Հայաստանի հարավային դարպասի՝ հազարամյա Գորիսի պատմության մեջ հերթական հիշարժան էջ գրվեց. քաղաքը հյուրընկալեց հազարավոր այցելուների՝ վերածվելով մշակույթի, ջերմ հյուրընկալության և անկեղծ ժպիտների միջավայրի։ Քաղաքը միավորեց իր բնակիչներին ու հյուրերին՝ ընդհանուր ուրախության, ջերմության մթնոլորտում։
Տոնական օրվա կարևորագույն իրադարձություններից էր Թումանյան փողոցի և դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհների բացումը, որոնք վերակառուցվել են ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության շնորհիվ։ 587 միլիոն 373 հազար դրամ արժողությամբ այս նախագծերի 55% համայնքի, իսկ 45% պետության համաներդրումն է։
Քաղաքի սրտում բացված Վիենի պուրակը դարձավ գեղեցիկ նվեր գորիսեցիներին և քաղաքի հյուրերին։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Գորիսում կազմակերպված միջոցառումներին։
Տոնական հանդիսությամբ բացվեցին ու շահագործման հանձնվեցին Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները, որոնք հիմնանորոգվել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերով։
Երկու ծրագրերով ճանապարհների բարեկարգման արժեքը միասին 587 մլն 373 հազ դրամ է։
Օրվա ընթացքում քաղաքի սրտում բացվեց նաև Վիենի (Ֆրանսիա) պուրակը, որը բարեկարգվել ու վերակառուցվել է ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Նորովի ներկայացող հանգստյան գոտու վերաբացումը նվիրված է Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 30-ամյակին։
Այստեղ նաև ծաղկադրում կատարվեց Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարին։
Հանդիսավոր միջոցառումներին ներկա էին նաև Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Տոնակատարության գագաթնակետը դարձավ Հին Գորիսում կազմակերպված ժողովրդական տոնախմբությունը։ Հազարվոր մարդկանց դեմքերին ժպիտը վկայում էր տոնի հաջողության մասին։ Տեղական արտադրանքի ցուցահանդեսը, ավանդական խոհանոցի համտեսը և համերգային ծրագիրը միահյուսվեցին մեկ ընդհանուր ցնծության մեջ։ Գորիսեցիների հյուրընկալությունը, ինչպես միշտ, անսահան էր. յուրաքանչյուր անցորդ հրավիրվում էր ճաշակելու տեղական ուտեստները և վայելելու ազգային երաժշտությունը։
ՀՀ Սյունիքի մարզպետը, Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և բազմաթիվ պաշտոնյաները ևս միացան տեղացիներին՝ վայելելու այս անմոռանալի օրը։ Նրանց ներկայությունը ընդգծեց Գորիսի՝ որպես միջազգային մշակութային կամուրջների կարևոր դերակատարի նշանակությունը։