Մեր հին գյուղը՝ Ազատաշեն (Ալղուլիշեն, Ուրղունիշեն)
Հիշողությունը միայն անցյալ չէ։ Այն պարտք է ապագայի հանդեպ։ Եթե մենք պատմենք Ուրղունիշեն մասին, ապա մեր գյուղը կապրի ոչ միայն քարտեզների, այլև սերունդների հիշողության մեջ։
Հայտնի հայ պատմաբան Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) աշխատությունը՝ «Հայ-թաթարական ընդհարումները Կովկասում (1905–1906)», ինչպես նաև 1905–1906 թվականների «Մուրճ» և «Մշակ» թերթերում հիշատակում է նաև Ալղուլիշենի դեպքերը՝ որպես Զանգեզուրի այն հայկական գյուղերից մեկը, որի բնակիչները կազմակերպել էին ինքնապաշտպանություն։ ,,1905 թվականին գյուղը շրջապատվեց տեղացի և քոչվոր թարաքամա մահմեդական զինված խմբերով։ Նրանք պահանջում էին, որ գյուղը հանձնվի, սակայն գյուղացիները հրաժարվեցին և կազմակերպեցին պաշտպանություն։ Ալղուլիշենցիները երկու ամբողջ օր դիմադրել են՝ մինչև Գորիսից ռուսական զորքի (կազակների) հասնելը։Գյուղացիները պաշտպանվում էին իրենց ունեցած հրացաններով,կանայք և երեխաները պատսպարված էին, մարտը հիմնականում մղվում էր գյուղի մատույցներում,,։ Ներսես վարդապետի հաղորդմամբ՝ 10 գյուղացի սպանվել է, 20 տուն այրվել է, գյուղի մոտ կեսը թալանվել է։ Ա-Դոն նաև նշում է, որ երբ ռուսական զորքը հասավ Ալղուլիշեն, հարձակվողները նահանջեցին՝ կրելով զգալի կորուստներ։ Թեև ռազմական առումով գյուղը լիովին չէր ընկել, բնակիչները համոզված էին, որ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ։ Նրանք թողեցին իրենց տներն ու արտերը և հեռացան։1906 թվականի հունվարի 4-ի «Մշակ» թերթը գրում է, որ Ալղուլիշենը դատարկվել էր. մնացած հայերն էլ կազակների ուղեկցությամբ հեռացել էին։ Ըստ նույն աղբյուրի՝ 20–25 ընտանիք տեղափոխվել էր Խնածախ, մյուսները՝ հարևան հայկական գյուղեր։ Մի քանի տարվա ընթացքում ալղուլիշենցիները աստիճանաբար վերադարձան իրենց այրված գյուղերը։ 1914 թվականի պաշտոնական տվյալներով Ալղուլիշենում արդեն կրկին բնակվում էր 347 մարդ։ Նրանք կարողացան խաղաղ ապրել հայրենի գյուղում մինչև 1918 թվականը…