Շենք-շենք կորցնում ենք Գորիսի դիմագիծը. որոշ մարդիկ պատրաստակամ չեն պահել հինը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
485 Views

Ժայռերի քաղաք Գորիսի ճարտարապետական առանձնահատկությունների և դիմագծի պահպանման մասին Goris Times-ը խոսել է երիտասարդ ճարտարապետ Արտակ Խոջաբաղյանի հետ:

Գորիսը հետաքրքիր հատակագիծ ունի։ Քաղաքը նման է ամրոցի։ Ի՞նչ նպատակով է ընտրվել կառուցման այս ձևը։

– Քաղաքը շատ կանոնիկ ճարտարապետություն ունի, ու աշխարհի եզակի քաղաք այգիներից է։ 1800-ականների սկզբից սկսել է կամաց-կամաց կառուցվել ։ Այստեղ տեսնում ենք Գորիսի ձորի երկայնքով, (ըստ հատակագծի) գետին գրեթե զուգահեռ ձգվում են փողոցներ, որոնք հատվում են իրենց ուղղահայաց փողոցներով։ Այսինքն՝ ստանում ենք բնակելի վանդակային բլոկներ, որոնց եզրերով տեղադրված են տները ու ընդհանուր առմամբ քաղաքը ամրոցի տեսք է ստանում։ Որտեղ տուն չկա, տնից-տուն պատեր կան դրված, այսինքն՝ ամեն մի վանդակ կարող ես մտնել միայն տան մուտքով։ Ենթադրություն կա, որ կառուցման այս տարբերակը ընտրել են հաշվի առնելով այն ժամանակվա Գորիսի խիստ խոնավ կլիման։ Պատերով պարփակելու շնորհիվ պաշտպանել են տան միջի այգին քամուց և անկանոն անձրևաջրերից:

Ճարտարապետական ո՞ր առանձնահատկություններն են Գորիսը դարձնում յուրահատուկ ու խիստ տարբերվող։

Գորիսը իր ուրույն դեմքն ունի։ Այստեղ շենքերի պատերը բարքյաշ շարվածքով են կառուցված։ Գորիսի Վարարակն գետում կոր, օվալաձև շատ քարեր են եղել, որոնցով կրի շաղախի օգնությամբ տներ են կառուցել։ Հետաքրքիր է, որ ցնցումների ժամանակ կլոր այդ քարերը իրար մեջ խաղում ու բևեռացնում են երկրաշարժի ուղղահայաց և կտրող-հորիզոնական ուժերը, ինչի շնորհիվ շենքը միանգամից չի քանդվում։ Ինչ երկրաշարժ ունեցել ենք, ըստ իմ տեղեկությունների, Գորիսում ոչ մի շենք չի փլվել։ Ճաքեր եղել են, բայց չեն փլվել։ Նման շարվածք կա նաև Շուշիում։ Հետո՝ Գորիսի տների բոլոր պատուհանները տարբեր են։ Կրկնվող չեք գտնի։ Ամեն վարպետ նոր տուն կառուցելիս փորձել է նորություն ստանալ։ Իսկ քաղաքի կենտրոնի տների զգալի մասը մշակութային հուշարձան են համարվում և նախարարության վերահսկողության տակ են գտնվում։ Կա նաև առուների հետաքրքիր ցանց, որ վերևից ջուրը վերցնում է, ոռոգում է ներքին այգիները, կազմակերպում անձրևաջրերի հեռացումը, քաղաքը մաքրում է փոշուց ու նորից տերևներով հանդերձ թափվում գետի մեջ:

– Զարգացող շատ քաղաքներում ընտրվում է պատմամշակութային շերտի պահպանման և դրա զգուշավոր արդիականացման քաղաքականությունը։ Գորիսում հետևու՞մ են զարգացման այս ուղղությանը։

Հուշարձան Գորիսում։ Լուսանկարը Արտակ Խոջաբաղյանի

Գորիսը հիմա զարգանում է, բայց ցավոք տենդենց է նկատվում, որ բարքյաշ ոճը ծածկում են բազալտի սրբատաշ քարերով, կամ նոր շենքերը կառուցելիս հաշվի չեն առնում, որոշակի նրբություններ։ Եթե ձևափոխում ես և լրիվ նույնությամբ չես պահպանում շինության տեսքը ու դրան ասում՝ վերականգնում, բնականաբար սխալ է։ Մենք ունենք հսկայական տարածքներ, որտեղ քաղաքը կարող է ծավալվել ու զարգանալ, կարող ենք իրականացնել տարբեր ոճերի մենատների նախագծեր, բայց ոչ հենց հին Գորիսի տարածքում: Օրինակ՝ Գորիսյան ոճով փայտե դարպասի ու պատշգամբի տան մոտ կարող ես տեսնել գրեթե ամբողջությամբ ապակեպատ շինություն։ Կամ՝ այն պատշգամբը, որտեղից զորավար Անդրանիկն ու Նժդեհն են ելույթ ունեցել, կարող է ամրացվել շատ ակնհայտ տարբերակով՝ օրինակ մետաղով, որ դու տեսնես սա հինն է և նրան պահում է այս մետաղական կարկասը։ Մարդկանց ստվար զանգված պատրաստակամ չէ պահելու հինը, այդ պատճառով էլ անում են բազալտով կամ ցեմենտով երեսպատում։ Շենք-շենք իրար հետևից մենք կորցնում ենք քաղաքի դիմագիծը։

– Այս դեպքում, որո՞նք են քաղաքաշինության անելիքները նման սխալները ուղղելու և թույլ չտալու համար:

Կանգառ Գորիս քաղաքում։ Լուսանկարը Արտակ Խոջաբաղյանի

Առաջնային անելիքը Գորիսի բնականոն զարգացմանը, նախ չխանգարելն է։ Պետք է եղածը պահել, իսկ հինը վերականգնել նույնությամբ ։ Հնարավո՞ր է Ռոդենի գործը դարձնել ավելի լավը, իհարկե ոչ: Գորիսը կա, լավն է, ուղղակի պետք է խնամել իրեն և չփչացնել։ Անգամ բնիկ գորիսեցուն կարող է չհետաքրքրել, թե որ թվականին ու ով է կառուցել այն տունը, որը պատրաստվում է ձևափոխել: Այս մտածողությունն է, որ մաշում է քաղաքի ճարտարապետությունը։ Եթե ես տեսնեմ, ոնց են մուրճով քանդում Միքելանջելոյի քանդակը, կամ այրում «Մոնա Լիզա» կտավը, ես ամեն ինչ կանեմ այդ երևույթը կանխելու համար։ Նույն կերպ բարձրաձայնում եմ Երևանի ծանրաբեռնվածության , քաղաքային ոչ ճիշտ պլանավորման մասին: Մշակույթը կամ հուշարձանը մեկ մարդունը կամ համայնքինը չէ,   միայն իմ կամ գորիսեցու խնդիրը  չէ պահել Գորիսի ճարտարապետությունը, այլ բոլոր ճարտարապետների կամ մշակույթը սիրողների։ Դերակատարում ունի նաև համայնքի մշակութային զարգացվածությունը։ Երբ նույն այդ հասարակության շատ անդամներ չգիտեն հայկական երգեր ու պարեր, չգիտեն՝ ինչ է գեղանկարչությունը կամ ճարտարապետությունը , որն է համարվում դասական երաժշտություն, մեխանիկորեն բոլոր ոլորտներում էլ նկատվում է ճգնաժամ և անտարբերություն։

-Իսկ ճարտարապետությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդու աշխարհայացքի վրա։ Կարո՞ղ է նպաստել ավելի լավը դառնալուն։

Դուք ուզում եք, որ 2,4 մ առաստաղով տան ապրողն ու 3 մետրանոց առաստաղի տակ մեծացող մարդը նու՞յն կերպ մտածեն։ Կամ մարդ, որը ապրում է անարև, մռայլ որևէ կացարանում և արևոտ, մեծ պատշգամբով ու բնության տեսարանով տան ապրողը։ Այս մարդիկ տարբեր որակներ են ունենալու։ Նույն կերպ քաղաքի ընդհանուր տեսքը կարող է ներազդել։ Ամեն ճարտարապետ իր հետքը պատության մեջ թողնելու է ու այդ պարտասխանատվությունը ամեն սերունդ պետք է ունենա հանրության առաջ։

Հուշարձան
Հուշարձան Գորիսում, լուսանկարը Արտակ Խոջաբաղյանի

-Հայաստանում կրթական համակարգը բավարա՞ր է բանիմաց, մրցունակ ճարտարապետ ձևավորելու համար:

Ոչ այնքան: Հիմա մեզ մոտ միջին վիճակագրական ճարտարապետը մենատան նախագծի իրականացման ժամանակահատվածի մեկ երրորդը հետազոտում է, երկու երրորդը նախագծում, իսկ դրսում հակառակն է՝ 2/3 -ը հետազոտում են, իսկ 1/3- ը նախագծում։ Այնտեղ մանրամասն հետազոտում են, հասկանում՝ ինչ պատմություն ունի տեղանքը, քաղում են մաքսիմալ ինֆորմացիա, անգամ հարևան տների բնակիչներին հարցուփորձ անում, թե ինչ շենք են պատկերացնում ու նոր մի քանի ամիս հետո նախագծում։ Այդ պատճառով այստեղի մասնագետներից շատ քչերն են դրսի համար աշխատում։ Մեկն էլ անհրաժեշտ է, որ ամբողջ ինֆորմացիան փոխանցի: Հետաքրքիր նախաձեռնություն ունենք Գորիսում՝ «Իրական դպրոց Գորիս»-ը: Երեխաների հետ դասախոսություններ ենք անցկացնում ու ասեմ, որ անգամ ավարտական դասարանների սովորողները բացարձակ գաղափար չունեն՝ ինչ է ճարտարապետությունը, ինչ խնդիր է լուծում ճարտարապետը: Դասախոսություններով փորձում ենք լրացնել բացը:

Դուք մասնագիտական կրթությունը ստացել եք Երևանում, 2 տարի աշխատել այնտեղ, բայց որոշել եք վերադառնալ Գորիս: Ի՞նչ դրդապատճառ ունեիք:

Սկզբից էլ նման պլանավորում կար, որ Երևանում մասնագիտորեն կհմտանամ ու կվերադառնամ Գորիս աշխատելու։ Նախապապս, պապիկս, հայրս Գորիսում են ծնվել մեծացել ու էդպես մինչև 1600-ականներ բոլորը Գորսիում են ծնվել մեծացել: Ես ինչով եմ իրենցից տարբերվում, որ Գորիսում եմ ծնվել, բայց էստեղ չմեծանամ ու էստեղ էլ չմեռնեմ։

Հարցազրույցը վարեց Կարինե Սիմոնյանը։

Արտակ Խոջաբաղյանի հիմնադրած ճարտապարետական նախագծային ընկերության ՖԲ կայքին կարող եք ծանոթանալ այստեղից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել