Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն Աննա Հակոբյանի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի կողմից «Իմ քայլ»-ը հիմնադրամին արված 70 մլն դրամի նվիրատվությանը և ԶՊՄԿ-ի պարզաբանմանը, թե այդ գումարով կրթական ծրագիր են իրականացվել և կոռուպցիոն ռիսկ այդտեղ չկա։
«Իհարկե կոռուպցիոն ռիսկ կա, ի դեպ ասեմ, որ դեռևս 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին նաև տվել է 200 մլն դրամի նվիրատվություն, այսինքն սա առաջին անգամը չէ։
Ընդ որում, այդ 200 մլն նվիրատվության մեջ էլ մի մութ պատմություն կա․ նվիրատուների ցանկում դա հիմնադրամի ամենամեծ նվիրատվությունն է, որ երբևէ հիմնադրամը իր գործունեության ընթացքում ստացել է մեկ աղբյուրից։
Հիմնադրամի հաշվետվությունների մեջ այդ նվիրատվությունն անանուն է, բայց ես իմացել եմ, որ դա կոմբինատն է տվել, որովհետև իրենք երբ դրամահավաք էին իրականացրել, դրամահավաքի մամուլի հաղորդագրության մեջ տրված էր, որ կոմբինատն է տվել 200 մլն դրամը, բայց իրենց մուտքերի մեջ դա գրել են անանուն, այսինքն փորձել են գաղտնի պահել այդ նվիրատուին»,- հայտնեց Ղազարյանը։ (2019 թվականի դեկտեմբերի 14-ին հրապարակել է «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նվիրատուների ցանկը, որից պարզ է դարձել, որ հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը հիմնադրամին տվել է 200 միլիոն դրամ,-Tert.am):
Ապա Ղազարյանը նշեց՝ հարց է առաջանում՝ Հայաստանում ուրիշ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն չկա՞։
«Այդ կոմբինատն ինչի՞ է որոշել ոչ թե «Լույս» հիմնադրամին նվիրատվություն անի, որը նույնպես ապահովում է երիտասարդների արտասահմանյան կրթությունը, կրթական ծրագրերն, այլ որոշել է նվիրատվություն անել 2018 թվականի հունիսին ստեղծված մի հիմնադրամի, որի հիմնադիրը վարչապետի կինն է և բացի հիմնադիրը լինելուց նաև հանդիսանում է գործադիր տնօրենը։
Ընդհանրապես, եթե նայենք «Իմ քայլ»-ը հիմնադրամի նվիրատուներին, դա մի մաքուր կոռուպցիոն օջախ է։ 2021 թվին այդ հիմնադրամն ունեցել է ընդամենը 301 հազար դոլարի նվիրատվություն, որից 300 հազարը մեկ հոգի է եղել, այն էլ՝ անանուն»,- ասաց Ղազարյանը։
Անդրադառնալով կոմբինատի այն պարզաբանմանը թե իրենք 500-ից ավելի նման ծրագրերի են աջակցել, Ղազարյանը նշեց, որ ակնհայտ է մի բան՝ եթե մի հիմնադրամի գործադիր տնօրենը կամ հիմնադիրը վարչապետի կինն է և հիմնադրամն էլ ստեղծվել է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը մեկ ամիս հետո, այն անունով, որը եղել է իրենց քաղաքական գործունեության կարգախոսը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում էլ ընդգրկված են բացառապես իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ, նման հիմնադրամի հետ ցանկացած համագործակցություն կոռուպցիոն ռիսկ է իր մեջ պարունակում։
«Այդ հիմնադրամը ստվերային մի հատ բյուջե է, որն ապահովում է իրենց ընտանիքի ծախսերը, ունի զրո հրապարակայնություն իր գործունեության մեջ։ Մինչև անցած տարի ոչ մի հաշվետվություն չէին տրամադրել իրենց գործունեության վերաբերյալ, խոշոր նվիրատուները անանուն են պահվում, նման հիմնադրամի հետ ցանկացած նվիրատվություն իր մեջ մեծ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։
Բացի այդ, չգիտես՝ ինչու, այդ կոմբինատը որոշել է իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերել վարչապետի աշխատակազմին։ Ես գիտեմ, որ իրենք ընդհանրապես բարեգործական ծրագրերի մասնակցում են, բայց հատկապես այդ հիմնադրամի հետ ցանկացած համագործակցություն ունի կոռուպցիոն բնույթ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ԶՊՄԿ-ն 70 միլիոն դրամ է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին։
Այս հրապարակմանն արձագանքել էին մասնագետներ և նշել, որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Այսօր ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել, թե ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլ»-ը հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։
Ամալյա Առաքելյան