Գորիսում կայացել է «Փոխանցումավազք» ռազմամարզական նախաձեռնության էստաֆետի փոխանցման արարողությունը
Մայիսի 22-ին Գորիս քաղաքի Տաթևացու հրապարակում կայացավ ՀՀ զինված ուժերի պատմության մեջ ամենախոշոր ռազմամարզական միջոցառման՝ «Փոխանցումավազք» նախաձեռնության էստաֆետի փոխանցման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ, զինվորականներ և պաշտոնատար այլ անձինք։
«Փոխանցումավազք» ռազմամարզական նախաձեռնությունը Հայաստանի զինված ուժերի պաշտպանության համակարգում կազմակերպվող ամենախոշոր միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետություն ամբողջ տարածքով՝ ընդգրկելով շուրջ 1450 կիլոմետր երթուղի։
Ազգային սպորտի օրվան ընդառաջ՝ Գորիսի կենտրոնական հրապարակում կազմակերպվել էին նաև սպորտային մրցաշարեր, որոնց մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից և սեռից։ Օրվա ընթացքում հանդես եկան նաև զորամասի զինծառայողներն ու Գորիսի մշակույթի տան ներկայացուցիչները՝ ներկայացնելով երաժշտական և մշակութային կատարումներ։
Ռազմամարզական միջոցառումը կավարտվի մայիսի 27-ին։ Հիշեցնենք, որ նախաձեռնության մեկնարկը տրվել էր մայիսի 21-ին, իսկ մեկնարկող խմբին ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձն էր փոխանցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Լրագրող` Արմինե Սիմոնյան