ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ 30 ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆ
«Սյունիքի երիտասարդները ավելի կանաչ Սյունիքի համար» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում տեղադրվեց 30 նոր աղբաման։ Նախաձեռնությունն իրականացվել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների կողմից՝ քաղաքի մաքրությունը պահպանելու և բարելավելու նպատակով։
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Լիտվայի Դեսպանատան կողմից և իրականացվում Acted Armenia-ի և Գորիսի մամուլի ակումբի աջակցությամբ, չի սահմանափակվել միայն աղբամանների տեղադրմամբ։ Նույն դպրոցի աշակերտները նաև 50 ծառ են տնկել Թումանյան և Հին Գորիս թաղամասերում՝ իրենց ներդրումն ունենալով քաղաքի կանաչապատման գործում։
Հատկանշական է դպրոցի մանկավարժական կազմի ակտիվ դերակատարությունը, ովքեր կարողանում են իրենց սաների մեջ սերմանել քաղաքացիական պատասխանատվության զգացում և նրանց ներգրավել համայնքային կյանքում։ Այս մոտեցումը թույլ է տալիս երեխաներին ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում սովորել հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Դպրոցականների օրինակը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ տարիքից, կարող է իր ներդրումն ունենալ համայնքի բարեկեցության բարձրացման գործում։
Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում թիվ 2 հիմնական դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին և աշակերտներին՝ համայնքային կյանքում ցուցաբերած ակտիվ մասնակցության և համայնքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի համար։