Ճանաչի՛ր արմատներդ․ այնտեղ է քո ինքնության ուժը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Տարիքի հետ մի տարօրինակ ու խոր զգացողություն է արթնանում․ աշխարհի աղմուկը մի պահ լռում է, ու սկսում ես ականջ դնել ներսիդ ձայնին։

Ու հանկարծ հասկանում ես, որ քո մեջ խոսում ես ոչ միայն դու, այլև տասնյակ, հարյուրավոր մարդիկ, որոնց արյունը կրում ես երակներումդ։

Որտեղ էլ լինեմ՝ ուսանողական լսարանում, դասընթացի սրահում, թե սովորական տաքսու մեջ, մի հարց կա, որ գրեթե ինքնաբերաբար տալիս եմ զրուցակցիս․

«Իսկ դո՞ւ որտեղից ես, որտե՞ղ են արմատներդ»։

Ինձ համար սա պարզապես աշխարհագրություն կամ քաղաքավարի հետաքրքրություն չէ։

Սա մարդու ինքնության, նրա ամրության ու ողնաշարի չափումն է։

Ես ծնվել եմ Սիսիանում՝ քարեղեն, հպարտ ու խոր արմատներ ունեցող մի հողում։ Ջանացել եմ հնարավորինս շատ բան իմանալ նախնիներիս մասին։

Իհարկե, պապերիս գծով կան բաց էջեր՝ որտեղի՞ց են հասել այստեղ, ինչպիսի՞ ճանապարհ են անցել։ Տատիս ճյուղն ավելի լավ գիտեմ։

Գուցե դա բնական է․ կանայք, տատիկները պատմությունների, ավանդույթների ու հիշողության լուռ պահապաններն են, նրանք են մանրամասն փոխանցում տոհմի շունչը, երբ տղամարդիկ հաճախ լռում են իրենց բաժին դժվարությունների մասին։ Բայց այդ լռության ու բաց էջերի մեջ էլ մի մեծ խորհուրդ կա, որն անընդհատ կանչում է պրպտելու։

Առանց արմատների մարդը նման է քամուց քշվող տերևի․ որքան էլ գեղեցիկ սավառնի օդում, առաջին իսկ անձրևից հետո հողին է հավասարվելու։

Իսկ երբ գիտես, թե ում շարունակությունն ես, քեզ ոչ մի փոթորիկ չի կարող տեղից շարժել։

Դու հասկանում ես, որ քո համառությունը, աչքերիդ գույնը, բնավորությանդ շեշտերը, անգամ դժվարությունները հաղթահարելու ձևը պատահականություն չեն։ Դրանք դարերի փորձություն անցած գեներ են։

Եթե այս պահին կարդում ես այս տողերը, կանգ առ ու քեզ հարց տուր․

-Որքա՞ն լավ ես ճանաչում քո արմատները։

-Ի՞նչ գիտես պապիդ պապի մասին։

-Ի՞նչ պատմություններ ունես, որոնք դեռ չես հասցրել գրի առնել։

Քանի դեռ կողքիդ կան ավագները, հարցրո՛ւ։

Լսի՛ր նրանց, գրի՛ առ յուրաքանչյուր անուն ու դրվագ։

Իմացեք ձեր ակունքները, որովհետև արմատներին տեր կանգնելը պարզապես հիշողություն չէ․ դա արժանապատվություն է և այն միակ հենարանը, որի վրա կարելի է ապագա կառուցել։

Կցված նկարը’ Գետաթաղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Վ.Ա

02.11.2026

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել