Ակսել Բակունցի կենսագրության ուսումնասիրությունը երկար ժամանակ աչքի է ընկել մասնակիությամբ։ Թեպետ նրա ստեղծագործությունը արժանացել է քիչ թե շատ պատշաճ ուսումնասիրության, կյանքի որոշ անկյունադարձեր՝ հատկապես թիֆլիսյան և խարկովյան տարիները, այլ կենսագրական հատվածներ, մինչ օրս լիարժեքորեն չեն բացահայտվել։ Դրա հիմնական պատճառներից են արխիվային վավերագրերի սակավությունը և դրանց գիտական շրջանառության մեջ ուշ հայտնվելը։
Վերջին տարիներին Ակսել Բակունցի տուն-թանգարանում իրականացված արխիվային վերանայումների արդյունքում ի հայտ են եկել բացառիկ վավերագրեր, որոնք նոր լույս են սփռում նրա կյանքի անհայտ կամ աղոտ ներկայացված հատվածների վրա։ Այդ վավերագրերից հատկապես ուշագրավ է նամակագրությունը Բակունցի եղբոր՝ Վահան Բակունցի և Թորգոմ Գևորգյանի միջև։ Նամակները վկայում են Բակունցի մտերիմ և բազմաշերտ հարաբերությունները Գևորգյան եղբայրների՝ Թորգոմի, Արտաշեսի և Սերոբի հետ, որոնք ծագումով Խոտորջուրից էին։
Թորգոմը մանրամասն անդրադառնում է Բակունցի ընտանիքի հետ ունեցած շփումներին Գորիսում(1918թ.), թիֆլիսյան ու խարկովյան շրջաններին։ Այս վկայությունները արժեքավոր են ոչ միայն անձնական հաղորդակցության, այլև Բակունցի սոցիալական փորձարարությունների, գաղափարական որոնումների և կազմակերպչական ակտիվության տեսանկյունից։ Առանձնակի կարևորություն ունի Դոմբասում կազմակերպված Խոտորջուրցիների հավաքը Բակունցի նախաձեռնությամբ, որը նախապատրաստեց նրանց վերադարձը և կոմունայի հիմնադրումը։
Նամակագրության մեջ ուշադրության են արժանի նաև Բակունցի և Արտաշես Գևորգյանի հարաբերությունները՝ կապված 1922 թ. Թիֆլիսում Եղեռնի կազմակերպիչներից Ջեմալ փաշայի սպանության իրադարձությունների հետ։ Միևնույն ժամանակ, փաստագրվում են Գևորգյան եղբայրների՝ մասնավորապես Սերոբի և Արտաշեսի քաղաքական գործունեության դրվագները, որոնք առնչվում են նաև Բակունցի հետ. նրանք ձերբակալվել են նույն գործի շրջանակներում և նույնիսկ գտնվել նույն բանտախցում։ Այս փաստերը Բակունցի կալանավորման համատեքստում նոր լույս են սփռում նրա քաղաքական դիրքորոշումների և ճակատագրի վրա։
Այս վավերագրերը ոչ միայն հարստացնում են Ակսել Բակունցի կենսագրական հյուսվածքը, այլև խորացնում նրա աշխարհայացքի ուսումնասիրությունը՝ պատմության լուսանցքում եղած մի շարք կարևոր հանգամանքներ դուրս բերելով գիտական շրջանառության մեջ։
Վերոնշյալ #թեմայի շուրջ իմ լավ գործընկերների հրավերով օգոստոսի 15֊ին(ժամը 11։00) զեկուցում եմ ներկայացնելու Ակսել Բակունցի տուն-թանգարանում` «Կյորես-2025» գիտամշակութային նախաձեռնության շրջանակում։