Իր գրքի հենց առաջին գլխում Սուն Ցզին նշում է, որ պատերազմի արվեստը կենսական նշանակություն ունի երկրի համար, քանի որ այն ճանապարհ է կամ դեպի ապահովություն, կամ էլ՝ կործանում: Նա նշում է հինգ հաստատուն գործոններ, որոնք որոշիչ դեր են խաղում ծրագրեր ու ստրատեգիա մշակելիս: Այդ գործոններն են՝ բարոյական օրենքները, երկինքը, երկիրը, հրամանատարը, մեթոդն ու կարգապահությունը: Առաջնահերթ նա նշում է բարոյականը, քանի որ «Բարոյական Օրենքը» ժողովրդին հիմք է տալիս լիովին միաբան լինել իր ղեկավարի հետ,այնքան միաբան, որ վտանգից չվախենալով, անգամ սեփական կյանքի գնով գնա նրա հետևից:
Պատերազմի ելքը պայմանավորված է նրանով, թե երկու կողմերից ո՞րն է առաջնորդվում բարոյական սկզբունքներով, երկու հրամանատարներից ո՞վ է առավել պատրաստված, ու՞մ են տրված երկնքի ու երկրի ընձեռած նպաստավոր պայմանները, ո՞ր կողմն է ավելի խստապահանջ, ու՞մ սպայական կազմն է ավելի լավ մարզված, ո՞վ է առավել խստորեն կիրառում կարգապահությունը, ո՞ր բանակում են ավելի արդար ու հաստատակամ լինում պարգևատրելիս ու պատժելիս: Ի վերջո, այս ամենից է կախված հաղթանակը, կամ պարտությունը:
Սուն Ցզին պնդում է, որ այն հրամանատարը, ով կլսի իր տված խորհուրդները և ըստ այդմ էլ կգործի, կլինի հաղթող: Շատ կարևոր է, որ հրամանատարը լինի կարգապահ և հաստատուն օրենքներ կիրառի, պարգևատրի, կամ պատժի հետևողական ու արդար սկզբունքով: Սա այն օրենքներից է, որ պետք է կիրառել նաև մյուս բոլոր բնագավառներում, անկախ նրանից սպորտի մարզիչ ես, որևէ ընկերության նախագահ, թե երկրի ղեկավար: