Վարորդն իր Hummer մեքենայով երեկ երեկոյան հայտնվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության մուտքի դիմաց՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների «կանգ առ» հրահանգին եւ մեքենան վարելով հետիոտնի համար նախատեսված վայրով: Իսկ հետեւանքը եղել է այն, որ վրաերթի է ենթարկվել Պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է նաեւ պարեկային երեք եւ քաղաքացիների ութ մեքենայի։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար պարեկների կողմից գործադրվել է հրազեն՝ Hummer-ի անվադողերի ուղղությամբ, իսկ վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի: Ոստիկաններն արդեն ձերբակալել են վերոնշյալ վարորդին եւ պարզել, որ Hummer-ը շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանի կողմից։ Իսկ թե ով է վարորդը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԻ հետ զրույցում:
– Տեր հայր, որպես հոգեւորական, ի՞նչ կասեք երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին:
– Իրապես զարմացած եմ, որովհետեւ երեկվա կեսգիշերային Երեւանը հիշեցնում էր ամերիկյան մարտաֆիլմ, բայց, փառք Աստծո, որ զոհեր չունեցանք եւ առանց անդառնալի կորուստների ավարտվեց այս միջադեպը: Հետաքրքիրն այն է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում հաշվառվված Hummer-ը սրանից տարիներ առաջ հայտնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատույցներում: Երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանն, աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին, որի գործողություններն օրենքով այդպես էլ չպատժվեցին, իսկ հիմա նույն մեքենայի ղեկին հայտնվել է նրա որդին:
– Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք եւ ի՞նչ քայլերով է ժամանակին աչքի ընկել Գեղամ Սահրադյանի հայրը:
– Երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Այսօր առավոտյան արդեն Արարատ քաղաքում խոսում էին, որ երեկվա միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին երեկ ապօրինություն էր գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում եւ ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» եւ «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի երեկվա դեպքերին ականատես չլինեինք:
– Ի դեպ, ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձերբակալված վարորդի մոտ խուզակության ժամանակ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:
– Այն ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ այդ հակաեկեղեցականները թմրանյութի ազդեցության տակ էին, երբ ներխուժել էին Մայր Աթոռ: Եթե այն ժամանակ ոստիկաններն ազնիվ մղում ունեցող հավատացյալների ձեռքից խմբով չպաշտպանեին այդ Hummer-ը եւ վարորդին ու մնացյալ մասնակիցներին, որոնք ուղղորդված եկել էին վնասելու ու ոտնակոխելու մեր սրբություններն, այսօր առիթ եւ կարիք չէր նկատվի այդ նույն ոստիկանների կողմից հենց այդ մեքենան հետապնդելու: Հետեւապես, եթե ժամանակին որեւէ ապօրինություն կանխվի օրենքի ուժի համաձայն, ապա հետագայում չենք ճաշակի դրա դառը պտուղները: Ժամանակի թողտվության արդյունք էր երեկվա միջադեպը, որովհետեւ եթե հոր գործած մեղքը կանխվեր, այսօր որդին չէր ընկնի նման պատմության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ