Գորիսում հացը թանկացել է 20 դրամով
Գորիս քաղաքի հացի փռերում, մի շարք մթերային խանութներում եւ սուպերմարկետներում հացը թանկացել է 20 դրամով։ Եթե նախկինում միջին չափի մատնաքաշը կարելի էր գնել 200 դրամով, ապա հիմա 220 դրամից ոչ պակաս։
Բնակիչների պնդմամբ այն ազդում է ընտանեկան զամբյուղի վրա, որը ամենօրյա գնումներում երևում է։
«Ես 6 հոգանոց ընտանիք եմ։ Օրվա ընթացքում միջինը 4 հաց եմ առնում` օրը 80 դրամ ավել գումար եմ տալիս։։ 5 եխաներս անչափահաս են, միակ աշխատող ուժը ես եմ։ Էն 2400 դրամի ողջ ամսվա ձեթս կառնեմ»֊չցանկանալով ներկայանալ բացատրում է բնակիչներից մեկը։
Հացի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեցները պնդում են, որ այն պայմանավորված է ալյուրի թանկացմամբ։
« 3-4 ամիս առաջ հացը 20 դրամով էժանացավ, առանց ոչ մի բանով պայմանավորված։ Անգամ ալյուրը չէր էժանացել։ Հիմա վերականգնվել է հացի նախկին գինը, բայց ալյուրի թանկացումից հետո։ Բացի դրանից 15%֊ով բարձրացվել է նաև աշխատակիցների աշխատավարձը։ Գիշերային աշխատողը պետք է նորմալ աշխատավարձ ստանա, որ առավոտյան թարմ հաց ուտեն մեր բնակիչները»,֊զրույցի ընթաքցնում նշեց «Ալիկ Մկրտչյան» ԱՁ տնօրեն Ալիկ Մկրտչյանը։
Գորիսի ալրաղացի սեփականատիրոջ` «Հայկ֊ ժոս» ՍՊԸ֊ի տնօրեն Սպարտակ Հակոբյանի խոսքով թանկացումը սպասելի էր։ Ավելին. վերջինս կանխատեսում է, որ այն նորից կթանկանա։
«Հացի թանկացումը ոչ ինձանով, ոչ փռերի տնօրեններով, ոչ էլ անգամ Սամվել Ալեքսանյանով է պայմանավորված։ Հացի գինը շուկան է որոշում։ Ռուսաստանից երկրորդ կարգի ալյուրը, որից կարող ենք հաց թխել, նախկին 13,5 հազարի փոխարեն գնում ենք 17,5֊18 հազար ռուբլով։ Մոտ մեկ ամիս է, փորձում ենք գները պահել մեր միջոցներով։ Օրինակ անցած ամիս աշխատել ենք 700.000 դրամ մինուսով, այս ամիս հազիվ կարողացանք զրոյացնել ծախսերը։ Մենք գրեթե շահույթ չենք ունենում ալրաղացից։ Եթե մի օր ես որոշեմ փակել այն, հացի գինը ամենաքիչը 20 դրամով ևս կթանկանա։ Թասիբի հարց է այն մեր ձորում պահելը։
Մի փոքր էլ մանրամասնեմ, թե ինչու եմ կրկին թանկացում կանխատեսում։ Պատերազմական իրավիճանով պայմանավորված Ռուսաստանը եթե մի օր որոշի Լարսը փակել, ալյուրի գինը միջինը 150 դոլարով էլի կթանկանա։ Մինչև այլընտրանքային ճանապարհով` օրինակ Կանադայից, Հնդկաստանից կամ Չինաստանից ալյուր ներկրվի, ապա ճանապարաճախսը, ավելացված արժեքի հարկը ավելի թանկ կլինի և դրանից գնային տարբերությունն ավելի բարձր կլինի։
Հիմա Ռուսաստանը Հայաստանի վրա ալյուր չի վաճառում, երևի իր նեղ օրվա համար է պահում։ Ռուսաստանից ցորեն է բերվում Հայաստան։ Տեղափոխության ժամանակ տոննայի համար ևս վճարվում է 7000 ռուբլի և հենց սահմանն անցավ ավելացված արժեքի հարկն էլ ուսերիդ է դրվում։
Մի հատ ՌԴ զանգեք, եթե ծանոթներ ունեք, հարցրեք իրենց մոտ ցորենն ի՞նչ արժե։ Անգամ իրենց մոտ է գնային տարբերություն տվել։
Ե՜վ ցորենն է թանկացել, ե՜վ տեղափոխելու ծախսերն են կրկնապատկվել։ Բնականաբար դա մի տեղ պիտի երևա։ Ես շատ հանգիստ և ուրախ կլինեմ, որ իմ բնօրրանում կարողանամ մատչելի ալյուր մատակարարել»։