«Իրական դպրոց՝ գործ ու փորձ»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
391 Views

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016թ-ին: Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր: Գորիսի մասնաճյուղը բացվել է 2019թ.:

Գորիսում գործող միջին մասնագիտական կրթական այս հաստատության գործունեությանը և ապագա ծրագրերին ծանոթանալու նպատակով հարցազրույց ենք անցկացրել «Իրական դպրոցի» Գորիսի մասնաճյուղի համակարգող, դասընթացավար Հայկ Հակոբյանի հետ:

– Իրական դպրոցն ունի Հայաստանի ուսումնական այլ հաստատություններից բավականին տարբերվող ծրագիր և մոտեցումներ: Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչն եք կարևորում, ի՞նչ հիմնական հատկանիշներով է Իրական դպրոցը տարբերվում միջին մասնագիտական կրթական այլ հաստատություններից:

– Իրական դպրոցում առաջնահերթ կարևորություն ենք տալիս էմպիրիկ՝ փորձառական ուսուցմանը, որը նշանակում է, որ կրթությունը մեզ մոտ նախագծահեն է: Պարզապես դասագրքային գիտելիքներից, անգիրներից այն տարբերվում է նրանով, որ ստացած գիտելիքը ամրապնդվում է փորձով, իրական նախագծի վրա աշխատանքով, ինչը հնարավորություն է տալիս գիտելիքը վերածել մնայուն արժեքի:

Բացի այդ, մենք կարևորում ենք բազմակողմանի զարգացումը, ուսանողի՝ որպես անհատի կայացումը, ազգային մշակույթին հաղորդակից լինելը, ռազմական գիտելիքները, ֆիզիկական պատրաստականությունը, քաղաքացիական գիտակցությունը: Նմանատիպ անհատները հասարակության շարժիչ ուժն են, դրական փոփոխություններ նախաձեռնող կամ դրանց կայացմանն աջակցող կերպարներ են: 

Առաջին կուրսում ուսումնառությունը կազմակերպվում է Ազատ արվեստների ծրագրով: Հանրակրթական բաղադրիչը փակվում է ուղղահայաց առարկաների միջոցով, որոնք են՝ գյուղատնտեսություն, զինագործություն, ճարտասանություն, ճարտարագիտություն, առողջաբանություն, վայելչագրություն, տոմարագիտություն: Երկրորդ տարվանից սկսած, կախված իրենց դրսևորած արդյունքներից և ընկերությունների պահանջարկից, ուսանողները իրականացնում են ուսնակություն գործող ընկերություններում, որտեղ ձեռք են բերում կիրառելի գիտելիքներ և աշխատանքային փորձ: Դպրոցի կարգախոսն էլ արտահայտում է նրա էությունը՝ «Իրական դպրոց՝ գործ ու փորձ»:

– Ի՞նչ որակավորում են ստանում ուսանողները դպրոցն ավարտելիս:

– Դպրոցն ավարտելիս ուսանողները ստանում են համակարգաբանի որակավորում տնտեսական, քաղիրավական կամ կրթամշակութային ոլորտում: Որակավորման ոլորտը կախված է ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքների բնույթից և ուսնակության ընթացքում իրենց կատարած աշխատանքներից, փորձից:

Տրվում է պետական նմուշի ավարտական վկայական:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ եթե աշակերտը ցանկանում է պարզապես ծրագրավորող դառնալ, ապա Իրական դպրոցը իր համար չէ: Մեզ մոտ համակարգային մոտեցում է գործում, և պարզապես որևէ ծրագրի գիտակ պատրաստելը մեր գործառույթը չէ:

– Գորիսում Իրական դպրոցն իր գործունեությունը սկսել է 2019թ-ից: Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել դպրոցը մինչ օրս, և ի՞նչ ապագա ծրագրեր կան:

– Ուզում եմ նշել, որ Իրական դպրոցի մասնաճյուղի բացման ջատագովը ՕգմենթԱր ընկերության տնօրեն Արտուր Խոջաբաղյանն է, ով էլ ստանձնել էր դպրոցի ֆինանսավորման հարցը: Դպրոցի ստեղծման գաղափարն այնպիսին է, որ որոշակի ժամանակ անց դպրոցը լրիվ ինքնաֆինանսավորման պետք է անցնի իրականացվող պատվերների հաշվին:

Թեև բավականին բարդ ժամանակներ ապրեցինք դպրոցի կայացման գործընթացին զուգահեռ՝ համավարակ, պատերազմ, այնուամենայնիվ ձեռքբերումները քիչ չեն: Բացի այն, որ ուսանողները հմտացել են մի շարք ծրագրավորման լեզուներում, անօդաչու թռչող սարքերի կառավարման փորձ ձեռք բերել, ուսումնասիրել ռոբոտաշինություն, համակողմանի գիտելիքներ են ձեռք բերել ամենատարբեր ոլորտներից, մասնակցել տարաբնույթ դասախոսությունների և դասընթացների, ճանաչողական քայլարշավներ, ծառատունկեր իրականացրել, ունենք համագործակցության մի քանի ծրագրեր: Առաջիկայում պատրաստ կլինի մեր կավագործության արհեստանոցը. անհրաժեշտ սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել: Կա դպրոցի տարածքում ջերմոց կառուցելու նախագիծ, ինչպես նաև խոտաբույսերով թեյերի հավաքման և վաճառքի ծրագիր: Բացի այդ՝ մեր ուսանողներն ունեն սեփական բիզնես նախագծեր, որոնց հնարավորինս աջակցում ենք:

– Ո՞վ կարող է ընդունվել Իրական դպրոց, կա՞ արդյոք ուսման վարձ: Դպրոցում շատ ուսանողներ մինչև կրթությունն ավարտելը դառնում են վարձատրվող աշխատողներ, ինչպե՞ս է դա տեղի ունենում:

– Իրական դպրոցում ուսումնառությունն ուսանողի համար անվճար է, սակայն բավականին մեծ ռեսուրսներ է դպրոցը ծախսում յուրաքանչյուր ուսանողի հաշվով:

Դպրոց կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները:

Ինչպես արդեն նշեցի, երկրորդ կուրսից շատ ուսանողներ անցնում են ուսնակության գործող ընկերություններում: Իրենց համար ստեղծվում է հնարավորություն՝ ստանալու գիտելիքներ, լավ ինքնադրսևորվելու, ցուցաբերելու պատասխանատվություն, մշտապես ինքնազարգանալու ձգտում և այլ հատկանիշներ, որոնք ընկերության ղեկավար կազմին համոզիչ կերպով կփաստեն տվյալ ուսնակին աշխատանքային պայմանագիր առաջարկելու նպատակահարմարությունը: Եվ ըստ աշխատանքային օրենսգրքի նախատեսվող ծանրաբեռնվածության՝ նրանցից շատերը դառնում են ընկերության աշխատակից ուսանողության տարիներին:

– Ինչպե՞ս է տեղի ունենում ընդունելության գործընթացը:

– Սովորաբար մարտ ամսից բաց է լինում ընդունելությունը: Դիմորդները գրանցվում են՝ տրամադրելով իրենց անձնական տվյալները, որից հետո խումբ առ խումբ կազմակերպվում է բաց դաս-հանդիպում, որի ժամանակ ներկայացվում է ուսումնական ծրագիրը, տրվում բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե բաց դասից հետո դիմորդը հաստատում է իր ցանկությունը ուսանելու Իրական դպրոցում, նա հրավիրվում է հարցազրույցի, որից հետո էլ սկսվում է առաջադրանքների փուլը: Յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու համար տրվում է որոշակի ժամանակ: Սովորաբար 4-5 առաջադրանքից հետո վերջնական պարզ է դառնում, թե դիմորդը ընդունվել է, թե ոչ: Նույնիսկ ընդունվելուց հետո դիմորդները կարող են դեռ առաջադրանքներ ստանալ, ինչը 0 կուրսի նման նախապատրաստական փուլ է հանդիսանում դպրոցում ուսումնառության համար:

– Ինչպես հասկանում եմ, Իրական դպրոցում ուսանելուց հետո նույնիսկ անհրաժեշտություն չի լինի բուհ ընդունվելու. մի բան, որը, չգիտես ինչու, դեռ շատ մարդկանց մոտ որպես կարծրատիպ ամուր նստած է:

– Իրական դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտն ունենում է այն, ինչ շատ բուհերի շրջանավարտներ չեն ունենում՝ կիրառական գիտելիքներ և աշխատանքային փորձ, շատ հաճախ՝ բավականին լավ վարձատրվող աշխատանքի առաջարկ: 

Եթե շրջանավարտը ցանկանում է ստանալ ակադեմիական գիտելիքներ, գիտական աստիճան և կոչում, իհարկե, նա կարող է իր կրթությունը շարունակել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

– Ի՞նչ խնդիրներ կան ծառացած Գորիսի մասնաճյուղի առջև:

– Կախված ընդունվողների քանակից՝ Իրական դպրոցի ներկայիս տարածքը թերևս կբավարարի մեկ տարի ևս, դրանից հետո անհրաժեշտություն կլինի նոր, ավելի ընդարձակ տարածքի ուսումնառության գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: Բացի այդ՝ երկարաժամկետ ֆինանսավորման հարցը ևս դեռ լուծված չէ, այն մինչ վերջերս իրականացվել է Արտուր Խոջաբաղյանի միջոցներով, իսկ այժմ՝ առաջիկա մի քանի ամսվա համար ունենք աջակիցներ: 

Լիահույս ենք, որ ի վերջո Գորիսում կունենանք մինիտեխնոպարկ, որի տարածքում էլ կգործի Իրական դպրոցը, ինչպես և նախատեսված է, և ուսանողները հնարավորության կունենան ավելի տարաբնույթ և մեծաքանակ պատվերների վրա աշխատել:

– Շնորհակալ եմ մանրամասն տեղեկությունների համար: Հաջողություն ենք մաղթում Իրական դպրոցին և հատկապես Գորիսի մասնաճյուղին:

– Շնորհակալ եմ լուսաբանման համար:

Հարցազրույցը վարեց Տաթև Տոնոյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել