Մի տեսանյութի հետքերով
Մեր միամիտներն ու անտեղյակները սազն առել են և մի «պետություն» են գովերգում, որն իր գոյության պահից սկսած (1949 թվականից) անհատույց օգնություն է ստացել ԱՄՆ-ից՝ 160 միլիարդ դոլարից ավելի (այդ թվում՝ ռազմական՝ 122 միլիարդից ավելի)։ Սա առանց ինֆլյացիայի հաշվարկման։ Ինֆլյացիան հաշվարկելով՝ 318 միլիարդ դոլարից ավելի։ Բացի այդ՝ ռեպարացիա Գերմանիայից՝ 82 մլրդ դոլարից ավելի։ Այժմ ԱՄՆ-ում հաստատվել է տարեկան 3,8 միլիարդ դոլարի անհատույց օգնությունը մինչև 2028 թվականը, իսկ Բայդենն առաջարկել է ևս 14,5 միլիարդի օգնություն տրամադրել այս տարի։ Ընդ որում՝ հիմնական հատկացումը մշտապես ռազմական հատվածն է եղել, առանձին՝ հակաօդային պաշտպանությունը և տնտեսական հատվածը։ Ընդհանրացնելով, կարելի է ենթադրել, որ նաև այլ երկրներից ստացված անհատույց օգնություններով հանդերձ՝ 500 միլիարդից ավելի օգնություն են ստացել, և շարունակում են ստանալ։ Ովքեր որ եղել են այնտեղ, և մի չնչին պատկերացում ունեն՝ թող պատասխանեն՝ այդ երկրում 500 միլիարդ անհատույց օգնություն ստացածի տպավորություն ստացե՞լ են, թե՝ ոչ… Չեն թալանե՞լ:
Ներմուծվող զինանոցի մոտ 68%-ը մատակարարում է ԱՄՆ-ը, 30%-ը՝ Գերմանիան։ Ի՞նչ ԱՄՆ-ի դաշնակից, ի՞նչ բան…. Ըստ էության այդ երկիրը ԱՄՆ-ի համար առաջին և ամենաարտոնյալ նահանգն է, որովհետև ԱՄՆ-ը իր ոչ մի դաշնակցի երբեք այդքան անհատույց չի օգնել, չի օգնում, և չի օգնելու։ Նույնիսկ իր նահանգներն այդքան աջակցություն չեն ստանում՝ ի՞նչ «դաշնակից»։ Ինչու և ինչպես է փաստացի վերածվել ԱՄՆ-ի արտոնյալ նահանգի՝ այլ հարց է, և հստակ բացատրություն ունի։ Սակայն, դա առանձին թեմա է։
Եվ բավական է մանիպուլյատիվ նյութեր տարածել՝ իբր իրենք մեծից փոքր՝ անխտիր բոլորը սրբեր են, անկաշառ են, ազնիվ են, քարից հաց քամող, դառը դատող, բոլորը գիտնական ու կրթված են, բոլորը հայրենասեր ու ազգանվեր են, և նման լալահառաչ դատարկաբանություններ։ Իրենք իրենց կգովերգեն՝ իսկ ի՞նչ էիք ուզում։ Սակայն դրան անվերապահ հավատալն ու այդ ֆոնի վրա մեր երկիրն ու ժողովրդին արժեզրկելն էլ՝ առանձին տգետ և վտանգավոր արատ է։
Պարզապես գրագետ օտարին, կամ արհեստավարժ խաբեբային կուրորեն հավատալը մեր միամիտ անտեղյակների ընդգծված արատն է, որը նույնպես բուժման կարոտ է։
Տարածվող տեսանյութում ԱՄՆ-ի օգնության մասին նույնիսկ ակնարկ չկա։ Դրանք էլ են երախտամոռ…