Եզակի դեպք, երբ մարդը կալանավորված է եւ քարոզարշավն իրականացնում է իր աշխատանքը․ Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
407 Views

10 օրից Գորիսում և հարակից շրջաններում ՏԻՄ ընտրություններ են։ Գորիսում ընտրապայքարին մասնակցում են Առուշ Առուշանյանը՝ համանուն դաշինքով, ՔՊ-ն և ՀԱԿ-ը։ Ըստ էության գորիսեցին պետք է ընտրություն կատարի մի կողմից Առուշ Առուշանյանի, մյուս կողմից՝ Ազատագրված հայրենիքը թուրքին հանձնելու ջատագով ՀԱԿ-ի և դա փաստացի իրականացրած ՔՊ-ի միջև։ ՔՊ-ն հայտարարել էր, թե իրենց թեկնածուն պետք է հեղափոխության արժեքների կրողը լինի։ Ինչպես գիտեք, Գորիսում մարդիկ մեծամասամբ ճանաչում են իրար, բնակչության զգալի մասը կապված են միմյանց հետ բարեկամական, խնամիական, ընկերական և այլ հարաբերություններով։ Ուստի տարբեր թիմերում էլ մարդիկ ունեն ընկեր, բարեկամ, ծանոթ և այլն։ Չցանկանալով ներքաշվել անձնական հարաբերությունների դաշտ՝ ես ցանկություն ունեմ առավելապես անդրադարձ կատարել պրոցեսների գաղափարական և արժեքային բաղադրիչին։ Եւ այսպես․Առաջին և տրամաբանական հարցը, որն առաջացել էր՝ «հեղափոխության արժեքների կրող» արտահայտությունը լսելիս, սա էր՝ իսկ որո՞նք են այդ արժեքները․ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդեռնե՞րը, որոնց երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողն իր անձնական պաշտպանության տակ է առնում, պետական միջոցներով տրանսգենդեռների մասին ֆիլմերի նկարահանումնե՞րը, մանկապղծության քարոզը լեգալիզացնող «Լանզարոտի կոնվենցիա՞ն», Եկեղեցու, Ազգային Արժեքների, Ազգային Ընտանիքի դեմ կատաղի պայքար մղող ՔՊ-ականնե՞րը, սորոսի և այլ օտար, հակահայ ֆոնդերից սնվող գործակալնե՞րը, տարիներ շարունակ երկրի ռազմականացման դեմ փողով հոդված գրող թիմակիցնե՞րը, պատմական հայկական տարածքները՝ մեր Հայրենիքի առանձին հատվածները թուրքինը համարող, Հայկական Բաղք նահանգի առանձին շրջաններ Էյվազլի ու Չայզամի կոչող չինովնիկնե՞րը, պետական մակարդակով արդեն քանի տարի ամենալկտի ստախոսության և թրքասիրության պրոպագանդա՞ն, 6-7 հոգով ԱԺ-ում քացով մարդ ծեծե՞լը, մի օրվա մեջ վեց անգամ իրար հակասող հայտարարություններ անե՞լը, պոպուլի՞զմը, պարտվողականությո՞ւնը, թշնամուն պատասխանելու անընդունակությո՞ւնը, անսկզբունքայնությո՞ւնը, երկիրը կապիտուլյացիայի հասցնելն ու պետականության փաստացի կորո՞ւստը, «դուխով» գլխարկ դնելն ու հայտարարելը, թե Սև լճի 30%-ի համար հո կռի՞վ չենք տա, թշնամուն Հայաստանի տարածքը լքելու համար 1 օր ժամանակ տալը, բայց 5 ամիս շարունակ նրա ներկայությունը Հայաստանի տարածքում հանդուրժե՞լը, Արցախը Հայաստան է և վերջ հայտարարելը, բայց այն թշնամուն հանձնելն ու հետպատերազմական շրջանում գեթ մեկ անգամ Արցախ չգնա՞լը, Շուշիում շքեղ հարսանիք անելը, իսկ հետո Շուշին ստորագրությամբ թուրքին հանձնե՞լը և այն դժբախտ ու դժգույն քաղաք հայտարարե՞լը, մեր եղբայրների, ազգակիցների արյամբ ազատագրված Քարվաճառն ու Քաշաթաղը գրչի մի խզբզոցով թշնամուն հանձնե՞լը, գլխատված և խոշտանգված գերիների փաստերն ունենալով, դրանք հորինված ու երևակայության արդյունք համարե՞լը, Որոտան-Կապան ճանապարհն անվտանգ հայտարարելը, բայց քաղաքացիների անվտանգ երթևեկությունն այդ ճանապարհով ապահովելու անընդունակությու՞նը, Հայաստանի սուվերենության և անկախության մասին խրոխտ ելույթներ ունենալը, բայց երկիրը պաշտպանելու անունդունակությու՞նը և այդ պաշտպանությունը երրորդ երկրներին հանձնե՞լը, ողջ կյանքում օլիգարխներին քննադատելը, իսկ հետո՝ Աննայի ֆոնդերին մուծվելուց հետո, նրանց քո թիմ ընդունե՞լը, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանե՞լը, պառակտե՞լը, թշնամանք հրահրե՞լը, հայտարարելը, թե Հայաստանն Իրանի դեմ ոչ մի թաքուն ու վտանգավոր քայլ չի անի, և անմիջապես՝ Իրանի կողմից թշնամի Ադրբեջանի համար իր օդային սահմանը փակելու հաջորդ օրը, Հայաստանի տարածքով Ադրբեջանին օդուղի տրամադրե՞լը, պետությունը փաստացի ծաղրի առարկա և անվստահելի, անլուրջ օբյեկտի վերածե՞լը, մեր ազգը ցեղասպանելու փորձ արած Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ չոքելը և գաղտագողի, թաքուն, երրորդ երկրի միջոցով նրա հետ հանդիպում աղերսե՞լը, փողը ազգային արժանապատվությունից ավելի բարձր համարող, և հանուն փողի թշնամու հետ բարեկամանալու պատրաստ լինե՞լը, այդ բարեկամությունը թշնամուցդ աղերսե՞լը, երկիրը ժողովրդավարության բաստիոն հայտարարելը, իսկ հետո ընդդիմախոսներիդ տարատեսակ շինծու և հորինված գործերով հետապնդե՞լը․․․ ո՞րը, ո՞ր մեկն ասեմ․․․ էս շարքը կարելի է երկար թվել, և ցավոք, բերված բազմաթիվ օրինակները միայն ու միայն բացասական հենքով են․․․

Ես շատ եմ ցանկանում, որ հատկապես ՔՊ ցուցակով առաջադրվող իմ ծանոթ-մտերիմները մտածեն այս ամենի շուրջ։ Լրջությամբ և խորությամբ մտածեն։ Արդյո՞ք, այսրոպեական ինչ-ինչ շահերն ու կարիերայի ժամանակավոր հեռանկարն ավելին արժեն, քան սեփական արժանապատվությունը, այն բարի անունն ու համբավը, որը պետք է զոհաբերվեն հանուն այդ կարճաժամկետ և թվացյալ հաջողության։ Չէ՞ որ մենք դեռ շարունակելու ենք ապրել նույն քաղաքում (հուսա՛մ, հուսամ, որ չեք լքի ապագայում), շարունակելու ենք իրար աչքերի մեջ նայել, շփվել, բարևել, աշխատել․․․ բայց վերը շարադրված այդ բոլոր կետերի դրոշակակիրը դառնալու վաստակած պիտակն ու անունը հետայսու լինելու են ձեզ բնութագրող ու նկարագրող, ձեզ ողջ կյանքում ուղեկցող բաղադրիչներ։ Արժե՞ր արդյոք այդ հայատյաց քաղաքականության կրողի պիտակը վերցնել։ Կշեռքի մի նժարին ձե՛զ դրեք, մյուսին՝ այս ամենը, արդյո՞ք ձեր անձը ավելի թեթև է, որ նման ընտրություն եք կատարել։ Ինչևէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ (հուսամ, որ ազատ է և կաշկանդված չէ պաշտոնով կամ այլ բանով)։ Աստված մարդուն ստեղծելուց ամենակարևոր բաներից մեկը, որը տվել է՝ ազատ ընտրության հնարավորությունն է, բայց երբե՛ք, երբե՜ք չմոռանաք, որ յուրաքանչյուրը նաև պատասխանատվությո՛ւն է կրում իր կատարած ընտրության համար և ապագայում էլ հատուցվում է ըստ այդ ընտրության։ Հարց տվեք ինքներդ ձեզ, արդյո՞ք հաշտ եք այն մտքին, որ ձեր նախընտրած թիմը, իրեն արդարության և ժողովրդավարության մարմնացում հայտարարելով, կալանքի տակ է պահում գործող համայնքապետին՝ սեփական քաղաքացիներին օգնելու համար, դա որակելով իբրև թե նախընտրական շրջանում կատարված կաշառք և հանցագործություն, և դա այն դեպքում, երբ ձեր թիմը ի՛նքն է հենց այս շրջանում նույն բանն անում՝ սոցիալական աջակցության մասին հայտարարություններ (դեռ միայն հայտարարություններ) անելով։ Արդյո՞ք բարոյական եք համարում այդ ամենը։ Երբ ինքներդ ձեր հետ առանձին եք մնում և վեր եք լուծում այս ամենը, արդյո՞ք հանգիստ խղճով եք գլուխներդ դնում բարձին։ Չէ՞ որ մենք նույն քաղաքի բնակիչներ ենք, նույն տան բնակիչներ ենք, և բոլորը բոլորին շատ լավ գիտեն։ Շատ լավ գիտեն, թե ով ով է, թե ով ինչ է արել գործնականում։ Այստեղ անհնար է ստելը, իսկ ստախոսը զբաղված է զուտ ինքնախաբեությամբ և ինքնամոլորությամբ։ Հարցրեք ինքներդ ձեզ, նորից հարցրեք՝ արդյո՞ք բարոյական եք համարում այդ ամենը, արդյո՞ք հաշտ եք ձեր խղճի հետ․․․

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, նույնիսկ իմաստ չեմ գտնում առանձին անդրադարձ կատարել հայատյացության և մեր Հայրենիքը թուրքին հանձնելու երեսունամյա քարոզը գլխավորող, Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա համարող, երկրի կործանման, արդյունաբերության և տնտեսության քայքայման, կոռուպցիայի, թալանի և հովանավորչության կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղափարախոսական նույն դաշտում հայտնված անձանց։ Դուք էլ եք ազատ ձեր ընտրության հարցում (հուսամ, իսկապես ազատ եք) և դուք էլ եք բոլորի պես ձեր ընտրության պիտակն ու պատասխանատվությունը կրելու ապագայում․․․

Ես իմ ընտրությունը կատարել եմ։ Ես ընտրել եմ իրական հեղափոխական արժեքները, այն արժեքները, որոնք հիմքն էին 2017 թվականի համայնքապետի ընտրություններին՝ միասնականությունը, համախմբվածությունը, Ազգային մտածելակերպը, Հայկական Արժեքները, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայկական Ընտանիքը, Ամուր և Հզոր բանակը, Երկիրն աշխատանքո՛վ սիրելը, կառուցելը, նվիրումդ՝ գործերով, այլ ոչ թե խոսքերով ապացուցելը․․․ Հայաստանի պատմության մեջ, սա թերևս այն եզակի ընտրություններից մեկը կլինի, երբ մարդը ֆիզիկապես ներկա չէ ընտրարշավին, քանի որ հանիրավի զրկված է ազատությունից՝ շինծու գործերով, բայց իր փոխարեն քարոզարշավ են անում իր կատարած գործերը․․․ Բացառապես իր աշխատանքը․․․ Այ սա՛ է իսկական գնահատականը, այ սա է իսկական հեղափոխությունը, իրական արժեքը, ձեռքբերումը։ Երբ մա՜րդը չի խոսում, այլ իր աշխատա՛նքը․․․ Սա՛ եմ ես համարում իրական հեղափոխական արժեքը, երբ մարդն, ի տարբերություն ոմանց, ունի կարմիր գծեր, երբ մարդը կարող է համագործակցել ի բարօրություն սեփական երկրի, բայց երբեք չի լռի՝ երբ ոտնահարվում են իր բնակիչների, իրեն վստահած, իրեն ընտրած քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը։ Երբ մարդը պատրաստ է նույնիսկ զրկվել ազատությունից, բայց երբեք չմեղանչել, սեփական խղճի, ճշմարտության և արդարության դեմ, երբ մարդն իսկապես կռիվ է տալիս սեփական ժողովրդի, իրեն ընտրողների իրավունքների, արժանապատվության և անվտանգության համար․․․ Ընտրությունը ձերն է, սիրելի համաքաղաքացիներ։ Բայց հիշեք, որ յուրաքանչյուր ոք պատասխան է տալիս իր ընտրության համար։ Եւ այդ ընտրությունը անդրադառնում է նաև ձեր սերունդների և ապագայի վրա՝ անկախ նրանից, թե ապագայում որտեղ կլինեք․․․ Ես ընտրում եմ Առուշ Առուշանյանին, որովհետև ես տեսել եմ իր աշխատանքը, ես տեսել եմ իր պատրաստակամությունը, նվիրումը, ես տեսել եմ, թե ինչպես է նա ընդունում քննադատությունը, ես տեսել եմ նրա մարդկային որակները, ես ընտրում եմ մե՛ր Առուշին, քանի որ չեմ ցանկանում, որպեսզի երկիրս և ժողովուրդս վեր ածվի թուրքի առաջ չոքած, անատամ, անսկզբունք, անարժեք չգոյության․․․ Հարգանքներով,Զաքար Խոջաբաղյան07․10․2021թ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել