարունակելով պահել Հայաստանը բլոկադայի մեջ։
– Նոր էջից ռազմավարական համագործակցություն ԱՄՆ հետ։
– Հայաստանի փոքրացում, չեզոքացում, աշխարքաղաքական թզուկի վերածում։
ԱՄՆ ձեռքբերումները
– Շռնդալից մուտք տարածաշրջան՝ կոնֆլիկտի քննարկման և խնդրի լուծման հիմնական հարթակ դառնալու հետագա մեծ ամբիցիաներով։
– Չինաստանից Եվրոպա ճանապարհի վրա տարածաշրջանում 43 կմ հատվածում վերահսկողություն սահմանելու մեծ հնարավորություններ։
– ՌԴ, Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի ազդեցության փոքրացում տարածաշրջանում։
Հայաստանի ձեռքբերումները
– Նիկոլը ընդունվեց ԱՄՆ նախագահի կողմից, ձեռքով բարևեցին նրան, ներս հրավիրեցին, զբոսնեց Սպիտակ տանը։
– Բարձր որակի նկարներ ունեցավ Թրամփի հետ, մինչ այդ եղած նկարում Մակրոնը կարծես բռնել էր, որ չփախնի , անհարմար դրության մեջ էր քցում։
– Համատեղ ասուլիս ունեցավ Թրափի հետ, նրան անգլերենով հարցեր տվեցին, որոնց շուրջ ինչ որ բաներ արտաբերեց։
Հ․Գ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը Հայաստանի և Ադրբեջանի իրավունքներից ու ցանկություններից վեր է, իրենց քաշային կատեգորիայում չէ, բայց այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են կատարվում։
Հ․Գ․2 Հայաստանին որպես ՌԴ դաշնակից, տարածաշրջանից ՌԴ-ն դուրս հանելու շրջանակներում սատկացրին, մեզ մնաց գտնել իրական դաշնակիցներ, որոնք կան ու միշտ եղել են, իրականացնել մեր շահերից բխող քաղաքականություն և ամեն ինչ իր տեղը քցել՝ ի նպաստ մեզ։