Լինել-չլինելու խաչմերուկում․ Սիլվա Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
66 Views

Լինել-չլինելու խաչմերուկում

Լույսը բացվում էր: Արեգակի առաջին շողերը ծիկրակում էին սաղարթախիտ ծառերի ճյուղերի արանքով: Աշունն արդեն իր տարերքի մեջ էր, անտառում տերևաթափ էր, թռչունների բազմաձայն դայլայլը ականջ էր շոյում, կարելի էր կարծել, որ հայտնվել ես դրախտում, եթե…, եթե իրականությունն այդքան ցավալի չլիներ…

Զինվորը թափ տվեց բազմագույն տերևների կույտն իր վրայից, որի տակ մղձավանջային գիշեր էր անցկացրել, և ոտքի կանգնեց:

Նա քայլերն ուղղեց անտառի խորքը, որտեղ թաքստոց ուներ: Զինվորը դիպուկահար էր, թշնամու ահ ու սարսափը: Նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում բացահայտել իր տեղը, շատ զգույշ էր գործում:

Թաքստոց հասնելուն պես, երիտասարդը հանեց զինվորական համազգեստը, փոխարինեց այն թաքստոցում պահած քաղաքացիական հագուստով, խնամքով ծալած համազգեստը տեղավորեց թաքստոցում՝ մրմնջալով, սա վերջը չէ, վաղ թե ուշ վերադառնալու եմ և ընկավ մտքերի մեջ…

Դեռ երեկ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս թշնամու դեմ: Կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ իրենց ստորաբաժանումը գերազանցող թշնամուց հերոսաբար պաշտպանվում էին՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ…

Իսկ այսօր իրենք պետք է թողնեն դիրքերը և հանձնեն զենքը․․․ Այդպիսին էր հրամանը…

Երեսուն տարի առաջ լեռան մյուս կողմում հայրն էր կենաց-մահու կռիվ տալիս հայրենի հողի համար: Ուժերը դարձյալ անհավասար էին, հայրը զոհվեց դաժան մարտում՝ առանց տեսնելու որդու ծնունդը: Իսկ խոստացված օգնությունը այդպես էլ տեղ չհասավ: Բնակչությանը տարհանելու կարգադրություն տրվեց՝ նրանց բնաջնջումից փրկելու համար: Մայրն իր հետ վերցրեց միայն փաստաթղթերը և ամուսնու զինվորական համազգեստը՝ որպես թանկ մասունք պահելու համար: Մոր հետ էր երիտասարդի տատը, ով երկրորդ անգամ էր տնավեր լինում…

Ինչպես տատն էր պատմում՝ «Երգրում» ծանր ժամանակներ էին: Ավազակախմբերը վխտում էին ամենուրեք՝ թալանելով և մահ սփռելով իրենց շուրջը: Տատն այդ ժամանակ հինգ տարեկան էր: Այդ օրը զինված ավազակախումբը գրոհել էր իրենց գյուղը: Մայրը հասցրել էր իրեն և երկու տարեկան եղբորը թաքցնել հացատանը: Հրոսակները սպանել էին ընտանիքի մնացած անդամներին: Ահասարսուռ ձայներից վախեցած եղբայրը դուրս էր եկել թաքստոցից և կառչել մոր փեշից: Մայրն աղաչել էր խնայել երեխային, խոստացել էին խնայել, եթե թաքցրած ոսկեղենը իրենց տա: Սակայն ոսկեղենը վերցնելուց հետո սրախողխող էին արել և մորը և եղբորը: Ավազակախմբի հեռանալուց հետո հատուկենտ կենդանի մնացածները գտել էին աղջնակին և բռնել գաղթի ճամփան…

Տատը, պատմելով այդ տխուր պատմությունը, պատվիրել էր երիտասարդին՝ երբեք չապավինել այլոց ողորմածությանը, այլ՝ վստահել միայն իր բազկի ուժին…

Երիտասարդի քայլերը նրան տարան լեռան փեշին տեղակայված իրենց հենակետը: Դիրքը, որի ամեն թիզը սրբությամբ պաշտպանել էին տարիներ շարունակ, դատարկ և լքված էր: Դառնացած սրտով նա ևս ստիպված էր թողնել այն՝ հայացքը հառած կորուսյալ հայենիքի կողմը․․․Մտովի հրաժեշտ տալով հոր գերեզմանին, որին այդպես էլ չկարողացավ այցելել՝ բռնեց տան ճամփան:

Տան ճանապարհին նա հանդիպեց զինակիցներին՝ դարձյալ առանց զինվորական համազգեստի: Լուռ քայլեցին: Ցավը, վիրավորանքը, անորոշությունը նրանց չխոսկան էր դարձրել: Քաղաք հասնելուն պես բաժանվեցին՝ մտամոլոր, ծանր ապրումների բեռան տակ կքած…

Տան դուռը փակ էր, մայրը և կինը ներսում չէին: Սեղանին ուտելիք կար և երկտող: Կինը երեխայի էր սպասում, երկարատև թերսնումը և մշտական տագնապները լուրջ խնդիրներ էին ստեղծել ծննդաբերության համար և բժշկի հսկողության տակ նրանք տարհանման ճանապարհին էին:

Մի քանի օր անց երիտասարդն ինքն էլ բռնեց տեղահանման ճամփան: Մանկական ընկերոջ մեքենայով էր: Լուռ էին, յուրաքանչյուրն իր մտքերի մեջ ամփոփված: Մեքենայի պատուհանից երևացող տեսարանը վհատեցնող էր, երիտասարդը համեմատում էր այն իր ապուպապերի անցած գաղթի ճանապարհների հետ: Իր ազգակիցների քանի՜ սերունդներ են անցել նման ճանապարհներով՝ իրենց հետևում թողնելով պատառիկներ կորած հայրենիքից:

Նա կռիվ էր տալիս իր մտքերի հետ. ինչու՞ են այդ իրադարձությունները պարբերաբար կրկնվում, մի՞թե մի օր այդ ամենը վերջ չի ունենալու, մի՞թե անցյալի սխալները դաս չեն դառնում եկող սերունդների համար…

Թշնամու անցակետի մոտ մեքենան կանգնեցրին: Թշնամու կոկիկ հագնված, գոռոզ կեցվածքով զինվորականը նրանցից փաստաթղթեր պահանջեց. « Փաստաթղթեր չունեմ» , պատասխանեց երիտասարդը: « Ինչո՞ւ, անչափահա՞ս ես» հարցրեց թշնամին՝ քամահրանքով:

Երիտասարդի ձեռքերը ակամայից բռունցքվեցին: Թշնամու երկրորդ զինվորականը աչքերը չէր հեռացնում նրա բռունցքներից: Երիտասարդի աչքի առջև մի պահ հայտնվեցին երեխայի սպասող կինը և այրիացած մայրը: Ուժերի լարումով նա թուլացրեց բռունցքները և ասաց, որ փաստաթղթերը այրվել են հրետակոծության ժամանակ: Երկրորդ զինվորականը, որ ակնհայտորեն խուսափում էր կոնֆլիկտային իրավիճակից, ասաց, որ կարող են շարունակել ճանապարհը:

Կրկին ճանապարհին էին: Երիտասարդի ընկերը , որ մինչ այդ լռելայն վարում էր մեքենան , խախտեց ծանր լռությունը.

-Ընկերս, մենք չպետք է ընկճվենք, մենք արժանապատվության կռիվ ենք տվել: Կռվել ենք մեզանից տասնապատիկ անգամ թվով գերազանցող թշնամու լավ զինված ուժերի դեմ: Ծանր կորսուստներ ենք կրել, մարտական դիրքերում հայտնաբերվել են մինչև վերջին փամփուշտը կրակած հարյուրավոր զինվորների դիեր…

Մենք մենակ էինք մնացել այդ անհավասար պայքարում, իսկ մեր հետևում երկար ամիսների բլոկադայի հետևանքով թերսնումից հյուծված բնակչությունն էր, որ ցեղասպանության իրական վտանգի տակ էր հայտնվել…

Սակայն սա վերջը չէ: Մեր պայքարը վերջ չունի: Մենք դեռ վերադառնալու ենք: Իսկ մեր որդիները, ում լույս աշխարհ գալու ճիչերը միախառնվել էին կողքի հիվանդասենյակում պառկած վիրավորների տնքոցների հետ, դեռ կապրեն իրենց բնօրրանում…

Արդեն կեսգիշեր էր, որ հասան սահմանային անցակետին: Դիմացը դարձյալ զինվորականներ էին, բայց այս անգամ համազգեստը օտար չէր… Տեսնելով իրեն հարազատ զինվորական համազգեստով հայրենակիցներին՝ երիտասարդի սիրտը թրթռաց հուզմունքից, նա ակամայից հիշեց այն թաքստոցը, որտեղ իրեն էր սպասում իր համազգեստը և նույնիսկ տրամադրությունը մի փոքր բարձրացավ․ ..<< Դեռ ամեն ինչ կորած չէ, ազգի ապագան մեր ձեռքերում է, եթե ապավինենք մեր բազկի զորությանը՝ մեր հաղթանակի օրը ավելի շուտ կգա>>…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել