Գորիսում մեկնարկում է «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման» խոշոր ծրագիրը
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցին, Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի (SYUNIK DMO) հիմնադիր անդամներ` ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախապատրաստական աշխատանքներին և առաջիկայում ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեությանը: Ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, իսկ իրականացումն ապահովում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Գորիս, Գյումրի, Դիլիջան, Դվին կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։
Քննարկումից հետո հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել դեպի Գորիսի դիտակետ և «Հին Գորիս» պատմամշակութային տարածք: Տեղում խոսվել է համայնքի զբոսաշրջային մեծ պոտենցիալի, առկա խոչընդոտների ու դրանց հնարավոր լուծումների, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Զբոսաշրջության կոմիտեի ակնկալիքների և Գորիսի ակտիվ մասնակցության մասին:
Այս ռազմավարական ծրագրի իրականացումը էականորեն կփոխի համայնքի զբոսաշրջային դիմագիծը: Ենթակառուցվածքների բարելավման շնորհիվ Գորիսը կդառնա ավելի հարմարավետ, հասանելի և գրավիչ թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջիկների համար:
Պատմամշակութային վայրերի արդիականացումն ու նոր լուծումները նոր խթան կհանդիսանան տեղական բիզնեսի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ու Գորիսի՝ որպես տարածաշրջանային առաջատար զբոսաշրջային կենտրոնի դիրքերի ամրապնդման համար