ԳՊՀ-ում մեկնարկել է 2026-2027 ուստարվա գիտական խորհրդի աշխատանքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Երեկ Գորիսի պետական համալսարանում գումարվեց ԳՊՀ գիտական խորհրդի՝ 2026-2027 ուստարվա առաջին նիստը, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ռեկտորը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի նորանշանակ գիտական քարտուղարին՝ ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյանին՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր գործունեություն՝ ի շահ համալսարանի զարգացման և գիտական խորհրդի աշխատանքների պատշաճ կազմակերպման։

Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ-ում կազմակերպված «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով ուսանողական հանրապետական գիտաժողովի արդյունքներին, գրադարանի՝ 2025-2026 ուստարվա գործունեության հաշվետվությանը, Գորիսի պետական համալսարանում գիտահետազոտական նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհների տրամադրման կարգի նախագիծը հաստատելուն, ՈւԳԸ նախագահի թեկնածության հաստատմանը, տպագրության երաշխավորմանը և ընթացիկ այլ հարցերին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում գիտաժողովի պատասխանատու քարտուղար Գայանե Շաբունցը գիտական խորհրդին տեղեկատվություն ներկայացրեց հունիսի 29-30-ին կայացած «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի արդյունքների մասին:

Ռեկտոր Տ. Վանդունցը շնորհակալագրով պարգևատրեց ԳՊՀ ՈՒԽ նախագահ Գարիկ Դալլաքյանին՝ Գորիսի պետական համալսարանում 2026 թվականի հունիսի 29-30-ը կայացած «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի կազմակերպական աշխատանքներում ցուցաբերած նախաձեռնողականության և աջակցության համար:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ԳՊՀ գրադարանի՝ 2025-2026 ուստարվա գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ գրադարանի վարիչ Նուարդ Շալունցը, ներկայացրեց գրադարանի արդի վիճակը, ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, առկա խնդիրները և անելիքները: Քննարկման արդյունքում ի գիտություն ընդունվեց բաժնի՝ 2025-2026 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունը:

Օրակարգի երրորդ հարցի շրջանակում գիտական քարտուղար Լուիզա Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրեց Գորիսի պետական համալսարանում գիտահետազոտական նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհների տրամադրման կարգի նախագիծը: Քննարկումներից հետո գիտական խորհրդի անդամները հավանություն տվեցին նախագծին:

ՈՒԳԸ նախագահի թեկնածության հաստատման հարցի շրջանակում ռեկտոր Տ. Վանդունցը առաջարկեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 4–րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի թեկնածությունը, որը նաև «Լավագույն ուսանող–2025» հանրապետական մրցույթի հաղթողներից է: Գիտական խորհուրդը միաձայն որոշեց ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ նշանակել Ա. Ղազարյանին։

Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարցեր. տպագրության երաշխավորվեցին պ.գ.թ, իրավագիտության դոցենտ Մալիկ Թելունցի «Հայաստանի կացությունը 16-18-րդ դարերում և հայ ազատագրական շարժումները: Ազատագրական շարժման իրավաքաղաքական միտքը» աշխատությունը և ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս Հերմինե Ալավերդյանի «Սոցիալականացման և սոցիալ-մանկավարժական ծառայության արդի միտումները» մենագրությունը` հաշվի առնելով աշխատանքների վերաբերյալ ստացված դրական կարծիքները:

Անդրադարձ եղավ ընթացիկ հարցին.գիտխորհուրդը քննարկեց «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում համալսարանի որոշ մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններում նոր մոդուլներ ներդնելու առաջարկը:

Ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ 2027–2028 ուսումնական տարում մոդուլների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել