Անմեղության կանխավարկածն ու բարոյականության առեղծվածը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սարի թաղի Վրեժը, Վոժդն ու Ճայը։

Անմեղության կանխավարկածն ու բարոյականության առեղծվածը։

Շատերդ եք տեսել երևի տեսանյութը, որտեղ Վազգեն Սարգսյանը պատմում էր առավել քան զվարճալի պատմություններ Սարի թաղի Վրեժի մասին։ Իսկ մինչ այդ Վրեժը, որը միայն չհասկացա բառի տասնյակ հնչերանգներով հարյուրավոր մտքեր էր հայտնում, լրիվ պեռվի կրուգ էր։ Պարանոցներից կախած նռնակներով, ավտոմատավոր ու գնդացրավոր, Վրիժառու ջոկատի մորուքավոր մարտիկներն իսկական ահ ու սարսափ էին տարածում Հայաստանում/ տեղակայված էին Վարդենիսում/ ու նաև Ադրբեջանում։ ՆԳ նախարարը ստորագրում ու կնքում էր փաստաթուղթը, որի համաձայն Վրեժն էր տնօրինում ՆԳՆ ուղղաթիռը։ Վրեժը մտնում էր դատախազություն, դատախազը հետևի դռնով զգուշորեն հեռանում էր։ Պարետային ժամ իրականացնող ՀՀՇ ջոկատայինները մեղմօրոր լքում էին պոստերը, երբ վրիժառուները Կամազներով մտնում էին Երևան։

Վրեժին բազմիցս կալանավորել են, նույնիսկ փորձել խփել։ Բայց իմ հիշողության մեջ թարմ է մնացել էստոնացիների նկարած վիդեոն՝ Վրեժը սարի գլխին, մի ձեռքին ծանր գնդացիրը իսկ մյուս ձեռքին շղթայակապ առյուծը։

Իմ Արտակարգ գրքում կարող եք կարդալ, թե ինչպես Վրեժի հետ հաղորդում պատրաստեցինք Վրժառու ջոկատի մասին, ինչ դժվարությամբ համոզեցի, որ Վազգեն ու նախագահ հայհոյելու փոխարեն, ինքը պիտի արտաբերի՝ վերջացավ ֆիդայական պայքարը, բոլորս պիտի միավորվենք ու ստեղծենք հայկական բանակ։ Իսկ այդ ժամանակ Վրեժը տարել էր հանրապետության բոլոր Չայլկա մակնիշի մեքենաները, ՀԱԲ-ը՝ բազմաթիվ Ուազիկներ։ բազմաթիվ զինված ջոկատներ կային, իրարից անկախ ու նաև իրար դեմ։ Իսկական քաոս էր, միլիցիան համազգեստ չէր հագնում համարյա, միլիցիայի մեքենաներն էլ էին առևանգում, շրջում, հրկիզում։ Ամենուր կրակահերթեր էին, զոհեր, վիրավորներ, անիշխանություն։ Սա դեռ ներսում։ Դրսից սովետական յոթերորդ ու չորրորդ բանակներն էին։ Յոթը մեր կողմում էր, չորրորդը՝ հակառակորդի։ Ամբողջ Հայաստանը ողողված էր ադրբեջանցիներից հալածված ու մազապուրծ հայերով՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ․․ Այսքան երկարացրեցի, որ մեծերը հիշեն, իսկ երիտասարդներն էլ պատկերացնեն, թե ինչ պատկեր էր 89-90թթ․

Այսօր մեր Վազգեն Առաջին Վեհափառի հիշատակի օրն է, ու թիկունքի շունչ կտրող ծակոցի պես աչքիս առաջ է իմ ու Վրեժի վեճը։ Տարել էին Չայկան, Գազ 24-ներ։ Ճային հիշատակեցի, որովհետև նա վազվրատ արեց բարձրաստիճան հոգևորականներից մեկի մեքենան։ Իսկ Վրեժը մտել էր Վեհարան ու հորդորել Վեհափառին օրհնել իր զենքը։

– Ով է քեզ թույլ տվել սպառնալ ու ահաբեկել Վեհափառին։

– Չհասկացա, բա ասում եմ՝ զենքս օրհնի, ասում ա՝ զավակս, ես ազգ օրհնող եմ, մանուկ օրհնող եմ, ես մեր անկախությունը պիտի օրհնեմ, բայց նման տոն հանդուրժող չեմ, դուրս եկեք այստեղից։

– Լրիվ Անդրանիկ էիր հա քեզ ձևակերպել։

– Չհասկացա, ախպեր, ասի՝ դուքով ես խոսում, ես էլ խոսամ, մտաք Վարդենիս / Վեհափառը խոստացել էր անձամբ կնքել բռնագաղթած հարյուրավոր հայ երեխաների/ սաղիդ Սևան խեղդելու եմ։

Վեհափառն, իհարկե, կնքեց երեխաներին, բայց, ցավոք, ավելի ուշ։

Խառնակ ժամանակներ էին, ահավոր ծանր իրավիճակ։

Մարդը և օրենքը, Մարտական պոստում հաղորդաշարերից ու Լրաբերից հետո, որտեղ ծանոթացա համարյա բոլոր ջոկատների հրամանատարների հետ, ինձ համարյա զոռով տարան ՆԳՆ, ու սկսվեց 02-ը՝ իր մանկական հիվանդություններով, վրիպում-սխալներով, հանցագործության դեմ պայքարով, ՊՆ-ի ձևովորումով, պատերազմ-խաղաղությունով, բայց անընդհատ սովորելով։ Հետո եկավ արդեն միջազգային փորձը՝ իրավական պրոպագանդա, արտակարգ իրավիճակների լրատվություն, ճգնաժամային հաղորդակցություն, տեղեկատվական անվտանգություն։ ՆԱՏՕ-ում ու Եվրամիությունում Արտակարգ ալիքը ներկայացվեց որպես լավագույն փորձ։ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագրում, Արտակարգ ալիքը ներկայացված էր առանձին տողով։ Իննսուն թվականից սկսած համագործակցել եմ բոլոր լրատավամիջոցների ու լրագրողների հետ, անկախ սեռից ու կուսակցական պատկանելությունից, որովհետև պատերազմի և արտակարգ իրավիճակների ժամանակ ազգային շահը, պետության վարկն ու անվտանգությունը ամեն ինչից վեր են, ու միշտ էլ կոչ եմ արել լրագրողներին՝ ատելության խոսքով ու չարությամբ, ապատեղեկատվությամբ ու տրոլներով չխցանել տեղեկատվական խողովակները, ամենակարևորը, հավատարիմ մնալ մասնագիտությանը։ Նույնն էլ՝ պետական պաշտոնյաներին։ Տարիները շատ արագ են անցնում։ Հավատացնում եմ ձեզ, Աստված վերևից, դուք՝ հայելու մեջ, ներքևից, ձեզնից հաշիվ եք պահանջելու։

Ես հիմա ինձնից հաշիվ եմ պահանջում՝ ինչու չես ընդվզում քացու տակ գցած անմեղության կանխավարկածի անընդհատ ոտնահարման դեմ, գահավիժող բարոյականությունը օդի մեջ բռնաբարող խոսք ու վարքի դեմ, կուսակցական թայֆայականության՝ երկրիս ավիշը կլանող ու քարուքանդ անող, բեսպրիդելի դեմ։ Սրբազաններս բերդում, որոնց ճանաչում եմ, ոչ միայն հարգում եմ, այլև պատկառանք ունեմ։ Եթե աշխարհի մի կողմում հայի ներկայացնելու լինեի, հաստատ Միքայել Սրբազանին կառաջարկեի, որովհետև մյուս կողմ արդեն Բագրատ Սրբազանին էի առաջարկել։ Էլ չեմ խոսում էն լուսի պես աղջկա՝ Լիդիայի մասին։

Դեռ երբեք չէի տեսել, որ չապացուցված հանցանքն այդքան հանրայնացվի, աչքներս մտցվի այն էլ ոչ իրավապահների կողմից, հիմնականում նույն մարդիկ՝ պատգամավոր ու իշխանավոր, կամ էլ անաչառ փորձագետ։ Էդ որտեղ եք պարտակել նախաքննության գաղտնիքը, անմեղության կանխավարկածը, մարդու իրավունքները։ Գաղտնալսում, գաղտնանկարահանում, օպերատիվ տվյալներ, գործակալական ցանց, քննչական օրինական գործողություններ՝ սրանք քննության, պետության շահերին պիտի ծառայեն, երկրի անվտանգությանը, իրավական նիհիլիզմի բացառմանը, օրենքի ու պետական մարմինների նկատմամբ հավատի ու վստահության, նաև հարգանքի ձևավորմանը։ Եվ տեղեկատվական վճիտ հոսքերի, տեղեկատվական անվտանգության, ճգնաժամային հաղորդակցության, բարոյահոգեբանական տանելի մթնոլորտի հայրն ու հեղինակը, պետական մարմինները պիտի լինեն։

Պետական կառավարման մարմինների ղեկավարներին լրագրողները հարց են տալիս, փոխանակ պառասխանեն, պարզաբանեն, ներկայացնեն, սկսում են կռիվ տալ ընդիմադիրների դեմ։ Հասարակ հարց են տալիս, որը առիթ է քո արածն ու անելիքը ներկայացնելու, սկսվում է չարախոս ու հայհոյախոս նախկինանեյնիմ, որը հակադարձման առիթ է ձևավորում։ Շատ մեծաթիվ մարդիկ կան, որոնք ոչ մեկիդ էլ չեն համակրում, որ նորմալ խոսքի են կարոտ, մարդկային, մասնագիտական, իրազեկ ու իրավասու, անաչառ ու ըստ էության։ Դու ժողովրդի հետ հաղորդակցվիր, իրեն անհրաժեշտ, օգտակար ու հետաքրքրող տեղեկություն տուր, ոչ թե անընդհատ վեճի առիթ տուր։

Առաջին նախապայմանը՝ ազգային համերաշխություն, տուրբուլենտությունը փոփոխվող աշխարհում մեծանում է, մեր ազգային դիմակայունությունը նվազում։ Խեղդվելիս ոչ մեկիս իր կուսակցական պատկանելությունը չի փրկելու։

Ազատ արձակեք մեր Սրբազաններին, մեր ազգային բարերարին։ Քննություն տարեք, ով մեղավոր է՝ խստորեն պատժեք։ Մի մեծ հույս ունեմ, որ մեր ազգի մեջ սերն ավելի շատ է, ու սերը մեզ կփրկի։

Վերջին տարիների մեր կյանքի կինոն վատթարագույն սցենարներով զարգացավ՝ կորուստներ, ցավեր, ողբերգություն ու հիասթափություն, բայց էլի Թումանյանի պես՝ Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել, Վատը` լավ եմ տեսել ես։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել